Զբաղեցրած տարածքով Նիկարագուան ամենամեծ պետությունն է Կենտրոնական Ամերիկայում, բայց բնակչության թվով նոսրաբնակներից է, այդ ցուցանիշով գերազանցում է միայն Բելիզին։ Պետության ամենամեծ ձգվածությունը արևմուտքից-արևելք կազմում է՝ 540 կիլոմետր։ Արևմուտքից ելք ունի Խաղաղ օվկիանոս (ափագծի երկարությունը մոտ 320 կիլոմետր), իսկ արևելքից Ատլանտյան օվկիանոսի մաս հանդիսացող Կարիբյան ծով (ափագծի երկարությունը մոտ 480 կիլոմետր)։ Ցամաքային ամենաերկար սահմանն ունի հյուսիսում՝ Հոնդուրասի հետ (922 կիլոմետր), իսկ հարավում Կոստա Ռիկայի հետ (309 կիլոմետր)։ Երկրի խոշորագույն քաղաքը մայրաքաղաք Մանագուան է։ Տարածքի մեծ բազմազանությամբ պայմանավորված երկիրը բաժանված է բնական (ֆիզիկաաշխարհագրական) չորս մարզերի։
Հարավային լեռնոտ՝ ընդգրկում է նիկարագուական եռանկյունաձև բարձրավանդակը
Արևելյան ծովափնյա ցածրադիր տարածք՝ Նիկարագուայի Կարիբյան ծովափ, հիմնականում այն ծածկված է խոնավ արևադարձային մանգրային անտառներով, որոնք տեղ-տեղ վերափոխվում են անանցանելի ջունգլիների։ Այնքանով որ այս տարածքը, հարուստ չի եղել ոսկու պաշարներով, զերծ է մնացել իսպանացի կոնկիստադորների ուշադրությունից, այդ իսկ պատճառով բնական լանդշաֆտները լավ են պահպանվել։
Ցածրադիր պարանոցային՝ նեղ շերտով տարածվում է հարավ-արևելքից մինչև Ֆոնսի ծովածոց։
Արևմտյան հրաբխային՝աչքի է ընկնում հրաբխային ծակոտկեն ապարաշերտերով, տարածքն աչքի է ընկնում համեմատաբար չոր և տաք կլիմայով, բերրի հողերով։ Հենց արևմուտքն էլ համարվում է երկրի ամենախտաբնակ շրջանը։
Նիկարագուայում առանձնացնում ենք լավ արտահայտված տարվա երկու սեզոն՝ չոր և տաք ձմեռներ (նոյեմբեր- ապրիլ), տաք և խոնավ ամառներ (մայիս- հոկտեմբեր ), տեղումների քանակը արևելքից- արևմուտք նվազում է։ Արևելքում՝ լեռների հողմակողմ լանջերին տեղումների տարեկան քանակը հասնում է մինչև 5000 միլիմետր։ Արևմուտքում ծովի մակարդակից մինչև 1500 մետր բարձրություններում հունվարյան միջին ջերմաստիճանը կազմում է 16 °C:
Բնակլիմայական պայմանների առանձնահատկություններով պայմանավորված հարուստ և բազմազան է բուսակենդանական աշխարհը։ Լեռնոտ արևմուտքն աչքի է ընկնում կաղնու և սոսու անտառներով, դեպի արևելք տեղումների աճի հետ զուգընթաց, իրենց տեղը զիջում են ամուր բնափայտ ունեցող կարմրածառին և կաուչուկատու հևեաներին։ Կենդանական աշխարհից հանդիպում են հարավամերիկյան կատվառույծը (պումա), վագրակատուն, եղջերուներ, կապիկների առանձին տեսակներ, ալիգատորներ, մեծ քանակությամբ կոլիբրիներ, թութակներ։ Երկրի խոշորագույն լճում՝ Նիկարագուայում, (վերջինս խոշորագույնն է տարածաշրջանում) կարող ենք հանդիպել 2-3 մետր երկարությամբ քախցրահամ ջրերին լավ հարմարված շնաձկների առանձին տեսակների, ինչպես նաև թրաձկերի։ Այս ամենը վկայում է, որ երկրաբանական ոչ վաղ անցյալում լիճն համաշխարհային օվկիանոսի մաս է կազմել։ Երկրի ազգային թռչուն համարվում է մոմոտների ընտանիքին պատկանող կապտահոնք մոմոտը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 290)։