Թիրոքսին
Թիրոքսին (տետրայոդթիրոնին, 2-ամինո-3- [4- (4-հիդրօքսի- 3,5-դիյոդֆենոքսի) -3,5-դիյոդֆենիլ] պրոպիոնաթթու, T4), վահանաձև գեղձի թիրոիդ հորմոնների հիմնական ձևը։ Այն տրիյոդոթիրոնինի նախահորմոնն է։
Թիրոքսինը կենսաբանորեն ոչ ակտիվ է, ծայրամասային հյուսվածքներում այն վերածվում է ավելի ակտիվ ձևի՝ տրիյոդոթիրոնինի՝ սելեն-կախյալ մոնոդեյոդինազի մետալոֆերմենտի օգնությամբ։ Թիրոքսինը առաջանում է L-թիրոզինին յոդի միացման արդյունքում։
Վահանաձև գեղձի արտադրած թիրոիդ հորմոնների ընդհանուր քանակի 2/3-ից մինչև 4/5-ը արյան մեջ մտնում է թիրոքսինի տեսքով, և միայն 1/3-1/5-ը՝ տրիյոդոթիրոնինի տեսքով։
Թիրոքսինի փոխադրումն արյան մեջ իրականացվում է տրանսթիրետին, թիրոքսին կապող գլոբուլին և ալբումին սպիտակուցներով։
Քիմիական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիրոքսինի մոլեկուլը պարունակում է յոդի 4 ատոմ։ Արյան մեջ շրջանառվող թիրոքսինի մեծ մասը կապվում է թիրոքսին կապող գլոբուլինին, որի կիսատրոհման պարբերությունը մոտավորապես 8 օր է։
Թիրոքսինի արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիրոքսինն արտադրվում է վահանաձև գեղձի ֆոլիկուլյար բջիջների կողմից՝ թիրեոտորպ հորմոնի (TSH) հսկողության ներքո։ Թիրոքսինը հակված է կուտակվելու վահանաձև գեղձի հյուսվածքում։ Այս հորմոնն ավելի երկարատև ազդեցություն ունի, քան շատ այլ հորմոններ, ուստի դրա մշտական մակարդակի պահպանումը կենսական նշանակություն ունի օրգանիզմի համար։ Թիրոքսինի վահանաձև գեղձից արյան մեջ արտազատման մեխանիզմը կարգավորվում է արյան մեջ դրա կոնցենտրացիայի միջոցով։ Թիրոքսինի ավելցուկը ճնշում է սեփական արտազատումը` արգելակելով հիպոթալամուսի կողմից թիրոլիբերինի (TRH), իսկ ադենոհիպոֆիզի կողմիցթիրեոտրոպ հորմոնի (TSH) արտազատությունը։ Արյան մեջ թիրոքսինի մակարդակի նվազմամբ վերացվում է նրա արգելակող ազդեցությունը TRH-ի և TSH-ի սեկրեցիայի վրա։ Մարմնի երկարատև սառեցումը, ազդելով հիպոթալամուսի ջերմակարգավորման կենտրոնի վրա, հանգեցնում է հիպոթալամուսում թիրոլիբերինի արտադրությանը, թիրոլիբերինը գործում է ադենոհիպոֆիզի վրա, որն արտադրում է թիրեոտորպ հորմոն (TSH), և այդ հորմոնը ազդում է վահանաձև գեղձի վրա, որի դեպքում ուժեղանում է թիրոքսինի սինթեզը և արտազատությունը։
Թիրոքսինի մի փոքր մասը շրջանառվում է արյան միջոցով ազատ ձևով։ Շատ դեպքերում թիրոքսինը տեղափոխվում է կապված ձևով։
Գործառույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիրոքսինը ազդում է մարմնի բոլոր հյուսվածքների վրա, դրա համար հատուկ թիրախային բջիջներ չկան։ Այս հորմոնն ունակ է ներթափանցել թաղանթ և կապվել մարմնի յուրաքանչյուր բջիջի ընկալիչների հետ։
Թիրոքսինի հիմնական գործառույթը նյութափոխանակության գործընթացների ակտիվացումն է, որն իրականացվում է ՌՆԹ-ի և համապատասխան սպիտակուցների սինթեզի խթանման միջոցով։ Թիրոքսինը ազդում է նյութափոխանակության վրա, բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը, վերահսկում է մարմնի աճն ու զարգացումը, մեծացնում է սպիտակուցի սինթեզը և զգայունությունը կատեխոլամինների նկատմամբ, մեծացնում է սրտի զարկերը, խտացնում է արգանդի լորձաթաղանթը։ Ուժեղացնում է օքսիդացիոն գործընթացները ողջ օրգանիզմի բջիջներում, մասնավորապես, ուղեղի բջիջներում։ Թիրոքսինը կարևոր է մարդու մարմնի բոլոր բջիջների ճիշտ զարգացման և տարբերակման համար, ինչպես նաև կարող է խթանել վիտամինների նյութափոխանակությունը։
Հայտնաբերման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդվարդ Կալվին Քենդալն առաջին անգամ մեկուսացրեց թիրոքսինը չորացած վահանաձև գեղձի պատրաստուկներից՝ 1919 թվականին։ Չարլզ Ռոբերտ Հարինգթոնը բնութագրել և սինթեզել է հորմոնը 1926 թվականին։ Նույն թվականին Գեորգ Ֆրիդրիխ Հեննինգը թողարկեց թիրոքսին դեղամիջոցը, որը կոչվում էր Thyroxin Henning՝ վահանաձև գեղձի խանգարումներով տառապողների համար։
Ախտաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահանաձև գեղձի ավելորդ և անբավարար գործունեությունը կարող է ուղեկցվել դրա չափերի մեծացմամբ։ Թիրոքսինի արտազատման ավելացմամբ զարգանում է հիպերթիրեոզ: Ծայրահեղ հիպերթիրեոզը կոչվում է բազեդովյան հիվանդություն և կարող է հանգեցնել սրտի անբավարարության։ Վաղ տարիքում հորմոնի անբավարարությունը կամ հիպոթիրեոզը կարող է հանգեցնել կրետինիզմի, իսկ ավելի հասուն տարիքում` լորձայտուցի։
Կիրառում բժշկության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]L-թիրոքսին կամ լեվոթիրոքսինը թիրոքսինի սինթետիկ անալոգն է։ Այն օգտագործվում է հիպոթիրեոզի դեպքում՝ վահանաձև գեղձի աշխատանքը կարգավորելու համար։ L-թիրոքսինը խթանում է հյուսվածքների աճը և զարգացումը, մեծացնում է դրանց թթվածնի պահանջարկը, խթանում է նյութափոխանակությունը, մեծացնում է նյարդային և սրտանոթային համակարգերի աշխատանքը։ Ավելի բարձր չափաբաժիններով L-թիրոքսինը արգելակում է հիպոթալամուսի (TRH) և ադենոհիպոֆիզի (TSH) հորմոնների արտադրությունը։ L-թիրոքսինը հեշտությամբ ներծծվում է մարսողական համակարգի կողմից։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Walter F., PhD. Boron Medical Physiology: A Cellular And Molecular Approaoch. — Elsevier/Saunders[en], 2003. — С. 1300. — ISBN 1-4160-2328-3
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Химическая энциклопедия / Редкол.: Кнунянц И. Л. и др.. — М.: Советская энциклопедия, 1995. — Т. 4 (Пол-Три). — 639 с. — ISBN 5-82270-092-4
- Норма и патология человеческого организма / Парнес Е. Я.. — М.: «Форум», 2012. — 285 с. — ISBN 978-5-91134-581-5
- Биология (в 3-х томах) / Тейлор Д., Грин Н., Стаут У. под редакцией Сопер Р.. — М.: «МИР», 2001. — 435 с. — ISBN 5-03-003686-9
- Машковский М. Д. Лекарственные средства. — М.: «Медицина», 1993. — 731 с. — ISBN 5-225-02734-2