Էվերգլեյդս
Էվերգլեյդս | |
---|---|
Տեսակ | natural region?, flooded grasslands and savannas? և WWF ecoregion? |
Երկիր | ԱՄՆ |
Վարչատարածք | Ֆլորիդա |
Էվերգլեյդս[1] (անգլ.՝ Everglades, նաև՝ Florida Everglades; բառացիորեն՝ «հավերժ ճահիճներ», «ճահճային ցածրավայր»), արևադարձային գոտու բնատարածքային համալիր, որը զբաղեցնում է Ֆլորիդա թերակղզու հարավային մասը[2]։ Իրենից ներկայացնում է խոշոր բիոմ, որին բնորոշ է ճահճային տիպի լանդշաֆտների տարածումը։ Այս յուրահատուկ և էնդեմիկ էկոհամակարգը ձևավորվում է Օռլանդոյի մերձակա տարածքից՝ Կիսիմի գետի ավազանից։ Խոնավ սեզոնին գետը դուրս է գալիս ափերից և առաջացնում է դանդաղահոս ջրահոսք՝ ուղղվելով հարավ։ Էվերգլեյդսի տարածքում դիտվում են տարբեր կլիմայական պայմաններ, ինչի պատճառով խոնավ սեզոնին դիտվում են ջրհեղեղումներ, իսկ չոր սեզոնին՝ երաշտ։
20-րդ դարում, տարածքի մեծ մասը ենթարկվել է մարդու տնտեսական գործունեության բացասական ազդեցությանը. ճահճապատ հսկայական տարածքներ ցամաքեցվել են գյուղատնտեսական օգտագործման և բազմաբնակարան բնակելի կառուցապատման նպատակով։ Չնայած դրան, տեղ-տեղ հանդիպում են բնական կենսատարածքներ, որոնցից են արևադարձային անտառները հյուսիսում, Մեքսիկական ծոցի ափամերձ գոտու մանգրային անտառները և կլադիում կամ «սղոց-խոտ»-ով պատված ճահիճները։ 1947 թվականին ԱՄՆ կառավարության որոշմամբ այդ աշխարհահամակարգերը ընդգրկեցին Էվերգլեյդս ազգային պարկի տարածքի մեջ։ 1977 թվականի դրությամբ, Էվերգլեդյս ազգային պարկի տարածքն արդեն կազմում էր 566796 հա[3]։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես կենսահամակարգ, Էվերգլեյդսն իրենից ներկայացնում է արևադարձային հսկայական ճահճապատ տարածք, որը զբաղեցնում է ԱՄՆ Ֆլորիդա թերակղզու հարավում գտնվող բլրապատ ցածրավայրի մեծ մասը։ Գտնվում է ծովի մակարդակից 1-2մ ցածր։ Հիմնականում ընդգրկում է Ֆլորիդա նահանգի Մոնրո, Կոլյեր, Պալմ-Բիչ, Մայամի-Դեյդ և Բրոուարդ վարչական շրջանների տարածքները։ Տեղանքն ունի թույլ թեքվածություն դեպի հարավ-արևելք ուղղությամբ, ինչի շնորհիվ մակերևութային հոսքաջրերը հոսում են հյուսիսից հարավ ուղղությամբ՝ սնվելով թերակղզու կենտրոնական մասով հոսող Կիսիմի գետի ջրերով։
Էվերգլեյդսի մասին առաջին գրավոր հիշատակումները հանդիպում են իսպանական քարտեզներում, որոնք ընդամենը տեղանքի մասին պարզ քարտեզագրումներ են։ Ենթադրվում է, որ իսպանացիներն էլ Ֆլորիդայի ծոցից մինչև Ատլանտյան օվկիանոս ընկած անհայտ տարածքն անվանակոչել են լատին․՝ Laguna del Espíritu Santo («Սուրբ Հոգու լիճ»)։ Մոտ մեկ դար իսպանական քարտեզներում տարածքը նշվում էր որպես գաղութային տարածք, սակայն ոչ մի ուսումնասիրություններ չէին արվում։ 1773 թվականին Ֆլորիդայի ափերի քարտեզագրմամբ զբաղվող բրիտանացի գծագրող Գոն Գերարդ դե Բրահմը տարածքն անվանել է «Գետերի սանդուղքներ»։
«Everglades» անունն առաջին անգամ քարտեզի վրա հայտնվել է 1823 թվականին, սակայն մինչև 1851 թվականը քարտեզների վրա այն գրվել է նաև «Ever Glades»: Ֆլորիդայի տեղաբնիկ սեմինոլները տարածքն անվանում են «Pahokee», այսինքն ՝ «Խոտածածկ ջուր»։ 1839 թվականից ԱՄՆ ռազմական քարտեզների վրա տարածքը մակագրված էր «Pa-hai-okee», չնայած որ ավելի վաղ՝ Երկրորդ կիսամյակային պատերազմի ընթացքում, քարտեզների վրա մակագրվել էր «Ever Glades»:
Աշխարհագրագետներ Արի Ջ. Լամմը և Ռայմոնդ Կ. Օլդակովսկին 2007 թվականին կատարված ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ «Գլեյդս» բառը առաջացել է Ֆլորիդայի համանուն տարածքի անունից, որը բնակեցված էր սեմինոլներով։ Այն ընդգրկում էր Հարավային Ֆլորիդայի ներքին և հարավային շրջանները, Մեքսիկական ծոցի ափերը։ Այն Ֆլորիդա նահանգի ամենաքիչ բնակեցված տարածքներից մեկն է մինչ օրս։
Կլիման
[խմբագրել | խմբագրել կոդը]Էվերգլեյդսի կլիման անցումային է՝ մերձարևադարձային և արևադարձային կլիմայական գոտիների միջև։ Բնորոշ են չոր ու տաք ձմեռները (նոյեմբերից ապրիլ), խոնավ ու տաք ամառները (մայիսից հոկտեմբեր)։ Տեղումների մոտ 70%-ը թափվում են խոնավ սեզոնին՝ կարճատև կամ արևադարձային տեղատարափ անձրևների տեսքով։ Չոր սեզոնին տեղումների քանակն այնքան քիչ են, որ հաճախ դիտվում են անտառային հրդեհներ և երաշտ, քաղցրահամ ջրի սղություն։
Ջերմաստիճանային տատանման լայնույթը մոտ 11 °C է, ամառային միջին ջերմաստիճանը 21°-26 °C է, ձմեռայինը՝ -1° - +4 °C: Ձմռանը շատ ցածր ջերմաստիճան հազվադեպ է դիտվում, որի պատճառով բուսակենդանական աշխարհի ցրտադիմացկունության նվազագույն ջերմաստիճանային շեմը -1 °C - +2 °C է։ Տեղումների տարեկան միջին քանակը կազմում է 160 սմ, որի մեծ մասը թափվում է Օկիչոբի լճի շրջանում՝ 120 սմ, նվազագույն քանակը՝ 100 սմ։
Շրջանացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էվերգլեյդսի տարածքում առանձնացնում են մի քանի ֆիզիկաաշխարհագրական շրջաններ[4].
- Օկիչոբի լիճը
- Էվերգլեյդս ճահճային տարածքը, որն ամբողջությամբ պատված է կլադիում բույսով
- Մեծ կիպարիսային ճահիճը, որտեղ տարածված է ճահճային կիպարիսը՝ նոճին և իսպանական մամուռը
- համեմատաբար բարձրադիր ավազային ափերն ու լողափերը
- Մեքսիկական ծոցի ափամերձ գոտու «10000 կղզիներ» կոչվող ճահճային կղզյակներն ու էստուարները
- Ֆլորիդայի ծոցի շրջանում հանդիպող ծանծաղուտներն ու ծովախորշերը։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած այն հանգամանքին, որ Ֆլորիդայի կենտրոնական և հարավային մասում գտնվող կենսահամակեցությունը, որը կազմում է Էվերգլեյդսի տարածքի մեծ մասը (մոտ 55 %) տուժել է մարդու տնտեսական գործունեության հետևանքով, Օռլանդո քաղաքից հարավ, Կիսիմի գետի ավազանում, առանձին կղզյակների տեսքով պահպանվել են բնական էկոհամակարգեր։ Կիսիմի գետը սկիզբ է առնում Թեյլորի և Ֆիշիթինգի հովտի շրջանից, որոշ վտակներ սկիզբ են ատնում Նաբին ճահճից և թափվում է Օկիչոբի լիճ։ Օկիչոբին մոտ 1 890 կմ² մակերեսով, 3մ խորությամբ ծանծաղ և քաղցրահամ լիճ է, որը հորդացումների ժամանակ ողողում է Էվերգլեյդսի ողջ տարածքը՝ առաջացնելով 60կմ լայնության և 160 կմ երկարության ջրամբար։
Ֆլորա և ֆաունա
[խմբագրել | խմբագրել կոդը]Էվերգլեյդս ճահիճի տարածքի կենդանական աշխարհը շատ հարուստ է։ Առանձնահատուկ է թռչունների տեսակային կազմը։ Հազվագյուտ տեսակներից հանդիպում են խխունջակեր ուրուրը, ամերիկյան կտուցավորը, հավալուսնը, ձկնկուլը և այլն։ Կաթնասունների հազվագյուտ հանդիպող տեսակներից են լամանտինը, ֆլորիդական հովազը։ Ալիգատորների պահպանությանն ուղղված միջոցառումների շնորհիվ տեսակը ոչ միայն վերականգնվել է, այլև այնքան է շատացել, որ դրանց կարելի է հանդիպել ճահիճի եզրային մասում կառուցված բնակելի գոտիներին կից ջրավազաններում, ինչը մեծ վտանգ է ներկայացնում մարդկանց համար։ Շատ են երկկենցաղները։ Կլադիում կամ «սղոց-խոտ» բույսի լայն տարածվածության պատճաով Էվերգլեյդս ճահճում խոշոր կաթնասուններ քիչ են հանդիպում։ Կլադիումը մյուս ճահճային բույսերից տարբերվում է նրանով, որ ունի նեղ, երկար, սուր եզրերով կամ ատամնավոր ցողուններ, որոնք վնասում են կաթնասուն կենդանիների և մարդկանց մաշկը։ Դա է պատճառը, որ խոշոր կաթնասուններից այստեղ տարածված են միայն զրահավոր կրիաները, ալիգատորները և կոկորդիլոսները։ Մանգրային անտառներում շատ են ծովախեցգետինները, իսկ ծանծաղուտներում երբեմն հանդիպում են շնաձկներ։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էվերգլեյդսի քաղցրահամ ջուրը ֆիլտրվում և օգտագործվում է Մայամի քաղաքի 9 միլիոն բնակչին ջրամատակարարման նպատակով։
- Էվերգլեյդս ճահիճը արևմուտքից արևելք ուղղությամբ հատվում է համար 75 մայրուղու մաս կազմող «Ալիգատորների հովիտ» կոչվող վճարովի ավտոճանապարհով։
- Էվերգլեյդսի հիմնական տարածքից բացի, անկլավային ճահճային հատվածներ են պահպանվել կենտրոնում՝ Մայամի, արևելքում՝ Նյու Ռիվեր և հարավ-արևմուտքում՝ Շարք-Ռիվեր գետերի հովիտներում։
- Չնայած տարածքը գտնվում է մերձարևադարձային և արևադարձային կլիմայական գոտիների սահմանագծին, եղանակային պայմաններով նման է «արևադարձային սավանաներին»՝ չոր և խոնավ սեզոններով։ Քանի որ խոնավ սեզոնը համընկնում է արևադարձային ցիկլոնների սեզոնի հետ, այցելությունների և թռչնադիտարկումների համար ամենահարմարը չոր սեզոնն է։
- Էվերգլեյդսում հանդիպում են 2000-ից ավելի բուսատեսակներ և կենդանատեսակներ, ինչպես նաև ոչնչացման եզրին գտնվող տեսակներից 78-ը։ Սա երկրագնդի վրա միակ վայրն է, որտեղ կոկորդիլոսը և ալիգատորը ապրում են կողք-կողքի։
- Էվերգլեյդսի բնական հավասարակշռությունն ապահովվում է մեծ քանակի ածխածնի կլանման և կուտակման շնորհիվ։ Ըստ մոտավոր հաշվարկների ճահճային տարածքում կուտակված ածխի պաշարները համարժեք են 131.5 միլիոն մարդատար մեքենաների ածխածնային արտանետումների ծավալին և բավական են 19 միլիոն տուն ջեռուցելու համար։
- Արևադարձային փոթորիկների և ցիկլոնների սեզոնին մանգրային անտառները պաշտպանիչ դեր են կատարում՝ թուլացնելով քամու ուժը և ինտենսիվությունը, ինչպես նաև նվազեցնում են մակընթացային ալիքի առաջացրած ավերածությունները։
- Քանի որ Մայամի քաղաքի և Ֆլորիդա նահանգի տնտեսության հիմքը զբոսաշրջությունն ու անշարժ գույքի վաճառքն է, կառավարությունն անում է ամեն ինչ ԷՎերգլեյդսի բնապահպանական վիճակը կայուն պահելու համար։ Խոնավ սեզոնին, երբ ջրավազանները ծաղկում են կապտականաչ ջրիմուռներով, ձկնորսությունը դադարում է և լողափերը փակվում են, Ֆլորիդա նահանգի տնտեսությունը կտկրուկ անկում է ապրում։ Էվերգլեյդսի տարածքի պահպանմանն ուղղված յուրաքանչյուր 1$-ը Ֆլորիդայի բյուջե է վերդառնում 4 անգամ ավելացած[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կիսիմի գետը Ֆլորիդա թերակղզում
-
Օկիչոբի լիճը
-
Էվերգլեյդս ճահիճը
-
Կլադիումը կամ «Սղոց-խոտը»
-
Արևադարձային խոնավ անտառ
-
Մանգրային անտառ
-
Մանգրային ճահճուտ
-
Ճահճային ֆլորան և ֆաունան
-
Ֆլորիդական հովազը
-
Ալիգատորը ճահճային կիպարիսի անտառում
-
Կապույտ ձկնկուլը
-
Սպիտակ հավալուսնը
-
Ամերիկյան կտուցավորը
-
Խխունջակեր ուրուրը
-
Ամերիկյան կոկորդիլոսը
-
Ալիգատորը և պիթոնը
-
Էվերգլեյդսի ալիգատորը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 440.
- ↑ «GNIS Detail - Everglades National Park». geonames.usgs.gov. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Homestead, Mailing Address: 40001 State Road 9336; Us, FL 33034 Phone:242-7700 Contact. «Everglades National Park (U.S. National Park Service)». www.nps.gov (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ ««Вечные болота» Эверглейдс — Национальный парк дикой природы, субтропики Флориды» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
{{cite web}}
: Text "Вода - источник красоты и молодости" ignored (օգնություն) - ↑ Foundation, Everglades (2021 թ․ հունիսի 14). «Visiting the Everglades? Top Ten Things to Know Before You Go». EF (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://planetofhotels.com/guide/ru/ssha/mayami/nacionalnyy-park-evergleyds
- https://whc.unesco.org/ru/list/76#top
- https://voda.molodostivivat.ru/nacionalnyj-park/vechnye-bolota-everglejds-nacionalnyj-park-dikoj-prirody-subtropiki-floridy.html Արխիվացված 2021-07-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվերգլեյդս» հոդվածին։ |
|