Գաբրիել Ֆորե
Գաբրիել Ֆորե | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Gabriel Urbain Fauré[1] |
Ի ծնե անուն | ֆր.՝ Gabriel Urbain Fauré[1] |
Ծնվել է | մայիսի 12, 1845[2][3][4][…] Պամիե[5] |
Երկիր | Ֆրանսիա |
Մահացել է | նոյեմբերի 4, 1924[5][2][4][…] (79 տարեկան) Փարիզ[5] |
Գերեզման | Պասի գերեզմանատուն[1][6] |
Ժանրեր | օպերա, ռոմանտիզմի դարաշրջանի երաժշտություն[7][8] և դասական երաժշտություն |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս, կոմպոզիտոր, երգեհոնահար, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, ուսուցիչ, դաշնակահար և Կապելմայստեր |
Գործիքներ | երգեհոն |
Աշխատավայր | Փարիզի կոնսերվատորիա |
Կրթություն | Niedermeyer school in Paris? |
Անդամակցություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Ամուսին | Marie Fauré?[1][9] |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Gabriel Fauré Վիքիպահեստում |
Գաբրիել Ուրբեն Ֆորե (ֆր.՝ Gabriel Urbain Faure, մայիսի 12, 1845[2][3][4][…], Պամիե[5] - նոյեմբերի 4, 1924[5][2][4][…], Փարիզ[5]), ֆրանսիացի երգահան, երգեհոնահար, դաշնակահար, խմբավար և մանկավարժ։
Ծնվել է 1845 թ. մայիսի 12-ին Ֆրանսիայի Պամիե քաղաքում, մաթեմատիկայի ուսուցչի և նապոլեոնյան բանակի կապիտանի դստեր ընտանիքում։ Նա ընտանիքում վեցերորդ երեխան էր։ Իր առաջին երաժշտական փորձերը Ֆորեն կատարում է տեղի փոքրիկ եկեղեցու ֆիսհարմոնի վրա։ Տեսնելով նրա անասելի հակումը դեպի երաժշտությունը՝ ծնողները փոքրիկ Գաբրիելին ուղարկում են եկեղեցական երաժշտության ուսումնարանին կից գործող դպրոց, որը կաթոլիկ եկեղեցու կարիքների համար պատրաստում էր երգեհոնահարների և խմբավարների։ Դպրոցի տնօրենն էր ֆրանսիացի ականավոր երգահան և մանկավարժ Լուի Նիդերմեյերը (1802-1861 թթ.), իսկ դասավանդողների թվում էր ֆրանսիացի մեծ երգահան Քամիլ Սեն-Սանսը (1835-1921 թթ.), որի սաների թվում էր նաև Ֆորեն։ Դպրոցում ուսանելու 11 տարիները և հատկապես Սեն-Սանսի հետ մտերմությունը խիստ բարեբեր ազդեցություն են ունենում ապագա մեծ երգահանի ներաշխարհի վրա։ Սեն-Սանսի միջոցով նա նաև ծանոթանում է Ռոբերտ Շումանի, Ֆերենց Լիստի, Ռիխարդ Վագների և եվրոպական երաժշտության մյուս մեծերի ստեղծագործություններին, որոնք տվյալ ժամանակահատվածում այնքան էլ հայտնի չէին Ֆրանսիայում։ Որպես այս ամենին ի երախտիք՝ Ֆորեն Սեն-Սանսին է նվիրում դաշնամուրային մի մոտիվ, որը վերջինս օգտագործում է իր Դաշնամուրի և նվագախմբի երկրորդ կոնցերտի առաջին մասում (op. 22, 1868 թ.)։ Ֆորեի և իր ուսուցչի մտերմությունը շարունակվում է մինչև Սեն-Սանսի մահը՝ 1921 թվականը։
Ֆորեն ավարտում է Եկեղեցական դպրոցը երկու առաջին մրցանակներով՝ կոմպոզիցիայի և դաշնամուրի համար։ Դրանից հետո նա սկսում է շրջագայել քաղաքից քաղաք՝ եկեղեցիներում հանդես գալով որպես երգեհոնահար, ինչպես նաև զանազան սրահներում ներկայացնելով իր դաշնամուրային ստեղծագործությունները՝ արդեն որպես դաշնակահար։ 1870 թվականին, երբ սկսվում է ֆրանս-պրուսական պատերազմը, Ֆորեն զորակոչվում է բանակ և մասնակցում Փարիզի պաշտպանությանը։ Հետագայում, երբ Եկեղեցական երաժշտության ուսումնարանը տեղափոխվում է Շվեյցարիա, Ֆորեն միանում է նրանց և Ֆրանսիա վերադառնում միայն Փարիզի կոմունայի ճնշումից հետո։ Վերադառնալուց հետո Ֆորեն որոշ ժամանակ զբաղեցնում է Սեն-Սյուլպիս եկեղեցու երգեհոնահարի և խմբավարի պաշտոնը, իսկ 1874 թվականից տեղափոխվում Սուրբ Մարիամ Մագդաղենացու եկեղեցի՝ որպես Սեն-Սանսի օգնական (Սեն-Սանսն այստեղ աշխատում էր որպես խմբավար)։ 1877 թվականին Սեն-Սանսը անցնում է թոշակի, իսկ Ֆորեն զբաղեցնում է նրա տեղը։ Ի դեպ, նույն թվականին ստեղծվում է Ֆորեի վաղ ստեղծագործական շրջանի լավագույն գործերից մեկը՝ Ջութակի սոնատը (op. 13)։ Սեն-Սանսը, լինելով ստեղծագործության առաջին ունկնդիրներից մեկը, իր տպավորություններով կիսվում է ֆրանսիական հեղինակավոր «Journal de Musique» ամսագրում՝ սոնատն անվանելով «հանճարեղ ստեղծագործություն» և երաժշտական փայլուն ապագա խոստանալով Ֆորեին[11]։
Սուրբ Մարիամ Մագդաղենացու եկեղեցում աշխատելու տարիներին է, որ Ֆորեն բացահայտվում է նաև որպես հոգևոր ստեղծագործությունների անզուգական հեղինակ։ Հենց այս տարիներին է ստեղծվում Ժան Բատիստ Ռասինի խոսքերով գրված նրա «Օրհներգը»՝ երգչախմբի և երգեհոնի համար (op. 11)։
1880-ական թվականները համարվում են Ֆորեի ստեղծագործական հասունության ժամանակահատված։ Նախ 1880 թվականին գրվում է նրա հանրահայտ «Էլեգիան» (op. 24, սկզբնապես գրվել է թավջութակի և դաշնամուրի համար, հետագայում Ֆորեն գործիքավորում է այն նվագախմբի համար), որը մինչ այժմ համարվում է Ֆորեի ամենասիրված երկերից մեկը։ Ապա 1886 թվականին ստեղծվում է նրա Երկրորդ դաշնամուրային կվարտետը (op. 45), որն ըստ նրա կենսագիր Ռոբերտ Օռլեջի՝ ջրբաժան հանդիսացավ երգահանի վաղ և հասուն ստեղծագործական շրջանների միջև։ Բացի այդ, սա Ֆորեի միակ խոշոր ստեղծագործությունն է, որտեղ օգտագործվում է ցիկլային ձևը։ Կվարտետի առաջին կատարումը տեղի է ունեցել 1887 թ. Փարիզում՝ հեղինակի (դաշնամուր), Գիյոմ Ռեմիի (ջութակ), Լուի Վան Վաֆելգեմի (ալտ) և Ժյուլ Դելսարի (թավջութակ) կատարմամբ։
1880-ականները բեկումնային են լինում նաև Ֆորեի անձնական կյանքում։ Մարիաննա Վիարդոյի (հայտնի օպերային երգչուհի Պոլինա Վիարդո-Գարսիայի դուստրը) հետ տարիներ տևած անհաջող սիրավեպից հետո Ֆորեն 1883 թ. ամուսնանում է Մարի Ֆրեմիեի հետ (վերջինս հայտնի քանդակագործ Էմանուել Ֆրեմիեի դուստրն էր)։ Զույգն ունենում է երկու որդի, որոնցից ավագը՝ Էմանուելը, հետագայում դառնում է ջրային կենսոլորտի խոշոր մասնագետ, իսկ կրտսերը՝ Ֆիլիպը, հայտնի արձակագիր։
1896 թ. Ֆորեն ստանձնում է Փարիզի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի պրոֆեսորի պաշտոնը, իսկ 1905 թ. դառնում է նույն կոնսերվատորիայի ռեկտորը։ 1989 թ. այցելում է Լոնդոն, որտեղ ներկայացնում է Մորիս Մետերլինկի «Պելլեասն ու Մելիսանդան» պիեսի համար գրված իր երաժշտությունը։ Ներկայացումն ունենում է մեծ հաջողություն։
Կյանքի վերջին 20 տարում մեծ երգահանը տառապել է աստիճանաբար զարգացող խլությամբ։ Հիվանդությունը սկսել է գլուխ բարձրացնել 1903 թ., իսկ ամբողջական խլությունը վրա է հասնում 1920 թ., և չնայած դրան, Ֆորեն համառորեն շարունակել է ստեղծագործական և մանկավարժական գործունեությունը։ Հիվանդության հենց այս դժվարին ժամանակատվածում՝ 1913 թվականին է ծնվում Ֆորեի «Պենելոպա» օպերան, որը փառքի գագաթնակետին հասցրեց իր հեղինակին։ Ժամանակակիցները այս օպերան դրեցին 20-րդ դարի ֆրանսիական թատրոնի համար բեկումնային հանդիսացած Կլոդ Դեբյուսիի «Պելլեասն ու Մելիզանդան» օպերայի կողքին, ընդ որում այս կարծիքը կիսում էին օպերայի առաջին ներկայացմանը գտնված Քամիլ Սեն-Սանսը, Իգոր Ստրավինսկին և հենց ինքը՝ Կլոդ Դեբյուսին։
Այդուհանդերձ օրեցօր ահագնացող խլությունը ավելի ու ավելի դժվար էր դարձնում ստեղծագործական և հատկապես մանկավարժական գործունեությունը։ Մանկավարժությունը Ֆորեն վերջնականապես թողեց միայն 1920 թ.՝ համեստ կենսաթոշակով անցնելով հանգստի և իրեն ամբողջովին նվիրելով ստեղծագործական գործունեությանը։
Ֆորեն կյանքից հեռանում է 1924 թ. նոյեմբերի 4-ին, Փարիզում, 79 տարեկան հասակում։
Ֆորեն ստեղծագործել է իր ժամանակին տարածված գրեթե բոլոր երաժշտական ժանրերում։ Նրա գլուխգործոցն է համարվում մենակատարների, երգչախմբի և նվագախմբի համար գրված «Ռեքվիեմը» (op. 48, 1887-1890 թթ.), որն ունեցել է երեք հեղինակային խմբագրում՝ գրված 1888, 1893 և 1900 թվականներին։ Երգչախմբի համար գրված ուշագրավ գործերից է նաև «Մադրիգալը»՝ ըստ Արման Սիլվեստրի բանաստեղծությունների։ Նվագախմբային առավել հաջողված ստեղծագործություններից է «Պելլեասն ու Մելիսանդան» սյուիտը (op. 80, ըստ Մորիս Մետերլինկի պիեսի)։ Ֆորեի միակ սիմֆոնիայի (op. 40) ձեռագիրը կորսվել է և հետագայում հեղինակը դրա պատառիկները օգտագործել է ջութակի երկրորդ և թավջութակի առաջին սոնատներում (opp. 108 և 109)։ Ֆորեն գրել է նաև երկու օպերա՝ «Պրոմեթևս» (երեք գործողությամբ, 1900 թ.) և «Պենելոպա» (երեք գործողությամբ, 1913 թ.)։
Ֆորեն համարվում է ֆրանսիական ռոմանսի խոշորագույն ներկայացուցիչը։ Տարբեր հեղինակների խոսքերով նա գրել է շուրջ 100 ռոմանս, որոնցից ամենաուշագրավը «Արթնացումն» է՝ Ռոմեն Բյուսսինի բանաստեղծության հիման վրա (op. 7, No. 1, 1877 թ.)։ Ռոմանսը հայտնի է նաև ջութակի և թավջութակի գործիքային խմբագրումներով։ Ֆորեն ռոմանսներ է գրել նաև Լեկոնտ Դե Լիլի, Պոլ Վեռլենի, Շառլ Վան Լերբերգի և այլ հայտնի հեղինակների խոսքերով։
Ֆորեն հսկայական ավանդ ունի նաև ֆրանսիական դաշնամուրային դպրոցի կայացման գործում։ Նրա բազմաթիվ դաշնամուրային ստեղծագործություններից առանձնանում են հատկապես թվով 13 նոկտյուրնները, 13 բարկարոլլաները, 9 պրելյուդները, 6 էքսպրոմտները և 4 վալս-կապրիսները, որոնք առանձնանում են իմպրովիզացիոն թարմությամբ և ինքնատիպությամբ։ Նրա երկու դաշնամուրային կվարտետները (opp. 15 և 45), երկու դաշնամուրային կվինտետները (opp. 89 և 115), ինչպես նաև դաշնամուրային տրիոն (op. 120) մինչ այժմ էլ լավագույն գործիքային անսամբլների երգացանկում են ընդգրկված։ Սոնատային ժանրում խիստ բարձրարժեք են նաև Ֆորեի երկու ջութակի (opp. 13 և 108) և երկու թավջութակի (opp. 109 և 117) սոնատները։
Գաբրիել Ֆորեի «Ռեքվիեմի» անզուգական կատարողներից էր հայ մեծ դիրիժոր Օհան Դուրյանը։
Կարծիքներ կան, որ Ֆորեի նվագախմբային երկերը գործիքավորվել են ոչ թե իր, այլ աշակերտների կողմից (իհարկե՝ իր ցուցումներով)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Notable Names Database — 2002.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Форе Габриель // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ https://cimetiere-de-passy.com/personnalites/gabriel-faure/
- ↑ http://www.arkivmusic.com/classical/Name/Tom-Etheridge/Performer/390558-2
- ↑ http://www.sinfinimusic.com/uk/learn/composers/gabriel-faure
- ↑ marriage certificate
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 (unspecified title) — P. 4. — ISBN 0824070739
- ↑ Михайлович, Сигитов Сергей (2007). «Сокровенное искусство Габриеля Форе и творческие искания ХХ века». Известия Российского государственного педагогического университета им. А.И. Герцена. 8 (34). ISSN 1992-6464.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Ֆորե» հոդվածին։ |
|
- Մայիսի 12 ծնունդներ
- 1845 ծնունդներ
- Նոյեմբերի 4 մահեր
- 1924 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի կոմպոզիտորներ
- Ֆրանսիացի դաշնակահարներ
- Ֆրանսիացի երգեհոնահարներ
- Օպերային կոմպոզիտորներ
- Թոքաբորբից մահացածներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Ֆրանսիացի երգահաններ
- Ֆրանսիացի մանկավարժներ
- Ֆրանսիացի երաժշտագետներ
- Հաշմանդամություն ունեցող անձինք
- Դասական կոմպոզիտորներ
- Շվեդիայի երաժշտության թագավորական ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիացի երաժիշտներ
- Խուլ երգահաններ