Jump to content

Երիզորդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երիզորդներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Տափակ որդեր
Դաս Ժապավենաձև որդեր
Լատիներեն անվանում
Cestoda



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 57309
NCBI 6200
EOL 2885

Երիզորդներ, ցեստոդներ, ժապավենաձև որդեր (լատին․՝ Cestoidea ), տափակ որդերի ենթատիպի անողնաշարավոր կենդանիների դաս։ Սեռահասուն փուլում գտնվող երիզորդերը համարվում են ողնաշարավոր կենդանիների և մարդու աղիքների մակաբույծներ։ Հայտնի է ավելի քան 3 հազար, Հայաստանում՝ 150 տեսակ՝ տարածված բոլոր շրջաններում։

Արտաքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը ժապավենաձև է, երկար, մի քանի մմ-ից մինչև 20 մ և ավելի։ Բաժանված են հատվածների (2-ից մի քանի հազար)։ Առջևի մասում տեղակայված է գլուխը (սկոլեքս), որն ունի 2-4 ծծիչներ, իսկ որոշ որդեր՝ կնճիթ՝ կեռիկներով։ Պարանոցի աճի ընթացքում առաջանում են հատվածներ (ստրոբիլա

Ներքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիզորդներ զուրկ են աղիներից, սննդի ներծծումը կատարվում է ամբողջ մարմնի մակերևույթով։

Բազմացում և զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռական օրգաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերմաֆրոդիտ են. հաջորդաբար կազմավորվող հատվածներում առաջանում են արական և իգական սեռական օրգաններ, ապա արգանդը՝ լցված ձվերով։ Յուրաքանչյուր հատվածում զարգանում է 1, երբեմն՝ 2 կամ մի քանի սեռական ապարատ։ Երիզորդներ արտադրում են հսկայական քանակությամբ ձվեր (օրինակ՝ չզինված երիզորդը, որն ապրում է շուրջ 20 տարի, տարեկան արտազատում է մինչև 600 միլիոն ձու)։

Զարգացման ցիկլ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիզորդի զարգացման բոլորաշրջանը բավականին բարդ է և անցնում է տերերի հաջորդական փոփոխման ճանապարհով։ Ձվերը վերջնական տիրոջ կղանքի հետ դուրս են գալիս արտաքին միջավայր, ձվի մեջ զարգանում է 3 զույգ կեռիկներով զինված թրթուրը՝ օնկոսֆերան կամ կորացիդիան։ Հետագա զարգացումը կապված է 1 կամ 2 միջանկյալ տերերի հետ։ Առաջին դեպքում հասուն ձուն կուլ է տալիս միջանկյալ տերը (տզրուկ, միջատ, որևէ անողնաշարավոր), որի ստամոքսում ձվից դուրս եկած թրթուրը՝ օնկոսֆերան, տեղակայվում է նրա խոռոչներում կամ որևէ օրգանում, որտեղ վերածվում է ցիստիցերկի նման թրթուրի (ֆինա, ցենուր, էխինոկոկ և այլն)։ Վերջին 2 թրթուրներն անսեռ բազմացման արդյունքում առաջացնում են բազմաթիվ գլխիկներ։ Նրանք, միջանկյալ տիրոջ օրգանների հետ ընկնելով վերջնական տիրոջ օրգանիզմ, կպչում են նրա աղիքի պատին և զարգանալով՝ դառնում սեռահասուն որդ։ 2 միջանկյալ տիրոջ օրգանիզմներում աճելու դեպքում (օրինակ՝ լայն երիզորդ) առաջին տերը (խեցգետնակերպ) վարակվում է՝ լողացող կորացիդիաները կուլ տալով, որոնցից դուրս է գալիս թրթուրը (օնկոսֆերան)։ Վերջինս, թափանցելով խեցգետնի օրգանիզմի խոռոչ, զարգանում է որպես պրոցերկոիդ թրթուր։ 2-րդ միջանկյալ տերը (ձկներ) կուլ է տալիս պրոցերկոիդները, որոնք աղիներից դուրս են գալիս մարմնի խոռոչներ կամ որոշ օրգաններ ու հյուսվածքներ, ապա զարգանալով՝ վերածվում են պլերոցերկոիդի։ Վերջնական տերերը (ողնաշարավոր կենդանիներ կամ մարդ) վարակվում են պլերոցերկոիդներով վարակված ձուկն ուտելուց։

Հիվանդություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիզորդներ առաջացնում են մարդկանց հիմենոլեպիդոզ, տենիոզ, տենիարինխոզ, էխինոկոկոզ, դիֆիլոբոթրիոզ և այլ հիվանդություններ։ Դրանց հետևանքով իջնում է նաև գյուղատնտեսական կենդանիների մթերատվությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 587
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երիզորդներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երիզորդներ» հոդվածին։