1788 թվականին ավարտել է Շտուտգարտի Կարոլինյան ակադեմիան։ Փարիզի համալսարանում ստեղծել է բնական գիտությունների ֆակուլտետ, միջնակարգ դպրոցում մտցրել բնական գիտությունների դասավանդումը։ Կ. Բերիի հետ միաժամանակ կենդանաբանության մեջ տվել է տիպ հասկացությունը և ողնաշարավորների տիպում առանձնացրել հետևյալ 4 դասերը. կաթնասուններ, թռչուններ, սողուններ (երկկենցաղները նույնպես) և ձկներ։ Նկարագրել է մեծ թվով բրածո ձևեր, առաջարկել բրածո մնացորդներով որոշել երկրաբանական շերտերի տարիքը և ընդհակառակը։ Կյուվեին իր հետազոտություններում օգտագործել և զարգացրել է համեմատական անատոմիական մեթոդը, առաջ քաշել կատաստրոֆների տեսությունը։ Կյուվեին լրիվ հերքում էր Ժ. Լամարկի և Ժոֆրուա Սենտ-Իլերի կենդանի բնության փոփոխականության, կենդանիների միասնականության մասին ուսմունքը։ Կյուվեիի հավաքած փաստական նյութերը և առաջարկած մեթոդները հիմք հանդիսացան կենդանաբանության և հնէաբանության հետագա զարգացման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 491)։