Սինդհի գրականություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Սինդհի գրականություն, Ինդոս գետի ստորին ավազանի Սինդհ մարզում ապրող սինդհի ժողովրդի գրականությունը։ Սինդհի գրականության հնագույն հուշարձանը սինդհյան «Մահաբհարաթան» է (9-10-րդ դդ․)։ Սինդհի գրականության հիմքում ընկած է հարուստ բանահյուսություն։ Պահպանվել են առաջին բանաստեղծների չափածո գործերի հատվածներ, որոնք վերաբերում են 14-րդ դարին, բայց բանաստեղծական անընդմեջ ավանդույթն սկսվել է Կազի Կազանի (մահ․ 1551 թ.) և Շահ Աբդուլա Քարիմ Բուլարիի (1528-1623 թթ.) սուֆիական բանաստեղծությունների
Դասական շրջանի խոշորագույն բանաստեղծը Շահ Աբդուլ Լաթիֆ Բհիթաին է (1689 կամ 1690-1752 թթ.), որի հետևորդներն են հանրաճանաչ երգերի հեղինակ, քնարերգու Սաչալ Սարմաստը (1739-1826 թթ.) և Սամին (1743-1850 թթ.), որն իր ստեղծագործության մեջ համադրել է սանսկրիտ ու պարսկերեն պոետիկան։ Նրանք սինդհական պոեզիայի մեջ մտցրել են դոհա, վաի, շլոկա, սուր, կաֆի ժանրերը։ Պարսկերեն պոեզիայի ազդեցությունն ուժեղացել է 19-րդ դարում։ Սաբիթ Ալի շահը (1740-1810 թթ.) առաջին անգամ քասիդ է ստեղծել սինդհերեն, իսկ Խալիֆա Դուլ Մուհամմադը (1809-1856 թթ.) հրատարակել է գազելների առաջին դիվանը։ Բանաստեղծներ Բեդիլը (1814-1873 թթ.), Դալապատը (մահ․ 1841 թ.), Բեքասը (1858-1881 թթ.) և ուրիշներ օգտագործել են ազգային ավանդույթներից հեռու պատկերներ, որոնք բնորոշ են մերձավորարևելյան սուֆիական պոեզիային (վարդ ու սոխակ, մոմ ու թիթեռ, գինի ու մատռվակ)։ 19-րդ դարի վերջերին Սինդհի գրականության մեջ առաջացել է լուսավորական ուղղություն, որը գլխավորել է Միրզա Կալիչ Բեգը (1853-1929 թթ.)։
Երևան են եկել արձակն ու դրաման, որոնց թեման եղել է ազգային-ագատագրական պայքարը և ժողովրդի սոցիալական ազատագրումը։ Մինդհի արձակը սկզբնավորել են Միրզա Կալիչ Բեգը, Կաուդոմալ Չանդանմալը, Դայարամ Դիդումալը (1857-1927 թթ.), Դ․ Պարասարամը (մահ․ 1948 թ.), Բհերումալ Մեհերչանդը (մահ․ 1950 թ.) և Լ․ Ամարդինոմալը (մահ․ 1954 թ.)։ Հնդկաստանը 1947 թ.-ին երկու մասի բաժանվելուց հետո Սինդհի գրականությունը զարգանում է Հնդկաստանում և Պակիստանում։ Հրատարակվում են «Նայուն Կահանիուն» (Հնդկաստան), «Մեհրան» (Պակիստան) և այլ գրական հանդեսներ։ Մինդհերեն են թարգմանվում համաշխարհային գրականության ստեղծագործություններ։ Ամրապնդվում են ռեալիստական ավանդույթները։ Կան առաջադեմ գրողների կազմակերպություններ։ Առավել հայտնի ժամանակակից բանաստեղծներն են Նարայան Շյամը, Անչալը, Ռահին, Դարադհան Մահբուբին (Հնդկաստան), Շեյհ Այազը (ծն․ 1923 թ.), Մուհամմադ Բախշ Վասիֆը, Աբդուր Ռազզակ Ռազը և ուրիշներ (Պակիստան), արձակագիրները՝ Ռամ Փանջանին, Դոբինդ Մալհին, Ութամը (Հընդկաստան), Ամար Զալիլը, Թանվիր Աբբասին, Զամալ Աբրոն, Անջամ Հալաին (Պակիստան)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |