Խոնարհում
Խոնարհում, բայի այն փոփոխությունը, որով արտահայտվում են գործողության կատարման եղանակը, ժամանակը, դեմքը և թիվը։
Խոնարհման ձևերն ունենում են համադրական և վերլուծական կազմություն։ Տարբեր լեզուներում բայի եղանակների և ժամանակների, հետևաբար, սրանց համապատասխան բայաձևերի, քանակը տարբեր է։ Արդի հայերենն ունի հինգ եղանակ, սրանցում բաշխված բացարձակ կամ իրադրական երեք գլխավոր ժամանակների (ներկա, անցյալ, ապառնի) և անցյալ ժամանակների նկատմամբ առնված հարաբերական ժամանակների բավականին ներդաշնակ համակարգ։
Հայերենի խոնարհման ձևերը կազմվում են բայի ներկայի և անցյալ կատարյալի հիմքերից։ Ըստ անորոշ դերբայի լծորդության՝ բայերը լինում են «ա» կամ «ե», արևմտահայերենում՝ նաև «ի» խոնարհման։ Ըստ ստորոգման բովանդակության խոնարհումը լինում է դրական և ժխտական, ըստ կազմության օրինաչափությունների՝ կանոնավոր և անկանոն։ Խոնարհման համակարգը պատմականորեն փոփոխվող երևույթ է։
Արդի արևելահայերենի խոնարհումը, առաջացած լինելով «ում» ճյուղի բարբառների խոնարհումից, միաժամանակ գրաբարի խոնարհման պատմական զարգացման արդյունքն է։ Արևմտահայերենի խոնարհումը որոշ կողմերով ավելի հարազատ է գրաբարին, քան արևելահայերենինը։ Գրաբարի խոնարհմանը բնորոշ են բայաձևերի համադրական կազմությունը, եղանակա-ժամանակային ձևերի բազմիմաստությունը, այլաձևությունները։ Արևելահայերենի խոնարհումն առավելապես դերբայական է, կանոնավոր և ունի եղանակա-ժամանակային իմաստների հատուկ տարբերակում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ. 4, գիրք 1 - 2, Ե., 1953 - 61
- Աբեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, Ե., 1965
- Բարսեղյան Հ., Արդի հայերենի բայի և խոնարհման տեսություն, Ե., 1953
- Աղայան Է., ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը, Ե., 1967
- Ջահուկյան Գ., ժամանակակից հայերենի տեսության հիմունքներ, Ե., 1974
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 72)։ |