Jump to content

Պահանջարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պահանջարկ, ապրանքների ու ծառայությունների այն քանակն է, որը գնորդները ցանկանում են գնել տվյալ պահին, տվյալ գնով։ Պահանջարկի չափերը որոշվում են գնորդների վճարունակ հնարավորություններով, այսինքն՝ դրամական միջոցների այն գումարով, որով պետք է ապրանքներ գնվեն։ Պահանջարկը ցույց է տալիս, թե յուրաքանչյուր սպառող որքան է ծախսում այս կամ այն ապրանքների ձեռք բերման համար այդ պահին գործող գներով և որքան կծախսեր, եթե գները բարձրանային կամ իջնեին։ Պահանջարկի և գնի միջև նման փոխկապվածությունը ցույց է տալիս, որ եթե գները բարձր են, սպառողները համեմատաբար քիչ են գնում, կամ հակառակը։ Տարբերում են բնակչության կամ անձնական (անհատական) և արտադրողների կամ արտադրական (արտադրողական)։ Պահանջարկի առաջին օբյեկտ են ժողովրդական սպառման ապրանքներն ու անձնական սպառման համար օգտագործվող ծառայությունները, երկրորդի՝ արտադրողական սպառման պրոցեսում կիրառվող արտադրության միջոցները։ Պահանջարկի մեծությունը պայմանավորված է գնով։ Այդ մեծության վրա ազդում են գնային և ոչ գնային գործոններ։ Քանի որ շուկայում գներն անընդհատ փոփոխվում են, սպառողները գերադասում են ցածր գնով շատ գնել, գների բարձրացման մտավախությունով։ Պահանջարկը հասարակության ամբողջ պահանջմունքը չէ, այլ միայն բավարարման ենթակա, դրամական միջոցներով ապահովված ապրանքային զանգվածի պահանջմունքը։

Ապրանքների նկատմամբ պահանջարկը միշտ ավելի բարձր է, քան եկամուտները, նույնիսկ այն սպառողները, որոնք ունեն բավականին մեծ գնողունակություն, չեն կարող գնել այն ամենը, ինչը կցանկանային։ Այսպիսով բոլորն ստիպված են ընտրություն կատարել, որպեսզի սահմանափակ եկամուտների հնարավորությունների սահմանում բավարարեն իրենց պահանջմունքները։ Ցանկացած սպառող կատարում է այլընտրանքներից մեկի ընտրության ուղղորդված ընտրություն, և այդ ընտրության հիմնական շարժառիթը դառնում է գինը։ Ըստ տնտեսական հիմնադրույթի` ապրանքներից մեկի գնի աճը հանգեցնում է այդ ապրանքի ընտրության հավանականության նվազմանը։ Հետևաբար այս կամ այն ապրանքի պահանջարկի ծավալը ապրանքի այն առավելագույն քանակն է, որ ցանկանում է գնել անհատ սպառողը, մարդկանց խումբը, կամ ամբողջ հասարակությունը տվյալ ժամանակահատվածում։

Պահանջարկի վրա ազդող գործոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրանքի շուկայական գնի և այն քանակության միջև, որի նկատմամբ ներկայացվում է պահանջարկ, գոյություն ունի փոխհարաբերակցություն։ Քանակային արտահայտությամբ՝ ապրանքների պահանջարկը փոխվում է տվյալ ապրանքի գնին հակադարձ համեմատական։ Ապրանքի բարձր գինը սահմանափակում է դրա պահանջարկը, իսկ գնի իջեցումը առաջ է բերում պահանջարկի ավելացում։ Մյուս գործոնների անփոփոխ լինելու դեպքում գներն իջնում են, ապա պահանջարկն աճում է և հակառակը. գների բարձրացումն առաջ է բերում պահանջարկի քանակական նվազում։

Պահանջարկի մեծությունը փոփոխվում է այն ժամանակ, երբ փոփոխական է միայն տվյալ ապրանքի գինը, իսկ պահանջարկը փոփոխվում է այն ժամանակ, երբ փոփոխվում են ոչ գնային գործոնները։

Բնակչության եկամուտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես կանոն` եկամուտների ավելացման դեպքում մեծանում է թանկ, որակյալ ապրանքների պահանջարկը։ Այն ապրանքները, որոնց պահանջարկը եկամուտների աճին զուգընթաց աճում է, անվանում են բարձր մակարդակի կամ նորմալ ապրանքներ։ Դրա հետ մեկտեղ, գոյություն ունեն այնպիսի ապրանքներ, որոնց սպառումը եկամուտների ավելացմանը զուգընթաց նվազում է։ Սրանք անվանվում են ցածր կարգի ապրանքներ, որոնց պահանջարկը եկամուտների ավելացման դեպքում փոխվում է հակառակ ուղղությամբ՝ եկամտի ավելացման դեպքում դրանց սպառումը նվազում է, և հակառակը։

Փոխարինող և փոխլրացնող ապրանքների պահանջարկը և գին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ մի ապրանքի գինը բարձրանում է, ապա դրա պահանջարկը նվազում է, բայց միաժամանակ բարձրանում է մեկ այլ՝ փոխարինող ապրանքի պահանջարկը։ Փոխլրացնող ապրանքները սպառման կամ օգտագործման ընթացքում ուղեկցում են միմյանց։ Այս դեպքում մի ապրանքի պահանջարկի աճը հանգեցնում է մյուսի պահանջարկի աճին։ Օրինակ՝ եթե մեծանում է հեծանիվների պահանջարկը, ապա մեծանում է նաև մարզական հագուստի պահանջարկը։

Շուկայի չափեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որքան մեծ են ապրանքի առաջարկի ծավալները, այնքան ցածր է դրա գինը և մեծ է պահանջարկը։

Գնորդների թիվ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ գոյություն ունի ուղիղ կախվածություն՝ որքան շատ են սպառողները, այնքան մեծ է պահանջարկը։

Գնորդների ճաշակ, նախասիրություններ և ազգային առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպառողների նախասիրությունները և ճաշակը ձևավորվում են հասարակության, ավանդույթների, գովազդի ազդեցությամբ։ Հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները, եթե փոխվի այն ապրանքի գինը, որը տվյալ տարածաշրջանում ապրող բնակչության ամենօրյա պահանջարկի առարկա է, ապա պահանջարկը չի փոխվի կամ կփոխվի աննշան։

Սպառողական սպասումները կապված են ապրանքների և ծառայությունների գների փոփոխության կամ եկամուտների փոփոխության հետ։ Եթե ապրանքների գները բարձրանալու են, ապա դա ստիպում է սպառողներին տվյալ պահին ձեռք բերել ավելի շատ ապրանքներ։ Եվ հակառակը՝ գների իջեցման սպասումները հիմնականու կրճատում ներկայիս ծախսերը։

Գովազդը հաճախ ձևավորում է պահանջարկը այն ժամանակ, երբ սպաղողը ապրանքին ծանոթ չի լինում։ լավ կազմակերպված գովազդը նպաստում է պահանջարկի մեծացմանը, որը պահանջարկի կորը տեղաշարժում է դեպի աջ։

Պահանջարկի օրենք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահանջարկի մեծության հիմնական հատկությունն այն է, որ այլ հավասար պայմաններում տվյալ ապրանքի գնի իջեցումը մեծացնում է պահանջարկը և հակառակը․ գնի և պահանջարկի միջև գործում է հակադարձ կամ բացասական կապ, որն անվանում են պահանջարկի օրենք։ Օրենքի հիմքում ընկած է՝

  • Մարդիկ իրենց սովոր արդյունքից շատ գնում են միայն ապրանքի էժան լինելու դեպքում։ Բարձր գինը թուլացնում, իսկ ցածր գինն ուժեղացնում է գնում կատարելու գնորդի ցանկությունը․ գինը գնորդի համար խոչընդոտ է, որը խանգարում է նրան գնում կատարել։ Ինչքան մեծ է խոչընդոտը, այնքան քիչ ապրանք են գնում և հակառակը։
  • Տվյալ արդյունքի հաջորդական միավորները բերում են ավելի պակաս բավարարվածություն․ սպառողներն արդյունքի լրացուցիչ քանակություններ կգնեն այն դեպքում, երբ դրանց գինն իջնի։
  • Գործում է եկամտի էֆեկտը։ Եկամտի կրճատումը տանում է ծախսերի կրճատման։ Փողի նախկին գումարով կարելի է գնել տվյալ արդյունքի ավելի մեծ քանակություն, առանց այլընտրանքային ապրանքներից հրաժարվելու։ Մի ապրանքի գնի իջեցման շնորհիվ խնայված գումարով հնարավորություն է առաջանում ավելացնել մյուս ապրանքների պահանջարկը։
  • Պահանջարկի օրենքն ունի նաև փոխարինման էֆեկտ, այն ենթադրում է, որ ավելի ցածր գնի դեպքում խթանվում է մարդկանց ավելի էժան ապրանքներ գնելու ցանկությունը՝ նմանատիպ այն ապրանքների փոխարեն, որոնք այդ ժամանակ համեմատաբար թանկ են։

Պահանջարկի տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահանջարկի տեսակներն են՝

  1. բացասական պահանջարկ- շուկայի այնպիսի վիճակ է, երբ գնորդների մեծամասնությունը մերժում է տվյալ ապրանքը կամ ծառայությունը, մարդիկ հաճույքով չեն ընդունում ներարկումը, բուսակերը միսը և այլն,
  2. պահանջարկի բացակայություն- այս դեպքում սպառողները բոլորովին անտարբեր են կամ շահագրգռված չեն տվյալ ապրանքատեսակը գնելու համար,
  3. լիարժեք պահանջարկ- այս դեպքում ֆիրմայի նպատակն է դառնում անընդհատ հոգ տանել ապրանքների որակի, սպասարկման մակարդակի բարելավման մասին, իջեցնել գները, տեսականու և սպասարկման լավացում և այլն,
  4. թաքնված պահանջարկ- այս դեպքում սպառողների մոտ կարիքը կա, որը սակայն հնարավոր չէ բավարարել շուկայում եղած ապրանքներով և ծառայություններով,
  5. նվազող պահանջարկ- նվազող պահանջարկի ժամանակ վաղ թե ուշ գնորդը հոգնում է ապրանքից, նվազում են այցելությունները թատրոններ, թանգարաններ, սովորել ցանկացողները և այլն,
  6. անկանոն պահանջարկ- այս դեպքում պահանջարկը էապես գերազանցում է տվյալ պահի արտադրական կարողություններին,
  7. գերպահանջարկ- գերպահանջարկ տեղի ունի, երբ պահանջարկը էապես գերազանցում է ձեռնարկության հնարավորություններին,
  8. իռացիոնալ պահանջարկ- այս դեպքում սպառողների մոտ որոշակի ապրանքատեսակների կամ ծառայությունների նկատմամբ գոյություն ունի բացասական վերաբերմունք մարդկանց կամ հասարակության տեսանկյունից, սա վերաբերվում է զանազան թմրադեղերի արտադրությանը, ծխախոտի, ոգելից խմիչքների չարաշահմանը, անբարո կինոնկարների գովազդը և այլն։
  • Ավետիսյան Ս.Ս., Թովմասնյան Ռ.Ա., Տնտեսագիտության տեսություն Երևան, «Նահապետ», 2010 թ., 324 էջ
  • Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները Երևան, Տնտեսագետ, 2008 172 էջ։
  • Տնտեսագիտության տեսություն, Գ.Ե. Կիրակոսյանի և Ի.Ե. Խլղաթյան-Երևան, Տնտեսագետ, 2009.- 752 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 479