1839 թվականին ավարտել է Օքսֆորդի համալսարանը։ Լինելով Թ․ Կարչերի հետևորդը՝ Ջոն Ռասկինը իր աշխատություններում («Ժամանակակից գեղանկարիչներ», 5 հ․, 1843-1860, «Ճարտարապետության յոթ ջահերը», 1849, «Վենետիկի քարերը», 3 հ․, 1851-1853, «Արվեստի քաղաքատնտեսություն», 1857) զարգացրել է Ա․ Շաֆտսբերիի գեղեցիկի և բարու միասնության ըմբռնումը, հանդես եկել բնության, գեղեցիկի և բարձր բարոյականության սինթեզ արվեստին թշնամաբար տրամադրված կապիտալիստական քաղաքակրթության ռոմանտիկական քննադատությամբ՝ կոչ անելով վերածնել միջնադարյան ձեռքի աշխատանքը, գեղարվեստական ստեղծագործության կոլեկտիվ ձևերը։ Ջոն Ռասկինի հայացքները շատ բանով պայմանավորել են պրեռաֆայելիտների գեղագիտության հակաբուրժուազիական տարրերը (գրել է «Պրեռաֆայելիտիզմ, գիրքը, 1851)։ Դիմելով անգլիական պրոլետարիատին («Նամակներ Մեծ Բրիտանիայի բանվորներին և աշխատավորներին», 1871-1886)՝ Ջոն Ռասկինը մեծ համբավ է ձեռքբերել նրանց շրջանում, դասավանդել առաջին Բանվորական քոլեջում։ Ուշ, շրջանում գրել է ավելի պարզ, հասարակ ժողովրդին մատչելի լեզվով («Անցյալ» անավարա հուշագրությունները, 1886-1900)։ Մոտ լինելով Ու․ Մոռիսին Ջոն Ռասկինը մասնակցել է նրա գեղարվեստա-արդյունաբերական արհեստանոցների կազմակերպմանը։ Հայտնի է նաև որպես նկարիչ (գծանկարներ և ջրաներկ գործեր)։ Ջոն Ռասկինի հայացքները, չնայած իրենց հակասական, ուտոպիստական բնույթին, ազդել են 19-րդ դարի 2-րդ կեսի եվրոպական մշակույթի զարգացման վրա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։