Միշել Սերոն դեռ ճեմարանական թատրոնում խաղացել է կոմիկական դերեր։ Ճեմարանն ավարտելուց հետո նա սովորել է Փարիզի Բլանշ փողոցի դրամատիկական կենտրոնում և փորձել ընդունվել Դրամատիկական արվեստի կոնսերվատորիա, սակայն չի հաջողվել։ Սերոն իր թատերական կարիերան սկսել է որպես դերասան և երգիչ Ռոբերտ Դերիի և Քոլեթ Բրոսեթի թատերախմբում։ 1952 թվականին նա ծանոթացել է Ժան Պուարեի հետ, և միասին նրանք մեծ հաջողությամբ աշխատել են կաբարե թատրոնում՝ կատարելով ինքնատիպ կատակերգական մեկ գործողությամբ պիեսներ[6]։
Միշել Սերոյի առաջին կինոդերերը հիմնականում կաբարեում նրա աշխատանքների շարունակությունն էր. Դերիի հետ նա խաղում է «Ահ, գեղեցիկ բաքոսի քրմուհիներ» և «Գեղեցիկ ամերիկուհին» կատակերգություններում, Պուարեի հետ՝ «Մարդասպաններ և գողեր» ֆիլմում, դը Ֆյունեսի հետ միասին խաղում է «Լուսնի լույսի ներքո Մոբեժում», «Մենք կգնանք Դովիլ», «Շղթայական ռեակցիա (Կարամբոլա)», «...Եվ խոնավ հողի մեջ պառկել» ֆիլմերում։ Բազմաթիվ սուր բնավորության դերերը նրան գրեթե դարձրեցին կատակերգության մեկ դիմակի գերի։ Այնուամենայնիվ, դերից դեր կատարելագործելով իր հմտությունները, Սերոն 1970-ականների կեսերին հասնում է դերասանական այնպիսի մակարդակի, որը ճանաչում է գտնում ոչ միայն հանդիսատեսի, այլև իր պրոֆեսիոնալ գործընկերների շրջանում[7]։ Կատակերգու Սերոյի իսկական հաղթանակը տրանսվեստիտ Զազայի դերն էր, որը նա խաղացել է «Վանդակ տարօրինակների համար» պիեսում, այնուհետև՝ համանուն ֆիլմում։ Ժան Պուարեի կողմից 1973 թվականին ստեղծված և բեմադրված պիեսը (միջին տարիքի համասեռ զույգի մասին) տևեց 900 ներկայացում և ընդհանուր առմամբ գրավեց 1,8 միլիոն հանդիսատես։ 1978 թվականին «Վանդակը» մեծ էկրան փոխանցեց Էդուար Մոլինարոն։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ, նույնիսկ առաջադրվեց «Օսկար»-ի, իսկ Սերոն դրա համար ստացավ իր առաջին «Սեզար» մրցանակը։ Հետագայում նկարահանվեցին այս հայտնի կատակերգության երկու շարունակությունները, իսկ «Վանդակ տարօրինակների համար II»-ի համար դերասանը կրկին առաջադրվեց «Սեզար» մրցանակի[8]։
1970-ականների վերջին Սերոն վճռականորեն դուրս է գալիս կատակերգական ժանրից՝ հոգեբանական և քրեական դրամաներում սկսելով խաղալ հոգեախտաբանության եզրին կանգնած կերպարների։ Դերասանին հետաքրքրել են երկերեսանի կերպարներ. փողոցում հարգված տղամարդ, որը կնոջը դուրս է հրել պատուհանից («Ղուշ թե գիր») կամ «սեփականաշնորհած» ուրիշի կնոջը՝ օգտվելով նրա ամնեզիայից ( «Պատրաստե՝ք թաշկինակները»), հանճարեղ նոտար, որը խոստովանում է սպանությունը, որը նա չի կատարել («Նախաքննության ներքո», Սերոյի երկրորդ «Սեզարը»)։ Դերի փոփոխության պատճառներից մեկն այն ժամանակ դերասանի ապրած անասելի անձնական ցավն էր. Սերոն ամուսնացած էր մի կնոջ հետ, ում հետ ծանոթացել էր դեռևս 40-ականների վերջին, նրանք ունեցան երկու դուստր՝ Նատալի և Կարոլինա, և 1977թ. Կարոլինան 19 տարեկանում մահացել է ավտովթարից։
Չնայած իր մեծ տարիքին, Սերոն 1990-ականներին և նոր դարի սկզբին շարունակում էր ակտիվորեն աշխատել կինոյում։ Նրա խաղացած կինոդերերի թիվը մոտենում է 150-ի։ 1995 թվականին նա ստացավ երրորդ «Սեզար»-ը ՝ Կլոդ Սաուտեի «Նելլին և պարոն Առնոն» ֆիլմում դերի համար։
Սերոն մահացավ քաղցկեղից 2007 թվականի հուլիսի 29-ին Ֆրանսիայի Օնֆլյոր քաղաքի իր տանը։ Սկզբում հողարկավորված էր Օնֆլյորի գերեզմանատանը։ 2009 թվականին նա վերահողարկավորվել է Անսիեն գերեզմանատանը (5-րդ հատված) Նեյի-սյուր-Սենում՝ դստեր՝ Կարոլինայի և կնոջ՝ Նիտայի հետ միասին[9]։