Պտղոմեոս XII Աուլետես
Պտղոմեոս XII Նեոս Դիոնիսոս Πτολεμαῖος Νέος Διόνυσος | |||
Պտղոմեոս XII-ի դիմաքանդակը, որը պահվում է Փարիզի Լուվրի թանգարանում՝ հունական, էտրուսկյան և հռոմեական անտիկ իրերի ցուցասրահում։ | |||
| |||
---|---|---|---|
Մասնագիտություն՝ | գերիշխան | ||
Ազգություն | հույն | ||
Դավանանք | եգիպտական բազմաստվածություն | ||
Ծննդյան օր | մ. թ. ա. 117 | ||
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս | ||
Վախճանի օր | մ. թ. ա. 51 | ||
Վախճանի վայր | Ալեքսանդրիա | ||
Դինաստիա | Պտղոմեոսներ | ||
Հայր | Պտղոմեոս IX | ||
Մայր | Կլեոպատրա IV | ||
Ամուսին | Կլեոպատրա V | ||
Զավակներ | Cleopatra Tryphaena?, Berenice IV of Egypt?, Կլեոպատրա, Arsinoe IV of Egypt?, Պտղոմեոս XIII Թեոս Ֆիլոպատոր և Պտղոմեոս XIV | ||
Պտղոմեոս XII[Ն 1], ամբողջական անվանումը՝ Պտղոմեոս Նեոս Դիոնիսոս Ֆիլոպատոր Ֆիլադելֆոս (հին հունարեն՝ Πτολεμαῖος Νέος Διόνυσος, թարգմանաբար՝ «Նոր Դիոնիսոս, հորը սիրող, եղբայրներին և քույրերին սիրող», մ. թ. ա. 117 - մ. թ. ա. 51, Ալեքսանդրիա), Եգիպտոսի փարավոն Պտղոմեոսների արքայատոհմից, որը ընդմիջումներով կառավարել է մ․թ․ա․ 80-ից մ․թ․ա․ 58, ապա՝ մ․թ․ա․ 55-ից մինչև մ․թ․ա․ 51 թվականներին։ Փարավոնը ավանդաբար ստացել է «Աուլետես» (հին հունարենից թարգմանաբար՝ «ֆլեյտահար») մականունը, քանի որ հայտնի էր Դիոնիսոս աստծոն նվիրված փառատոների ժամանակ ֆլեյտա և փողային երաժշտական գործիքներ նվագելու սովորությամբ։ Պտղոմեոս XII-ը Պտղոմեոս IX-ի ապօրինածին որդին էր։ Նրա տատը՝ Կլեոպատրա III-ը, մ․թ․ա․ 103 թվականին իր թոռներին՝ այդ թվում նաև Պտղոմեոսին, ուղարկում է Եգեյան Կոս կղզի, որտեղ էլ վերջինս անցկացնում է իր կյանքի առաջին պարբերափուլը։ Սա նշանակում է, որ Պտղոմեոսն իր կյանքի մեծ մասն անցկացրել է Եգիպտոսի սահմաններից դուրս՝ խորթ մնալով ավանդական եգիպտական արժեքներին։
Պտղոմեոս XI-ի սպանությունից հետո՝ մ․թ․ա․ 80 թվականին, Պտղոմեոս XII-ը ետ է կանչվում Միհրդատյան Պոնտոսի թագավորությունից և հռչակվում Վերին և Ստորին Եգիպտոսների փարավոն։ Թագադրումից շատ չանցած նա ամուսնանում է քրոջ՝ Կլեոպատրա V-ի հետ։ Հայտնի է, որ նրանք ունեցել են առնվազն մեկ դուստր՝ Բերենիկե IV-ը։ Միևնույն ժամանակ չի բացառվում, որ Կլեոպատրա V-ը կարող էր լինել նաև Կլեոպատրա VII-ի մայրը։ Թեև ուշ շրջանի Պտղոմեոսյան թագավորները աչքի չէին ընկնում իրենց հզորությամբ և որպես կանոն հանդես էին գալիս որպես կամակատար տիրակալներ, այնուամենայնիվ Պտղոմեոս XII Աուլետեսին հաջողվում է իր առաջին պաշտոնավարման ավարտին բարեկամական դաշինք կնքել Հռոմեական հանրապետության հետ։ Չնայած այս ամենին՝ Պտղոմեոս XII-ը մ․թ․ա․ 58 թվականին գահընկեց է արվում եգիպտացիների կողմից և քաղաքական ապաստան գտնում Հռոմում։
Օգտվելով հանրապետության հետ ունեցած արտոնյալ հարաբերություններից՝ Պտղոմեոսը կարողանում է հռոմեական ֆինանսական և ռազմական զորակցությամբ, մինչպես նաև Մեծ Հայքի թագավոր Տիգրան Մեծի զորակցությամբ վերանվաճել Եգիպտոսի գահը՝ մ․թ․ա․ 52 թվականին մահապատժի ենթարկելով իշխանությանը տիրացած դստերը՝ Բերենիկե IV-ին։ Վերահաստատվելով եգիպտական գահին՝ Պտղոմեոս XII-ը իր դուստր Կլեոպատրային ճանաչում է իր օրինական գահակից և իրավահաջորդ։ Մ․թ․ա․ 51 թվականին փարավոնը կնքում է իր մահկանացում՝ թագավորական իշխանությունը կտակելով իր երկու երեխաներին՝ Կլեոպատրային և մանկահասակ Պտղոմեոս XIII Թեոս Ֆիլոպատորին։ Հետագայում նրա երեխաներից Արսինոյա IV-ը և Պտղոմեոս XIV-ը ևս դառնում են հելլենիստական Եգիպտոսի կառավարիչներ։
Նախապատմություն և վաղ տարիների կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պտղոմեոս XII Աուլետեսը Պտղոմեոս IX Սոտերի ավագ որդին էր։ Նրա մոր ինքնությունն անորոշ է։ Հայտնի է, որ Պտղոմեոս IX-ն ամուսնացել է երկու անգամ, առաջին դեպքում մ․թ․ա․ 119 թվականին՝ քրոջ՝ Կլեոպատրա IV-ի, ապա՝ մ․թ․ա․ 115 թվականին ամուսնալուծվելուց հետո, Կլեոպատրա Սելենեի հետ։ Այնուամենայնիվ, հռոմեացի հռետոր Ցիցերոնը և անտիկ շրջանի մի շարք այլ պատմագիտական աղբյուրներ հավաստում են, որ Պտղոմեոս XII-ը եղել է ապօրինածին որդի։ Պոմպեոս Տրոգոսը վերջինիս անվանել է «նոթոս» (բաստարդ), մինչդեռ հույն աշխարհագրագետ Պավսանիասը ընդգծել է, որ Պտղոմեոս IX-ը ընդհանրապես չի ունեցել օրինական որդիներ։ Որոշ գիտնականներ ենթադրում են, որ վերջինիս մայրը եղել է հեթանոս, ալեքսանդրիացի հույն, ամենայն հավանականությամբ նաև եգիպտական վերնախավի անդամ։
Պտղոմեոս XII-ի ծննդյան ամսաթիվը արդի գիտության համար անհայտ է։ Վերջինիս՝ Կլեոպատրա IV-ի որդին լինելու պարագայում, այն կարող է տատանվել մ․թ․ա․ 117 թվականի շրջակայքում։ Մ․թ․ա․ 117 թվականին Պտղոմեոս IX-ը հանդես էր գալիս Կիպրոս կղզու կառավարչի պաշտոնում, սակայն իրադարձությունների հետագա զարգացումը, մասնավորապես՝ մ․թ․ա․ 116 թվականին Պտղոմեոս VIII-ի մահը, ստիպում է ապագա փարավոնին վերադառնալ Ալեքսանդրիա՝ դառնալով իր տատ Կլեոպատրա II-ի և մոր՝ Կլեոպատրա III-ի խնամակալը։ Կլեոպատրա II-ը մահանում է մ․թ․ա․ 115 թվականին և կարճ ժամանակ անց Կլեոպատրա III-ը Պտղոմեոս IX-ին ստիպում է, որպեսզի վերջինս իր քույր Կլեոպատրա IV-ին կնության տա Սելևկյանների տիրակալության կառավարիչ Անտիոքոս IX Կիզիկենոսին։ Այնուամենայնիվ, մ․թ․ա․ 114 թվականին Անտիոքոսը սպանվում է։ Քրոջից ամուսնալուծվելուց հետո՝ Պտղոմեոս IX-ը ամուսնանում է Կլեոպատրա Սելենեի հետ։ Վերջիններիս ամուսնական կապերի արդյունքում ծնվում է Բերենիկե III-ը։ Մ․թ․ա․ 109 թվականին Պտղոմեոս IX-ը սկսում է Պտղոմեոս XII-ին հանրային կյանքին ներկայացնելու գործընթացը։ Այդ տարում Պտղոմեոս XII-ը ծառայում էր որպես քրմապետ և հայտնիություն ձեռք բերելու նպատակով վերջինիս պատիվ Կիրենեում (Հյուսիսային Աֆրիկայում՝ ներկայիս Լիբիայի տարածքում) կազմակերպվում է փառատոն։ Այսօրինակ զարգացումների ֆոնին վատթարանում են Պտղոմեոս IX-ի և վերջինիս մոր հարաբերությունները։ Մ․թ․ա․ 107 թվականին Պտղոմեոսը սպառնալիքներից զերծ մնալու համար փախչում է Կիպրոս, իսկ նրա իշխանական լիազորություններն անցնում են իր իսկ կրտսեր եղբորը՝ Պտղոմեոս X Ալեքսանդրոսին։ Մարկոս Յուստինոսի հավաստմամբ՝ այնուամենայնիվ, Պտղոմեոս IX-ի որդիները չեն լքում Ալեքսանդրիան և մնում են հայրենիքում։
Պտղոմեոս IX-ը մ․թ․ա․ 103 թվականին փորձում է վերականգնել եգիպտական գահը՝ ներխուժելով Հրեաստան (Հուդայի թագավորություն)։ Պատերազմի սկզբնամասում Կլեոպատրա III-ն անվտանգության նկատառումներից ելնելով իր թոռներին ուղարկում է Հունաստանի Կոս կղզի։ Միհրդատյան առաջին պատերազմի շրջանակներում Պտղոմեոս XII-ի և Պտղոմեոս Կիպրացու տերությունները նվաճվում են Պոնտոսի թագավորության կողմից։ Զարմանալիորեն, միևնույն ժամանակ նրանց հայրը վերականգնում է իր իշխանությունը Եգիպտոսում։ Վերջիններս Միհրդատի արքունիքում պատանդի կարգավիճակով պահվում են մինչև մ․թ․ա․ 80 թվականը։ Այդ ընթացքում Պտղոմեոսյան արքայազնները ամուսնանում են Միհրդատի երկու դստրերի՝ Միթրիդատիսի և Նիսսայի հետ։ Պտղոմեոս IX-ը մահանում է մ․թ․ա․ 81 թվականին, սակայն նրան հաջորդում է Բերենիկե III-ը։ Մ․թ․ա․ 80 թվականին Բերենիկեն իր գահակից է նշանակում Պտղոմեոս X-ի որդուն՝ Պտղոմեոս XI Ալեքսանդրոս II-ին։ Ամուսնությունից շատ չանցած Պտղոմեոս X-ը սպանում է իր կնոջը, ապա՝ գահընկեց արվում Ալեքսանդրիայի զայրացած ամբոխի կողմից։ Այսպիսով, իրադարձությունների նման զարգացումից հետո եգիպտական ավագանին Պտղոմեոս XII-ին խնդրում է վերադառնալ Եգիպտոս և ստանձնել թագավորության ղեկը։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Պտղոմեոսների համարակալումը ժամանակակից պրակտիկա է։ Մեզ հասած պատմագիտական աղբյուրները կարող են չհամապատասխանել ներկայիս օրինաչափությանը։ Տարբերակման ամենաարժանահավատ ձևը մակդիրն է (օրինակ՝ Թեոս Ֆիլոպատոր՝ «աստված, որ սիրում է իր հորը»)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դիոն Կասիոս, 39.12 – 39.14, 39.55 – 39.58
- Ցիցերոն (2018) [մ․թ․ա․ 54 թվական]. pro Rabirio Postumo [Գայոս Ռաբիրիոս Պոստումոսի պաշտպանությամբ]. Latin Texts & Translations (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
- Ստրաբոն, 12.3.34 և 17.1.11