Զրահ
Զրահ, պաշտպանիչ նյութի շերտ, որը ունի բավարար մեծության ամրություն, մածուցիկություն և, կամ այլ մեխանիկական ցուցանիշներ, որոնք ապահովում են օբյեկտի պաշտպանությունը մեխանիկական կամ այլ բնույթի ազդեցություններից, հիմնականում մարտական գործողությունների ընթացքում, կամ պոտենցիալ վտանգ ներկայացնող միջավայրերում (օրինակ՝ շինարարաություն, վտանգավոր արտադրություն, և այլն)։ Զրահը կիրառվում է զինվորների և մարտական կենդանիներին պաշտպանելու համար։ Մարտական մեքենաները և նավերը պատում են տարաբնույթ տեսակի զրահի շերտերով։
Անձնական զրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զրահը օգտագործվել է մարդկության ամբողջ պատմության ընթացքում։ Այն պատրաստվում էր տարբեր նյութերից, սկզբում կաշվից, ապա տեխնոլոգիաների զարգացման հետ միասին զրահը սկսեցին պատրաստել մետաղներից, ստեղծվեց օղազրահը և մետաղական թիթեղներից պատրաստված ամբողջական զրահը, մինչև մեր օրերում կիրառվող համակցված զրահը։ Մարդկության պատմության ընթացքում զրահի պատրաստումը խթանել է բազմաթիվ կարևորագույն տեխնոլոգիաների զարգացումը, այնպիսիք, ինչպիսին են փայտի լամինավորումը, հանքագործությունը, մետաղամշակումը, շարժական միջոցների ստեղծումը, կաշվի մշակումը, և ավելի ուշ նաև կաշվի և մետաղի զարդարանքը։ Զրահի արտադրությունը խթանեց նաև արտադրական հեղափոխությունը, և հետագայում նաև մետաղամշակման և ճարտարագիտության զարգացումը։ Զրահը նշանակությամբ երկրորդ ազդակն էր հրազենի զարգացման համար, որը իր հերթին հեղաշրջեց պատերազմական գործողությունները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զրահի զարգացման կարևորագույն նախապայմաններն էին տնտեսական և տեխնոլոգիական հնարավորությունները։ Որպես օրինակ, զրահաթիթեղների արտադրությունը հնարավոր դարձավ Միջնադարյան Եվրոպայում, երբ ջրի ուժով շարժվող մեծ մուրճերը դարձրեցին մետաղական թիթեղների պատրաստումը արագ և էժան։ Եվրոպայի պատմության ընթացքում ամենահայտնի զրահի տեսակներն էին հռոմեական լեգիոննների լորիկա համատա, լորիկա սկվամատա, և լորիկա սեգմենտատա տեսակի զրահները, վաղ միջնադարյան օղազրահից պատրաստված հաուբերկները և ամբողջական պողպատյա թիթեղներից պատրաստված զրահները, որ կրում էին միջնադարյան ասպետները, ինչպես նաև մինչև Առաջին համաշխարհային պատերազմը տարբեր երկրների հեծելազորներում օգտագործվող կրծքի և մեջքի մետաղյա թիթեղներից պատրաստված զրահները։ Ֆեոդալական Ճապոնիայի սամուրայները հարյուրավոր տարիների ընթացքում մինչև 19-րդ դարը օգտագործում էին ճապոնական զրահ։
Վաղ ժամանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճապոնիայում սկսել են պատրաստել կիրասաներ և սաղավարտներ սկսած 4-րդ դարից[1]։ Հետևակայինները կրում էին տանիկո, իսկ ձիավորները կեյկո, այս երկու տիպերը ճապոնական զրահի նախասամուրայյան ժամանակաշրջանի զրահներ էին, և իրենցից ներկայացնում էին պողպատյա թիթեղներ իրար հետ ամրացված կաշվե կապերով[2]։ Այս վաղ ճապոնական զրահները ունեին անթև բաճկոնների և սաղավարտների ձև[3]։
Զրահը միշտ չէ, որ ծածկում էր ամբողջ մարմինը, որոշ դեպքերում օգտագործվում էր միայն սաղավարտ և ոտքի պաշտպանակներ։ Մարմնի մնացած մասերը հիմնականում պաշտպանվում էին մեծ վահանով։ Այսպիսի պաշտպանական միջոցներով էր զինված, օրինակ Ացտեկների բանակը (13-ից 15-րդ դարեր)։
Արևելյան Ասիայում տարբեր քաղաքակրթություններ սովորաբար օգտագործվում էին տարբեր տեսակի զրահներ՝ թեփուկավոր զրահ, թիթեղավոր զրահ, շերտավոր զրահ, շերտավոր-օղակավոր զրահ, օղազրահ, թիթեղավոր զրահ և բրիգանտին (շերտավոր զրահ ամրացված հագուստի վրա)։ Չինական Տանգ, Սոնգ և վաղ Մինգ հարստությունների օրոք օգտագործվում էր հիմնականում կիրասներ և թիթեղներ (մինգգուանգջիա), սպաների համար օգտագործվում էր դրանց առավել լավ պատրաստված օրինակներ։ Չինացիները այդ ժամանակներում օգտագործում էին մասնակի զրահներ, ծածկելով մարմնի «կարևոր» մասերը, հաշվի էր առնվում այն փաստը, որ չափազանց շատ զրահը խանգարում էր զորքերին արշավների և ճակատամարտերի ժամանակ։ Մարմնի մնացած մասերը ծածկված էին կտորով, կաշվով կամ թիթեղավոր ծածկույթներով։ Նախա-Քին հարստության ժամանակներում կաշվե զրահ պատրաստվում էր տարբեր կենդանիների կաշվից, որոնցից ամենաարտասովորներից էր ռնգեղջյուրը։
Օղազրահը պատրաստվում էր բազմաթիվ իրար մեջ հյուսված մետաղյա օաղկներից։ Առաջին անգամ այն հայտնվել է մոտավոորապես մ.թ.ա. 300-ից հետո։ Նրա հայտնագործությունը վերագրում են կելտերին[4], կարծում են, որ հռոմեացիք ընդամենը կիրառել են այդ հայտնագործությունը[5]։ Որոշ դեպքերում օղազրահի վրա ամրացվում էին մետաղյա թիթեղներ և սկավառակներ, ավելացնելու համար պաշտպանությունը առավել խոցելի մասերում։ Ամրացված կաշին և շերտավոր զրահի թիթեղներ օգտագործվում էին ձեռքերի և ոտքերի օղազրահով չպաշտպանված մասերը ծածկելու համար։ Նույն ժամանակներից սկսած օգտագործվում էր նաև զրահապատ հագուստը, երբ հագուստի մեջ կարվում էին մետաղյա թիթեղներ։
Վաղ ժամանակների Իտալիայում և Եվրոպայի այլ մասերում 13-ից 15-րդ դարերում տարածում ստացավ ցեմենտացված պողպատից պատրաստված պողպատյա թիթեղավոր զրահը[6]։ Թիթեղավոր զրահը դարձավ ավելի եժան քան օղազրահը, քանի որ Սև մահից հետո աշխատուժը թանկացավ, իսկ օղազրահի պատրաստման համար ավելի շատ աշխատուժ էր պետք, չնայած այն հանգամանքին, որ թիթեղավոր պողպատ ստանալու համար անհրաժեշտ էին ավելի մեծ վառարաններ։ Օղազրահը շարունակվում էր օգտագործվել թիթեղներով չփակված մասերի պաշտպանությունը ապահովելու համար, այնպիսիք, ինչպիսին էին արմունկները, ծնկները վիզը և այլն։ Թիթեղավոր զրահի մյուս առավելությունն այն էր, որ հեծյալը կարող էր նիզակը հենել կուրծքը փակող թիթեղի վրա[6]։ Փոքր մետաղյա գլխարկը փոխարինվեց ամբողջությամբ գլուխը ծածկող սաղավարտով, որն անվանվում էր բացինետ, այն ավելի երկարացվում էր դեպի ներքև պաշտպանելու համար վիզը և ծոծրակը։ 14-րդ դարում ստեծվեցին մի քանի այլ տեսակի սաղավարտներ։
Հավանաբար ամենահանրահայտ զրահի տեսակն է հանդիսանում ուշ Միջնադարյան Եվրոպայի ասպետների թիթեղավոր զրահները, որոնք օգտագործվում էին մինչև 17-րդ դարը բոլոր եվրոպական երկրներում։ Ամբողջական թիթեղավոր զրահը սկսեցին արտադրել Լոմբարդիայի մետաղաձուլարաններում մոտ 1400 թվականից սկսած[6]։ Այդ տարիներից սկսած ծանր հեծելազորը սկսեց գերակայել մարտի դաշտում հիմնականում նրանց հզոր զրահի շնորհիվ։ Ժամանակի ընթացքում զարգանում էին զինատեսակները և դրանց հետ մեկտեղ աճում էր զրահի հաստությունը և քաշը, այսպես օրինակ 14–15-րդ դարերում զրահի ամբողջական կշիռը կազմում էր ավելին քան 15 կգ, արդեն 16-րդ դարում այն հասնում էր 25 կգ-ի[6]։
Հրազենի կիրառման առաջին տարիներին, այդ ժամանակների զրահները հիմնականում կանգնեցնում էին ցածր արագություն ունեցող գնդակները[7]։ Աղեղնազենի նետերը ինչպես նաև հեռու տարածություններից արձակված հրազենի գնդակները չէին կարող խոցել լավ պատրաստվախծ թիթեղավոր զրահը։ Փոխանակ զրահի նշանակության անկմանը, հրազենի իհայտ գալը, ընդհակառակը հանգեցրեց զրահի զարգացմանը։
Հետագա զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսած 16-րդ դարի կեսերից զրահավորման մեջ տեղի ունեցան փոփոխություններ, մեկը մյուսի հետևից վերացվում էին թիթեղներ, ավելի թեթևացնելու համար այն հետևակի զինյալների համար։ Կրծքի և մեջքի թիթեղները շարունակում էին դեռևս կիրառել մինչև 18-րդ դարը և Նապոլեոնյան ժամանակները, և որոշ Եվրոպական երկրներում հեծյալ զորքերը կրում էին զրահ մինև վաղ 20-րդ դարը։ Մուշկետների օգտագործման պահից սկսած հրաձգային զենքը արդեն կարողանում էր խոցել զրահը։ Ճապոնիայում զրահը շարունակում էին օգտագործել մինչև սամուրայների դարաշրջանի ավարտը[2], սամուրայների զրահը վերջին անգամ օգտագործվել է 1877 թվականին Սացումայի ապստամբության ժամանակ[3]։
Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ զինյալները գնում և օգտագործում էին մետաղյա թիթեղներ և մետաղով ամրացված բաճկոններ։ Դրանց օգտագործման արդյունավետությունը ցածր էր, քանի որ դրանք կարողանում էին պաշտպանել զինվորին ոչ բոլոր դեպքերում։ Բացի դրանից զինվորներից շատերը հրաժարվում էին այս զրահներից երկար արշավների ժամանակ նրանց ծանրության պատճառով, ինչպես նաև այն պատճառով, որ դառնում էին ծաղրի առարկա, որպես վախկոտներ[8]։
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում Ֆրանսիական կիրասիրները դեռևս կրում էին զրահ և սաղավարտներ, որը սակայն նախատեսում էր միայն պաշտպանություն սառը զենքից, և ոչ մի կերպ չէր պաշտպանում հրացանների և գնդացիրների կրակից։
Ժամանակակից զրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսօր աշխարհի բանակների և ոստիկանական ուժերի մեծ մասի կողմից կիրառվում են զրահաբաճկոններ, որոնք պատրաստվում են համակցված նյութերից (կևլար, դինեմա, տվարոն, գերթեթև պոլիէթիլեն և այլն) և կերամիկական կամ մետաղական թիթեղներից։
-
Վաղ կորեական զրահ, 5-րդ դար, Կորեայի ազգային թանգարան
-
Միջնադարյան գերմանական սաղավարտ
-
Միջնադարյան ձիու զրահ, Իսլամական արվեստի թանգարան Դոհայում, Կատար
-
Թիթեղավոր զրահ
-
Ոստիկանական ուժեր պաշտպանիչ արտահագուստով
Այլ տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին ժամանակակից ընկալմամբ զրահը կիրառվել է մարտանավերի պաշտպանությունը ապահովելու համար, սկսած զրահակիր մարտանավերի կառուցումից, հասնելով իրենց գագաթնակետին գծանավերի մեջ։ Առաջին զրահապատված մարտական մեքենաները, տանկերը, ինչպես նաև զրահապատ ինքնաթիռները սկսեցին օգտագործվել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։
Ժամանակակից մարտական միջոցները ներառում են բազմաթիվ զրահապատ միջոցներ, տանկեր, հետևակի զրահապատ մեքենաներ և այլն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտանավեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին զրահակիր մարտանավը ֆրանսիական Լա Գլոր մարտանավն էր, այն ուներ պողպատյա զրահ ամրացված փայտյա իրանի վրա, ջուրն է իջեցվել 1859 թվականին[9]։ Սա ստիպեց Բրիտանիայի Թագավորական նավատորմին կառուցել համարժեք նավեր։ Դրանից ոչ շատ ուշ կառուցվեց HMS Warrior մարտանավը, որը երկու անգամ մեծ էր և ուներ պողպատե զրահ պողպատե նավիրանի վրա։ Առաջին զրահակիր նավերի մասնակցությամբ ճակատամարտերից հետո, 1862 թվականին Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ[8], պարզ դարձավ, որ զրահանավերը փոխարինել են չզրահավորված գծանավերին[9]։
Զրահակիրները սկսեցին կառուցվել ի սկզբանե նախատեսված տարբերի կարիքների համար, ներառյալ հզոր գծանավերը, առափնյա պաշտպանության նավերը, և հեռահար արշավների համար նախատեսված հածանավերը։ Զրահակիրների արագ զարգացումը ուշ 19-րդ դարում ձևափոխեց փայտե իրանով պողպատե զրահով շոգենավերից, մինչև պողպատից պատրաստված թնդանոթային աշտարակներով նավերի 20-րդ դարում։ Այս փոփոխությունները դարձան ավելի հզոր հրանոթների, ավելի հզոր շարժիչների և մետաղամշակման զարգացման խթաններ։
Գնացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զրահագնացքները օգտագործվել 19-րդ դարից սկսած. Ամերիկայի քաղաքացիական պատերազմում (1861–1865), Պրուս-Ֆրանսիական պատերազմում (1870–1871), Առաջին և Երկրորդ բուրական պատերազմներում (1880–81 և 1899–1902), Խորհրդա-Լեհական պատերազմում (1919–1921), Առաջին[10] (1914–1918) և Երկրորդ համաշխարհային պատերազմերում (1939–1945) և Հնդկա-չինական պատերազմում (1946–1954)։ Զրահապատ գնացքները ամենալայն կիրառում են ունեցել Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի (1918–1920) ժամանակ։
Անգլո-բուրական պատերազմի ժամանակ 1899 թվականի նոյեմբերի 15-ին, Ուինսթոն Չերչիլ, ով այն ժամանակ պատերազմական լրագրող էր, ճանապարհորդում էր զրահագնացքով, երբ Բուր հատուկ ջոկատայինները հարձակում կատարեցին գնացքի վրա։ Չերչիլը և գնացքի անձնակազմի մեծ մասը գերի են վերցվել։
Զրահապատ մեքենաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հինավուրց պաշարման հարմարանքները սովորաբար պաշտպանվում էին փայտյա զրահով, հաճախ դրանք ծածկվում էին թաց կաշվով կամ մետաղի բարակ շերտերով, որպեսզի դժվարացնեն հրկիզումը։
Միջնադարում Եվրոպայում օգտագործվում էին ձիերին կցված զրահապատ մարտական սայլեր, որոնց մեջ տեղավորվում էին հրաձիգներ կամ աղեղնաձգավորներ։
Առաջին ժամանակակից Զրահապատ մեքենաները դրանք զրահապատ ավտոմեքենաներ էին, որոնք ստեղծվեցին 1900-ականներին։ Սկզբում դրանք անիվավոր մեքենաներ էին, որոնք ծածկված էին պողպատյա զրահով, հիմնականում նրանց վրա տեղադրված էր գնդացիր[11]։
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում դիրքային պատերազմական գործողությունների իհայտ գալու հետ անհրաժեշտություն ծագեց ստեղծել տանկեր[10]։ Այսինքն զրահապատ մեքենա, որը կարող էր հարձակվել թշնամու հրացանների և գնդացիրների կրակի տակ և պատասխան կրակ վարել իր ծանր հրետանային միջոցներից։ Այս մեքենաների վրա սկսեցին տեղադրել թրթուրավոր շարժակներ կոտրտված տարածքներով շարժումը ապահովելու համար։
Ինքնաթիռներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունավետ հակաօդային պաշտպանության զարգացման հետ համընթաց, մոտ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից մի քանի տարի առաջ, ինքնաթիռները դարձան խոցելի վերգետնյա կրակի համար։ Որպես պատասխան զրահաշերտեր սկսեցին տեղադրել ոլոր մարտական ինքնաթիռների վրա, պաշտպանելու համար անձնակազմին, և խոցելի մասերը՝ շարժիչներն ու վառելիքի բաքերը։
Ժամանակակից զրահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տանկերի զրահը զարգացավ, ներառելով ոչ միայն ամուր համակցված զրահ, այլ նաև դինամիկ զրահը, որը նախատեսված է դիմակայելու կումուլյատիվ արկերին։ Որպես արդյունք Սառը պատերազմի ժամանակներում ստեղծված Հիմնական մարտական տանկերը կարող են դիմակայել բազմաթիվ Ձեռքի հակատանկային նռնականետերի հարվածներ, առանց զգալի վնասի անձնակազմին և մեքենային[12]։ Թեթև տանկերը, որոնք թեթև հեծելազորի ժառանգորդներն էին հանդիսանում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամբողջովին վերացան, քանի որ չէին ապահովում բավարար պաշտպանություն։
Հետևակի զրահապատ մեքենաները առաջին անգամ կիրառվեցին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այս մեքենաները թույլ էին տալիս արագ և անվտանգ տեղափոխել զինվորներին դեպի մարտադաշտ, նվազեցնելով կորուստները և ավելացնելով շարժունակությունը։ Հետագայում այս մեքենաները իրենց մեջ ներառեցին նաև թեթև տանկերի հնարավորությունները դառնալով հետևակի մարտական մեքենա։
Մարտանավերի զրահավորումը հիմնովին փոխվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ կառուցվում էին նավեր հաստ թիթեղավոր զրահով, պաշտպանվելու համար արկերից, ռումբերից և տորպեդներից։ Այժմ կիրառվող պասիվ պաշտպանական զրահի տեսակներից օգտագործվում են կեվլարե կամ պողպատե (կամ միաշերտ, կամ էկրանավորված բազմաշերտ) զրահ, որոնք պաշտպանում են առանձնահատուկ կարևորության գոտիները մոտ տեղի ունեցող պայթյունների հետևանքներից։ Քանի որ մարտանավերը չեն կարող կրել բավականաչափ զրահ, որը ամբողջապես կպաշտպանի նրանց հականավային հրթիռներից, այժմ հիմնական շեշտը դրվում է նավերի խոցող միջոցների մինչև նրանց տեղ հասնելը ոչնչացման վրա, կամ այդ միջոցներին ապակողմնորոշելու վրա, ստիպելով դրանց վրիպել, կիրառելով ակտիվ պաշտպանության միջոցներ։
Չնայած այն հանգամանքին, որ վերգետնյա նշանակետերի խոցման անհրաժեշտությունը ավիացիայի կողմից այլևս չէր համարվում կարևոր Կորեական պատերազմից հետո, այն կրկին կարևորվեց Վիետնամական պատերազմից հետո։ Այս նախապայմանից ելնելով կրկին սկսեցին նախագծվել և կառուցվել զրահապատ գրոհիչ ինքնաթիռներ, ինչպես, օրինակ ամերիկյան A-10, կամ խորհրդային Սու-25 ինքնաթիռները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Farris, William (1998). Sacred Texts and Buried Treasures. Honolulu: University of Hawai'i Press. ISBN 978-0-8248-2030-5. (անգլ.)
- ↑ 2,0 2,1 Robinson, Basil William (1951). Arms and Armour of Old Japan. London: H.M. Stationery Office. ISBN 978-0-11-290074-0. (անգլ.)
- ↑ 3,0 3,1 Robinson, Henry (2002). Oriental Armour. New York: Dover Publications. ISBN 978-0-486-41818-6. (անգլ.)
- ↑ Fagan, Brian (2004). The Seventy Great Inventions of the Ancient World. London: Thames & Hudson. ISBN 978-0-500-05130-6. (անգլ.)
- ↑ Gabriel, Richard (2007). The Ancient World. Westport: Greenwood Press. ISBN 978-0-313-33348-4. (անգլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Williams, Alan (2003). «The Knight and the Blast Furnace: A History of the Metallurgy of Armour in the Middle Ages and Early Modern Period». History of Warfare. Leiden: Brill. 12. ISBN 90-04-12498-5. (անգլ.)
- ↑ Reid, Peter (2007). Medieval Warfare. New York: Carrol & Graf Publishers. ISBN 0-7867-1859-5. (անգլ.)
- ↑ 8,0 8,1 Stewart, Gail B (2000). The Civil War: Weapons of War. San Diego: Lucent Publishers. ISBN 1-56006-626-1. (անգլ.)
- ↑ 9,0 9,1 Sondhaus, Lawrence (2001). Naval Warfare 1815–1914. London: Routledge. ISBN 0-415-21478-5. (անգլ.)
- ↑ 10,0 10,1 Willmott, H P (2003). First World War. New York: DK Publishing. ISBN 978-0-7894-9627-0. (անգլ.)
- ↑ Macksey, Kenneth (1980). The Guinness Book of Tank Facts and Feats. Guinness Superlatives Limited, ISBN 0-85112-204-3 (անգլ.)
- ↑ DiNardo, R L (January 1986). «The First Modern Tank: Gunther Burstyn and His Motorgeschutz». The Journal of Military History. 50 (1): 12–15. doi:10.2307/1988528. ISSN 0026-3931. OCLC 477932108. (անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Զրահ կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 711)։ |