Բոբ Դոուլ
Բոբ Դոուլ անգլ.՝ Bob Dole | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Կանզասի համալսարան (1943)[1], Արիզոնայի համալսարան (1949)[1] և Washburn University? (1952)[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և իրավաբան |
Դավանանք | մեթոդիզմ |
Ծննդյան օր | հուլիսի 22, 1923[2][3][4][…] |
Ծննդավայր | Russell, Կանզաս, ԱՄՆ |
Վախճանի օր | դեկտեմբերի 5, 2021[5] (98 տարեկան) |
Վախճանի վայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
Թաղված | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Robert Joseph Dole |
Ամուսին | Էլիզաբեթ Դոուլ և Phyllis Holden?[6] |
Կայք՝ | bobdole.org |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ռոբերտ Ջոզեֆ «Բոբ» Դոուլ (անգլ.՝ Robert Joseph "Bob" Dole, հուլիսի 22, 1923[2][3][4][…], Russell, Կանզաս, ԱՄՆ - դեկտեմբերի 5, 2021[5], Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, հանրապետական կուսակցության անդամ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, Իտալիայի լեռներում ծանր վնասվածք է ստացել և երեք տարի բուժվել հոսպիտալում, աջ ձեռքը մնացել է պարալիզված, ունի երեք մարտական պարգև։ Ստացել է իրավաբանական կրթություն (Ուոշբըրնի համալսարան, 1952 թվական) և աշխատել որպես իրավաբան։
1969-1996 թվականներին Կանզաս նաhանգի կողմից ընտրվել է ԱՄՆ սենատոր, փոխզիջումային դիրք է ունեցել հանրապետականների աջ և ազատական թևերի միջև։ 1985-1996 թվականներին Սենատում հանրապետականների առաջնորդն է եղել, 1976 թվականին Ջերալդ Ֆորդի նախագահության տարիներին ԱՄՆ նախագահական ընտրություններին եղել է փոխնախագահի թեկնածու, իսկ 1996 թվականի նախագահական ընտրություններին Բիլ Քլինթոնի և Ռոսս Պերոյի հետ եղել է նախագահի թեկնածու։ Երկու անգամ էլ պարտվել է դեմոկրատական կուսակցությանը, առաջին անգամ փոխնախագահ է ընտրվել Ուոլտեր Մոնդեյլը, նախագահ է եղել Ջիմի Քարթերը, երկրորդ անգամ երկրորդ ժամկետով վերընտրվել է գործող նախագահ Բիլ Քլինթոնը։ 1996 թվականի ընտրություններին նախագահի պաշտոնին առաջադրված ամենածեր թեկնածուն է եղել։ Հարկերի կրճատման նրա ծրագիրը ընտրողների կողմից բացասաբար է ընդունվել և ավելի է հեշտացրել Քլինթոնի հաղթանակը․ ընտրողների շրջանում Քլինթոնը 220 ձայն ավել է հավաքել։ Դոուլը պատմության երկու խոշոր կուսակցությունների միակ ներկայացուցիչն է, որն առաջադրվել էր և որպես փոխնախագահ, և որպես նախագահ, սակայն ոչ մի պաշտոնում էլ չի ընտրվել։
Նրա կինը՝ Էլիզաբեթ Դոուլը նույնպես ԱՄՆ հանրապետական կուսակցության անդամ է, ԱՄՆ տրանսպորտի և աշխատանքի նախկին նախարար, սենատոր էր ընտրվել Հյուսիսային Կարոլինայից։
Վաղ տարիներ և ուսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտ Դոուլը ծնվել է Ռասսել քաղաքում (Կանզաս), Դորան Ռեյ Դոուլի (1901-1975) և Բինա Մ․ Դոուլի (1904-1983) ընտանիքում[8]։ Նրա հայրն ունեցել է փոքրիկ ձիթհանք։ Մեծ ճգնաժամը, որն ուժգին հարված էր հասցրել նաև Կանզաս նահանգի բնակիչներին, ստիպել է Դոուլների ընտանիքին տեղափոխվել իրենց տան նկուղ, իսկ տունը տալ վարձակալությամբ։ Փոքրիկ Դոուլը Ռասսել քաղաքի շրջակայքում պատահական գործեր էր կատարում, ավելի ուշ նա տեղի դեղատանը սկսել է գազավորված ջուր վաճառել։ 1941 թվականի գարնանը Դոուլն ավարտել է քաղաքային միջնակարգ դպրոցը և ընդունվել է Կանզասի համալսարան։ Լինելով մարզիկ, նրան ընդգրկել են «Կանզասյան ճայ» բասկետբոլային թիմում՝ հայտնի մարզիչ Ռոգ Ալենի գլխավորությամբ։ Բացի այդ նա ընդունվել է «Կապպա–Սիգմա» ընկերություն, որտեղ ընտրվել է «տարվա մարդկանցից» մեկը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա իրավաբանական կրթությունն ընդհատվել է, պատերազմի ավարտից և բուժումից հետո նա շարունակել է կրթությունը։ 1948 թվականից 1951 թվականներին նա սովորել և ավարտել է Արիզոնայի համալսարանը, 1952 թվականին Ուոշբըրնի համալսարանում իրավաբանի որակավորում է ստացել։
Երկրորդ համաշխարհային պատերազմ և բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]1942 թվականին Դոուլը ընդունվել է բանակի պահեստային կորպուսի շարքերը, որը պետք է ճակատ մեկներ և նշանակվել է տասերորդ լեռնային դիվիզիայի կրտսեր լեյտենանտ։ 1945 թվականի ապրիլին Հյուսիսային Իտալիայի լեռներում կռվի ժամանակ Դոուլը վիրավորվել է գերմանական գնդացիրի կրակահերթից՝ թիկունքի աջ կողմից։ Ինչպես նկարագրում է Լի Սանդլինը, զինվորները, տեսնելով նրա վերքերի ծանրությունը, որոշել են նրան տալ մորֆինի ամենամեծ չափաբաժինը։ Նրա արյունով նրա ճակատին գրել են «Մ» տառը, որպեսզի ոչ-ոք լրացուցիչ դեղի չափաբաժին նրան չտա, որը կհանգեցներ մահվան[9]։ Նա, մինչև տարհանվելը, 9 ժամ մնացել է մարտադաշտում։ Նրան տեղափոխել են 15-րդ տարհանման հոսպիտալ։ Հոսպիտալում մնացել է 40 ամիս։ Մոտ մեկ տարի Դոուլն ամբողջությամբ պարալիզված է եղել։ 7 վիրահատությունից հետո ոտքերն ու ձախ ձեռքը սկսել են շարժվել, աջ ձեռքն ամբողջ կյանքում պարալիզված է մնացել (Դոուլը հաճախ աջ ձեռքում գրիչ է պահում, որպեսզի ցույց տա, որ այդ ձեռքով չի կարող բարևել)։ Զրկվել է նաև մեկ երիկամից։ Առողջացել է միայն 1948 թվականին՝ Պերսի Ջոնսի բանակային հոսպիտալում[10]։ Այնտեղ նա հանդիպել է իր ապագա քաղաքական պաշտոնակիցներից Դանիել Ինոուին և Ֆիլիպ Խարտին։
Դոուլն իր ծառայության ընթացքում պարգևատրվել է երեք անգամ․ երկու անգամ «Ծիրանագույն սիրտ» մեդալը ստացել է վիրավորվելու համար, իսկ «ԱՄՆ Բրոնզե աստղը» նա ստացել է վիրավոր և ընկած ռադիստին օգնելու համար։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1950 թվականի ընտրություններին Դոուլը երկու տարի ժամկետով ընտրվել է Կանզաս նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ։ Ուոշբըրնի համալսարանի իրավաբանական դպրոցն ավարտելուց հետո, Դոուլն ընդունվել է փաստաբանական գրասենյակ, 1952 թվականին աշխատել է իր հայրենի քաղաքում։ Նույն թվականին նա դարձել է մարզային դատախազ՝ այս պաշտոնում մնալով 8 տարի։ 1960 թվականին Դոուլը 6-րդ շրջանի կողմից ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, որն ընդգրկում է Կանզաս նահանգի կենտրոնական հատվածը։ 1962 թվականին նրա շրջանը միացվել է 3-րդ շրջանին՝ նահանգի հարավային հատվածը։ Միավորված շրջանը ստացել է առաջին ընտրական շրջան անվանումը և իր մեծության պատճառով (կազմված 60 շրջաններից) անվանվել է «Առաջին մեծ»։ Նույն թվականին Դոուլը վերընտրվել է։ Հետագայում նա երկու անգամ առանց դժվարության նորից է վերընտրվել։
Ծառայությունը Սենատում
[խմբագրել | խմբագրել կոդը]1968 թվականի ընտրություններին Դոուլը հաղթել է հանրապետական կուսակցության անդամ, Կանզասի նահանգապետ Ուիլյամ Ավերիին և Սենատ մտնելուց հետո փոխարինել է սենատոր Ֆրենկ Կարլսոնին, որը պաշտոնաթող է եղել։ Դոուլը վերընտրվել է 1974, 1980, 1986 և 1992 թվականներին։ Սենատում վերընտրվելու ընթացքում նա միայն մեկ անգամ է (1974 թվականին) բախվել ուժեղ մրցակցի՝ կոնգրեսմեն Բիլլ Ռոյի հետ, որը մեծ հեղինակություն էր վայելում Ուոթերգեյթյան սկանդալից հետո։ Դոուլը հաղթել է միայն հազար ձայնի առավելությամբ, հնարավոր է դա պայմանավորված է եղել մի նկարով, որտեղ Ռոյը սատարում էր աբորտը։ Սենատում Դոուլը եղել է հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի նախագահը (1971-1973), գյուղատնտեսության կոմիտեում ավագ սենատոր–հանրապետական (1975-1978) և ֆինանսների կոմիտեում ավագ սենատոր-հանրապետական (1979-1980)։
1980 թվականի ընտրությունների արդյունքով հանրապետականները սենատում վերահսկողությունն իրենց ձեռքն են վերցրել։ Դոուլը դարձել է ֆինանսների կոմիտեի նախագահը (1981-1985)։ 1985 թվականից Թենեսիի սենատոր Հովարդ Բեյկերի պաշտոնաթողությունից հետո և մինչ իր պաշտոնաթողությունը (1996) Դոուլը Սենատում գլխավորել է հանրապետականներին, նա եղել է մեծամասնության (1985-1987) և փոքրամասնության (1995-1996) առաջնորդը։ Պահպանողական Ուիլյամ Կրիստոլի խորհրդին հետևելով՝ Դոուլը հաստատապես մերժել է Բիլ Քլինթոնի առողջապահության բարեփոխումների պլանը՝ հայտնելով․ «Առողջապահության մեջ ճգնաժամ չկա»։
Քվեարկության արդյունքների համաձայն Դոուլը ներկայացել է որպես կենտրոնամետ և բոլորի կողմից ընկալվել է որպես հանրապետականներից մեկը, որը տեղ էր զբաղեցնում Կանզասի կենտրոնամետ և հանրապետական կուսակցության պահպանողական աջ թևի միջև։ 1960-ականների սկզբին Սենատում ծառայության ընթացքում կենտրոնամետների հետ նա պաշտպանել է քաղաքացիական իրավունքների մասին գլխավոր օրենքները։ Երբ նախագահ Լինդոն Ջոնսոնը առաջ է քաշել պետության բարօրության գաղափարը, Դոուլը դեմ է քվեարկել աղքատության դեմ պայքարի մի շարք ծրագրերի՝ ներառյալ բնակարանային օժանդակության ու առողջության պաշտպանության ծրագրին, այդպիսով միանալով պահպանողականներին, չնայած 1969 թվականին Սենատում նրա առաջին ելույթում կոչ էր արվում հաշմանդամներին տրամադրել դաշնային օգնություն։ Ավելի ուշ նա միավորվել է լիբերալ սենատոր Ջորջ ՄակԳովերնի հետ՝ առաջարկելով դաշնային մի շարք արտադրանքների համար իջեցնել պահանջները։ Դրանով նա ցանկացել է աջակցել Կանզասի ֆերմերներին։
Դոուլը հանդես էր գալիս որպես «ճուռակ» (խիստ ուղղության կողմնակից) Վիետնամական պատերազմի և հանցավորության հարցերում, որի շնորհիվ շահել էր աջակողմյան թևի համակրանքը։ Երբ նախագահ Նիքսոնը Դոուլի թեկնածությունն առաջադրել է հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի նախագահ, սենատորների կեսը (մասնավորապես կենտրոնամետները) ընդդիմացել են, քանի որ նրանք կարծում էին, որ Դոուլը պահպանողականներին ավելի մեծ տեղ էր հատկացնելու։ Նրանք սխալ էին, քանի որ այդ պաշտոնում Դոուլը պաշտպանել է հանրապետական կուսակցության բոլոր ֆրակցիաներին[11]։
Դոուլը հաճախ գործել է ԱՄՆ-ի հայկական լոբբիի օգտին․ 1995-1996 թվականներին ընդգրկվել է ԱՄՆ Կոնգրեսի հայերին աջակցող խմբում[12], պաշտպանել է օրինագծեր հայերի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ (1975, 1982 և 1984 թվականներ), Թուրքիայի նկատմամբ էմբարգո դնելուն (1975, 1977, 1979, 1983 թվականներ), Հայաստանին (1992-1996) և Լեռնային Ղարաբաղի (1994-1996) ֆինանսական օժանդակություն ցույց տալու վերաբերյալ օրինագծերին, մասնակցել է կոնգրեսի կողմից ընդունված 907-րդ բանաձևին[12]։
1996 թվականի հունիսի 11–ին Դոուլը պաշտոնաթող է եղել, որպեսզի մասնակցի 1996 թվականի նախագահական ընտրարշավին։
Նախագահական ընտրարշավ
[խմբագրել | խմբագրել կոդը]1975 թվականի նոյեմբերի 3–ին փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած Նելսոն Ռոկֆելերը հայտնել է, որ իր փոխնախագահությունը դիտարկում է որպես ժամանակավոր և չի պատրաստվում 1976 թվականին կայանալիք ընտրություններին առաջադրվել նախագահ Ջերալդ Ֆորդի հետ, որը ցանկանում էր վերընտրվել երկրորդ ժամկետով։ Փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Դոուլը։ Փոխնախագահի երկխոսությունների ժամանակ Դոուլը հայտնել է․ «Վերջին օրերին ես հաշվել եմ, որ եթե հաշվենք այս հարյուրամյակում դեմոկրատների կողմից սանձազերծված կռիվների ընթացքում վիրավոր և մահացած ամերիկացիներին, ապա նրանց թիվը կկազմի 1,6 միլիոն, այդ թիվը կբավականացնի Դեթրոյթի նման քաղաքը վերաբնակեցնելու համար»[13]։ Այդ հայտարարությունը հակառակ արդյունք է ունեցել։ 2004 թվականին Դոուլը հայտնել է, որ ափսոսում է իր բառերի համար։ Արդյունքում նախագահ Ֆորդը ընտրություններում պարտվել է դեմոկրատ Ջիմի Քարթերին, փոխնախագահ է դարձել Ուոլտեր Մոնդեյլը։ 1980 թվականին Դոուլը հանրապետականների կողմից առաջադրվել է որպես նախագահի թեկնածու։ Չնայած 1976 թվականի նախագահական ընտրարշավին ունեցած հաջողություններին, Դոուլը համարվում էր քիչ հավանական թեկնածու՝ զիջելով Ռոնալդ Ռեյգանին և Բուշ ավագին։ Նյու Հեմփշիրի նախնական ընտրություններին Դոուլը ստացել է միայն 597 ձայն (որը կազմել է 1 %-ից քիչ) և արագ հանել է իր թեկնածությունը։
1987 թվականի նոյեմբերի 9–ին գտնվելով հարազատ Ռասել քաղաքում, նա հայտնել է 1988 թվականի ընտրություններին իր թեկնածության մասին՝ հանրապետական կուսակցությունից։ Միջոցառման ժամանակ նա հանել է սիգարի տուփ, որի մեջ հանգանակություններ են դրվել պատերազմից ստացած վերքերի բուժման ծախսերի համար։ Հավաքված գումարը կազմել է 100 հազար դոլար։
Նախնական ընտրություններում Դոուլը հաղթել է Այովա, Մինեսոտա, Վայոմինգ և իր հարազատ Կանզաս նահանգներում։ Այովայի ընտրությունների ժամանակ նրա հակառակորդները եղել են փոխնախագահ Բուշ կրտսերը և ավետարանական թեմաներով հեռուստատեսային մեկնաբան Պատա Ռոբերտսոն։ Սակայն հաջորդ շաբաթ Դոուլը պարտվել է Բուշին Նյու Հեմփշիրի ընտրություններում։ Այս պարտությունը Դոուլի համար առանձնապես ծանր էր, ձայների տարբերությունն էական էր, չնայած իրենց հայացքներով թեկնածուները գրեթե չեն տարբերվել։
Նյույորքյան NBC հեռուստատեսային ցանցի հաղորդավար Թոմ Բրոկայի վարած ուղիղ եթերով հարցազրույցի ժամանակ Դոուլը չի կարողացել զսպել իրեն։ Բրոկայը Բուշին այն հարցրել է, թե ինչ որ բան ունի հարցնելու իր մրցակցին, Բուշը պատասխանել է․ «Ոչ, ես նրան միայն բարօրություն եմ մաղթում և նոր հանդիպում՝ Հարավում»։ Դոուլը չէր սպասում, որ կտեսնի Բուշին և նույն հարցին պատասխանել է «Այո, ես ցանկանում եմ, որ նա դադարեցնի սուտ խոսելը իմ արդյունքների մասին»։ Նա դրանով պատասխանել է Բուշին, որը մեղադրում էր Դոուլին հարկային քաղաքականության մեջ երկակի դիրք զբաղեցնելու համար։ Դրանից հետո որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ նրան ընկալել են որպես նեղացած մարդու՝ հղում անելով նրա կերպարին՝ «վարձու մարդասպան», որը ձևավորվել է 1976 թվականին հանրապետական կուսակցության կոմիտեի նախագահի պաշտոնում եղած ժամանակ։
Չնայած Հարավային Դակոտայում և Մինեսոտայում տարած հաղթանակին, հաջորդ շաբաթ Նյու Հեմփշիրի պարտությունից հետո Դոուլը կարողացավ վերականգնվել։ Շատերը նրան դիտարկում էին որպես միկրոմենեջեր, որը, լինելով սենատորի պաշտոնում, արդյունավետ չէր հետևում իր ընտրարշավի ընթացքին։ 1987 թվականի ձախողումից հետո նա իր ընտրարշավի համար մենեջերներ չի վարձել, այն դեպքում, երբ Բուշը ամբողջությամբ համալրել էր իր թիմը։ Չնայած Դոուլն իր թիմի համար հավաքել էր համարյա այնքան գումար, որքան Բուշը, սակայն նրա թիմի համար Այովա, Նյու Հեմփշիր, Մինեսոտա, Հարավային Դակոտա նահանգներում ավելի շատ գումար է պահանջվել՝ ի տարբերություն մրցակցի։ Չնայած սենատոր Ստրոմ Տերմոնդի և այլ հանրապետական սենատորների կողմից վճռական աջակցությանը, մարտի սկզբին Դոուլը նոր պարտություն է կրել Բուշից՝ Հարավային Դակոտա նահանգում։ Մի քանի օր անց Հարավի ամեն մի նահանգ «Սուպեր երեքշաբթի» ժամանակ քվեարկել է Բուշի օգտին։ Իլինոյս նահանգում Բուշի մյուս հզոր հաղթանակը ստիպել է Դոուլին՝ դադարեցնելու ընտրարշավը։ Դոուլը Բուշի օրոք եղել է փոխնախագահի թեկնածուներից առաջին տեղում, սակայն Բուշը քաղաքական հանրությանն անակնկալ է արել՝ ընտրելով Ինդիանայից սենատոր Դեն Քուեյլին։
1996 թվականի նախագահական ընտրարշավի ընթացքում Դոուլը հանրապետական թեկնածուների մեջ առաջնորդ է համարվել։ Սպասվում էր, որ նա կհաղթի Տեխասի առավել պահպանողական սենատոր Ֆիլ Գրամին և Փենսիլվանիայի սենատոր Առլեն Սպեկտերին։ Սակայն Նյու Հեմփշիրի նախնական ընտրությունների ժամանակ Դոուլը երկրորդ տեղն է զբաղեցրել թեկնածու Պատրիկ Բյուկենենից հետո։ Թենեսիի նախկին նահանգապետ Ալեքսանդր Լամարը երրորդն է եղել։ Ընտրություններին մասնակցել է նաև հրատարակիչ Սթիվ Ֆորբսը՝ հակագովազդ տարածելով։ Հարնապետական կուսակցությունից ընդհանուր առմամբ մասնակցել են ութ թեկնածու։ Նրա մրցակիցը՝ ԱՄՆ գործող նախագահ դեմոկրատ Բիլ Քլինթոնը նախնական ընտրությունների ժամանակ որևէ լուրջ խոչընդոտի չի հանդիպել։
73-ամյա Դոուլը որոշիչ հաղթանակ է տարել՝ դառնալով առաջին անգամ առաջադրված նախագահի ամենածեր թեկնածուն[14]։ Ընդունելության ելույթում Դոուլը հայտարարել է․ «Թույլ տվեք ինձ կամուրջ դառնալ դեպի այն Ամերիկան, որը միայն չիմացող մարդիկ կարող են անվանել առասպել։ Թույլ տվեք դառնալ կամուրջ, որը կտանի դեպի հանգստության, հավատի և գործունեության մեջ հաստատակամության դարաշրջան»[15]։ Ի պատասխան դրան՝ դեմոկրատական կուսակցության թեկնածու և ԱՄՆ գործող նախագահ Բիլ Քլինթոնը հայտնել է․ «Մենք չպետք է կամուրջ կառուցենք դեպի անցյալ, մենք պետք է կամուրջ կառուցենք դեպի ապագա»[16]։ Դոուլը կրկին ֆինանսական խնդիրներ է ունեցել․ նախնական ընտրությունների ժամանակ նա ստիպված է եղել ծախսել ավելի շատ, քան պլանավորել էր, այն դեպքում, երբ 1996 թվականի ազգային ժողովրդական կոնվենցիան Սան–Դիեգոյում բախվել է դաշնային իշխանությունների կողմից նախընտրական արշավի ժամանակ միջոցների ծախսման սահմանափակման խնդրի հետ։ Նա հույս է ունեցել օգտագործել Սենատի գործընթացները կառավարելու իր բազմամյա փորձը, որպեսզի ուշադրություն հրավիրի իր՝ որպես առաջնորդի խոստումնալից դիրքի վրա՝ ի տարբերություն գործող նախագահի, սակայն սենատի դեմոկրատները նրան փակուղու առաջ են կանգնեցրել։
1996 թվականի հունիսի 11-ին նա թողել է Սենատում իր պաշտոնը և ամբողջությամբ կենտրոնացել ընտրարշավի վրա, հայտարարելով․ «Կամ Սպիտակ տունը կամ պաշտոնաթողություն»։ Փոխնախագահի պաշտոնում Դոուլն ընտրեց նախկին կոնգրեսական փաստաբան Ջեք Կեմպի[17]։
Իր ընտրարշավի ժամանակ Դոուլը խոստացել է եկամտահարկի 15 %–ի կրճատում։ Կուսակցական կոնվենցիայի հիման վրա նա հանրապետականների աջ և ձախ թևերի ներկայացուցիչների կողմից քննադատության է ենթարկվել։ Գլխավոր հարցերից մեկը դարձել է մարդկային կյանքի պաշտպանության մեջ փոփոխություն մտցնելը (Գերագույն դատարանի կողմից վերացվել է նահանգների կողմից ինքնուրույն աբորտներն արգելելու իրավունքը)։ Բիլ Քլինթոնը տեղադրել է Դոուլի վաղ կարիերայից պատմություն՝ նրան նկարագրելով որպես ներկայացուցիչներ պալատի երբեմնի ոչ հայտնի խոսնակ, Նյութ Գինգրիչի նմանակ։ Քլինթոնն ամերիկացիներին զգուշացրել է, որ Դոուլն աշխատելու է հանրապետական Կոնգրեսի հետ, որպեսզի կրճատի սոցիալական ծրագրերը, ինչպիսիք են Մեդիկերը և սոցիալական անվտանգությունը։ Նա Դոուլին տվել է «Դոուլ-Գինգրիչ» մականունը[18]։ Դոուլը հարձակման է ենթարկվել նաև Սպիտակ տնից՝ հարկերն իջեցնելու իր պլանի համար, նրան մեղադրել են, որ նա «բյուջեում անցք է բացում», որի դեֆիցիտը կրճատվել է կիսով չափ՝ Քլինթոնի պաշտոնավարման ընթացքում[19]։
Արդյունքում՝ 1996 թվականի ընտրություններում Դոուլը պարտվել է Քլինթոնին։ Քլինթոնը հավաքել է 379 ձայն, դա կազմել է 49,2 %՝ ընդդեմ Դոուլի 159 ձայնի, որը կազմել է 40,7 %[20]։
Այսպիսով Դոուլը դարձել է երկու կուսակցությունների պատմության մեջ միակ նախագահի և փոխնախագահի թեկնածուն, որն ընտրություններին չի հաղթել։
Գործունեությունը պաշտոնաթողությունից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտոնաթողությունից հետո Դոուլը աշխատել է Վաշինգտոնի իրավաբանական ընկերություններից մեկում, զբաղվել է նաև գրչությամբ, խորհրդատվություններ է տվել, հանրության առջև ելույթներ է ունեցել, հեռուստատեսությամբ հանդես է եկել Visa վճարային համակարգի, Viagra դեղամիջոցի, Dunkin' Donuts և Pepsi սննդամթերքների գովազդով։ Ժամանակ առ ժամանակ նա հանդես է եկել որպես քաղաքական մեկնաբան «Լարի Քինգն ուղիղ եթերում է» ամերիկյան հայտնի ծրագրում, մի քանի անգամ հրավիրվել է «Comedy Central» հումորային ալիք, ինչպես նաև «Ամենօրյա շոու՝ Ջոն Ստյուարտի հետ» հաղորդմանը։ Որոշ ժամանակ հանդես է եկել որպես Բիլ Քլինթոնին ընդդիմադիր մեկնաբան «60 րոպե (հեռուստաշոու, ԱՄՆ)» CBS հեռուստաալիքով։ Լարի Քինգի շոուներից մեկի ժամանակ նա թեժ վիճաբանություն է սկսել, դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններում նախագահի թեկնածու, պաշտոնաթող գեներալ Ուեսլի Կլարկի հետ, որի համար Դոուլը կանխագուշակել էր, որ Կլարկը Նյու Հեմփշիրի նախնական ընտրություններում պարտություն է կրելու (ինչպես նաև մնացած ընտրություններում), որը հետագայում իրականություն է դարձել։
1997 թվականի սկզբում նախագահ Քլինթոնը Դոուլին շնորհել է Ազատության նախագահական մեդալ՝ նրա զինվորական և քաղաքական ծառայության համար։ 2003 թվականի հուլիսին (որը համընկել էր Դոուլի 80-ամյակի հետ) Կանզասի համալսարանում բացվել է Ռոբերտ Ջ․ Դոուլի անվան քաղաքական ինստիտուտ։
Դոուլը մի քանի գիրք է գրել․ դրանցից մեկում նա հավաքել է ԱՄՆ նախագահների հումորները։
2004 թվականի հունիսի 28-ին հաշմանդամ-ծառայողների պարգևատրման խորհրդի անդամները Բոբ Դոուլն անվանվել են «Համառության փայլուն աստղ»։ 2005 թվականի ապրիլի 12-ին նա թողարկել է իր ինքնակենսագրականը «Զինվորի պատմությունը․ հուշեր», որտեղ նկարագրել է իր մասնակցությունը կռիվներին և կյանքի համար պայքարը՝ զինվոր ժամանակ վերքեր ստանալուց հետո։
2004 թվականին Դոուլը ստացել է ամերիկյան «Patriot» մրցանակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելու և ԱՄՆ-ին ծառայություն մատուցելու համար։
Դոուլի անունը հիշվել է ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում սովի դեմ պայքարում իր մասնակցության համար։ Նա սենատոր Ջորջ Մակգովերնի հետ ստեղծել է դպրոցական նախաճաշի շարժման միջազգային ծրագիր (Դոուլ-Մակգովերն մանկական և դպրոցական սննդի միջազգային ծրագիր՝ ուղղված մանկական սովի դեմ պայքարին և զարգացող երկրներում դպրոցականերին սնունդ ապահովելուն)։ Այս ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջ բերել։ 2008 թվականին Դոուլն ու Մակգովերնը շահել են Համաշխարհային պարենային մրցանակ։
Դոուլը եղել է Alston & Bird իրավաբանական ընկերության հատուկ խորհրդականը։
2004 թվականի սեպտեմբերի 18-ին նախկին սենատորը դասախոսություն է կարդացել՝ նվիրված Կանզասի համալսարանի Քլինթոնի հասարակական ծառայության դպրոցին (Clinton School of Public Service), որտեղ նա իր կյանքը նկարագրել է որպես հասարակությանը ծառայած կյանք և քննարկել է պաշտպանության հարցերում և ամենօրյա կյանքում հասարակական ծառայության, քաղաքացիական իրավունքի, տնտեսության արդիականությունը։
2007 թվականին նախագահ Ջորջ Բուշը Դոուլին և Դոննա Շալալին նշանակել է Ուոլտեր Ռիդի բանակային բժշկական կենտրոնի խնդիրների հետաքննության հանձնախմբի համանախագահներ[21]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1948 թվականին Դոուլն ամուսնացել է Ֆիլիս Հոլդենի հետ, որը Միչիգանի Բեթլ–կրիկ հաշմանդամների հոսպիտալում աշխատել է որպես թերապևտ։ 1954 թվականին ամուսիններն աղջիկ են ունեցել՝ Ռոբին անունով։ 1972 թվականին Դոուլն ու Հոլդենն ամուսնալուծվել են։ Հետագայում՝ 1973 թվականին Հոլդենն ամուսնացել է Լյու Բյուզիկի հետ, այրիացել 1978 թվականին և երրորդ անգամ ամուսնացել է Բենջամին Մեյսի հետ, որի հետ նախկինում՝ դպրոցական տարիներին ունեցել է սիրավեպ։ Մահացել է 2008 թվականի ապրիլի 22-ին։
1975 թվականին Դոուլն ամուսնացել Էլիզաբեթ Դոուլի հետ (ծննդյամբ՝ Հենֆորդում)։ Էլիզաբեթը 2002-2008 թվականներին եղել է Հյուսիսային Կարոլինայի սենատոր։ 2008 թվականին նա սենատում իր տեղը զիջել է՝ պարտվելով դեմոկրատ Կեյ Խեյգանին։ 2000 թվականին նա փորձել է հանրապետական կուսակցությունից դառնալ նախագահի թեկնածու։
2001 թվականին Դոուլը որովայնային աորտայի անևրիզմի բուժման հաջող կուրս է անցել։ Նրան բուժել է հայտնի անոթային վիրաբուժության մասնագետ Քենեթ Ուրիելը։ Բժիշկ Ուրիելը հայտնել է, որ «Դոուլն իր հումորի զգացողությունը ողջ բուժման ընթացքում պահպանել է»[22]։
2004 թվականի դեկտեմբերին Դոուլը ենթարկվել է ազդրի անոթի փոխման վիրահատության։ Վիրաբուժական միջամտությունից մեկ ամիս անց նրա մոտ տեղի է ունեցել գլխուղեղի արյունազեղում։ Նա 40 օր բուժման կուրս է ստացել Ուոլթեր Ռիդի անվան ԱՄՆ ազգային ռազմական բժշկական կենտրոնում։
Դոուլը մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոուլը հայտնի է իր մասին երրորդ դեմքով խոսելու սովորությամբ և գրիչով, որը նա բռնում է պարալիզված ձեռքով։ Օրինակ 1996 թվականին Նյու Հեմփշիրի նախնական ընտրություններին Դոուլը հայտնել է․ «Դուք պատրաստվում եք այստեղ տեսնել իսկական Բոբ Դոուլին»։ Այդ սովորությունները մշակույթում մի շարք նմանակումների տեղիք են տվել։
- Դոուլին նմանակել են դերասաններ Դեն Էյքրոյդը և Նորմ ՄաքԴոնալդը՝ «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» երեկոյան շոուի ժամանակ[23]։ 1996 թվականի նախագահական ընտրություններում պարտությունից հետո Դոուլն ներկա է եղել շոուին և քննադատել է ՄաքԴոնալդին։
- Կոմեդիկ ժանրի հեռուստասերիալում Բոբ Դոուլի դերը կատարել է դերասան Դավիթ Հերմանը։
- «Սիմփսոնները» մուլտսերիալում հանրապետական կուսակցությունը գաղտնի հանդիպում է կազմակերպել, որտեղ որոշվում է կոնգրեսականի թեկնածուն։ Բոլոր հավաքվածները համաձայնվում են ծաղրածու Քրաստի թեկնածությանը։ Այս որոշմանը դեմ է միայն Բոբ Դոուլը, որն առաջարկում է իր թեկնածությունը։ Նա գոռում է․ «Առաջարկում եմ թեկնածու Բոբ Դոուլին»[24]։
- Արևից երրորդ մոլորակը սիթքոմ, որտեղ Գարրի Սոլոմոնն առաջադրվել է քաղաքային խորհրդում, նա հերոսներից մեկին շարժում է ցույց տալիս՝ «երկու բութ մատերը վերև», որը հաճախ է կիրառում Բիլ Քլինթոնը, որից հետո անմիջապես սկսում է խոսել իր մասին երրորդ դեմքով և ցույց է տալիս գրիչը՝ բռնած աջ ձեռքով։ Ամենը վերջանում է նրանով, որ նա «բողոքարկում է երկու կողմերին» (1996 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ)։
- Ջոնի Բրավո մուլտֆիլմի դրվագներից մեկում Դոուլի վերաբերյալ կա պարոդիա՝ դինոզավրի տեսքով, որն աջ ձեռքում մատիտ է բռնել և իր մասին երրորդ դեմքով ասում է «Տ-Ռեքս»։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dole, Bob: One Soldier’s Story: A Memoir. (2005). HarperCollins. ISBN 0-06-076341-8
- James W. Ceaser and Andrew E. Busch: Losing to Win: The 1996 Elections and American Politics Rowman & Littlefield, 1997 Արխիվացված 2011-06-28 Wayback Machine
- Clinton, Bill: My Life. (2005) ISBN 1-4000-3003-X
- Robert E. Denton Jr.: The 1996 Presidential Campaign: A Communication Perspective Praeger Publishers, 1998 online Արխիվացված 2011-06-28 Wayback Machine
- Elovitz, Paul: «Work, Laughter and Tears: Bob Dole’s Childhood, War Injury, the Conservative Republicans and the 1996 Election». Journal of Psychohistory (1996) 24(2): 147-162. Issn: 0145-3378
- Joshua Wolf Shenk: "The Best and Worst of Bob Dole, " Washington Monthly, Vol. 28, July 1996 online Արխիվացված 2011-06-28 Wayback Machine
- Kerry Tymchuk, Molly Meijer Wertheimer, Nichola D. Gutgold: Elizabeth Hanford Dole: Speaking from the Heart Praeger, 2004
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Biographical Directory of the United States Congress — GPO, 1903.
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Veteran Republican leader Bob Dole dies // BBC — 2021.
- ↑ Merida K. Dole's Ex-Wife Still Puzzled by Divorce // The Washington Weekly Post / M. Murray — Washington: Fred Ryan, 1996. — ISSN 0190-8286; 2641-9599
- ↑ Հայաստանի բարեկամ նախկին սենատոր Դոլին շնորհվեց Կոնգրեսի ոսկե մեդալ
- ↑ Ancestry of Robert Dole (b. 1923)
- ↑ «Losing the War» by Lee Sandlin
- ↑ Сейчас этот госпиталь называется Федеральный центр Доула, Иноуи и Харта (Hart-Dole-Inouye Federal Center) в честь сенаторов, проходивших там лечение.
- ↑ Richard Lacayo, "Where’s the Party? Time August 19, 1996 online version
- ↑ 12,0 12,1 Галстян А. С. Армянское лобби в США: формирование и основные направления деятельности (1915-2014 гг.) Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. - Томск, 2015. - С. 236. Режим доступа: http://www.tsu.ru/science/disadvice/announcement_of_the_dissertations_in_the_tsu.php Արխիվացված 2016-04-03 Wayback Machine
- ↑ «Online NewsHour: Previous Vice Presidential Debates Lend Perspective to Edwards, Cheney Face-Off - October 5, 2004». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Рональду Рейгану в 1984 было 73 года и 6 месяцев, но это были его вторые президентские выборы
- ↑ 1996 Bob Dole acceptance speech
- ↑ Mr. Clinton’s Bridge
- ↑ DOLE SAYS HE WILL LEAVE SENATE TO FOCUS ON PRESIDENTIAL RACE
- ↑ Clinton And Dole, Face To Face, Spar Over Medicare And Taxes - New York Times
- ↑ 09/02/96 MEDICARE, TAXES, AND BOB DOLE: A TALK WITH THE PRESIDENT
- ↑ AllPolitics - Presidential Election Exit Poll Results
- ↑ Dole, Shalala to investigate Walter Reed problems - CNN.com
- ↑ «Bob Dole has surgery to treat aneurysm». USA Today via Associated Press. 2001 թ․ հունիսի 27. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Saturday Night Live Transcripts». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Bob Dole Thinks Bob Dole Should Run
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բոբ Դոուլը Ջորջ Բուշի հրաժեշտի արարողության ժամանակ
- Dole, Robert Joseph
- Официальный сайт Доула
- His hometown’s biography of him
- His biography on Alston & Bird’s website
- CNN AllPolitics review of his early life
- Bob Dole (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբ Դոուլ» հոդվածին։ |
|
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Կանզասի համալսարանի շրջանավարտներ
- Արիզոնայի համալսարանի շրջանավարտներ
- Հուլիսի 22 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Դեկտեմբերի 5 մահեր
- 2021 մահեր
- Վաշինգտոն քաղաքում մահացածներ
- Արլինգտոնի ազգային գերեզմանատանը թաղվածներ
- Բրոնզե աստղի մեդալակիրներ (ԱՄՆ)
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Հայաստան)
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի հասարակական գործիչներ
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի հակակոմունիստներ
- Ամերիկացի փաստաբաններ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ