Նիդվալդեն (գերմ.՝ Nidwalden; ֆր.՝ Nidwald; իտալ.՝ Nidvaldo; ռոմանշ.՝ Sutsilvania), կանտոն Շվեյցարիայի կենտրոնական մասում, Շվեյցարական Համադաշնությունը կազմող 26 կանտոններից մեկը։ Կազմված է տասնմեկ մունիցիպալիտետներից, վարչական կենտրոնը Շտանս քաղաքն է, որտեղ գտնվում են կառավարության և խորհրդարանի նստավայրերը։ Ավանդաբար այն համարվում է «կես կանտոն», իսկ մյուս կեսը հանդիսանում է Օբվալդենը։
Նիդվալդենը գտնվում է Կենտրոնական Շվեյցարիայում։ Արևմուտքում սահմանակից է Օբվալդեն կանտոնին, հյուսիսից՝ Լյուցեռն և Շվից, արևելքից՝ Ուրի և հարավում՝ Բեռն կանտոններին։ Կանտոնը հիմնականում գտնվում է Ալպերում՝ Լյուցեռն լճի հարավում։
Ամենափոքր կանտոններից է, 2007 թվականի տվյալներով բնակչությունը եղել է 40287 մարդ[1]։ Ամենամեծ քաղաքը Շտանսն է, որին հաջորդում են Հերգիսվիլը և Բուոխսը։
Օբվալդենի հետ Նիդվալդենը եղել է Ունտերվալդենի անտառային կանտոնի մեջ՝ Հին Շվեյցարական Համադաշնության հիմնադրման երեք մասնակիցներից մեկը, որն անվանվել է 1315 թվականի Բրունենի պակտում Ուրիի և Շվիցի կանտոնների հետ։ Ունտերվալդենի բաժանումը երկու առանձին տարածքների՝ Օբվալդենի և Նիդվալդենի, ընթացել է 14-րդ և 15-րդ դարերի ընթացքում։