Բարնսլի ֆուտբոլային ակումբ (անգլ.՝ Barnsley Football Club), անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ համանուն քաղաքից։ Իր պատմության մեծ մասում ակումբը հանդես է եկել Անգլիայի երկրորդ դիվիզիոնում։ «Բարնսլիի» կազմում հանդես են եկել բազում հայտնի ֆուտբոլիստներ։ Նրանցից մեկը Թոմի Թեյլորն է, ով խաղացել է նաև «Մանչեսթեր Յունայթեդում» և զոհվել է մյունխենյան ողբերգության ժամանակ։
2016/17 մրցաշրջանում ակումբը հանդես է գալիս Չեմպիոնշիպում։
«Բարնսլի» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1887 թվականին։ 1890 թվականից ակումբը խաղացել է «Sheffield and District League» լիգայում, իսկ 1895-ից՝ կենտրոնական կոմսության լիգայում (Midland League):
1898 թվականին «Բարնսլին» մասնակցել է ֆուտբոլային լիգային և հաջորդ 10 տարին խաղացել է երկրորդ դիվիզիոնում։ 1910 թվականին ակումբը հասավ Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվեց «Նյուքասլ Յունայթեդին»։ 1912 թվականին կրկին հասավ Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ վերախաղարկումով հաղթեց «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին» (1:0)՝ նվաճելով այս տիտղոսն իր պատմության մեջ առաջին և միակ անգամ։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո որոշում կայացվեց առաջին դիվիզիոնի ակումբների թիվը 20-ից հասցնել 22-ի։ «Բարնսլին», որը 1914/15 մրցաշրջանում երրորդ դիվիզիոնն ավարտել էր 3-րդ հորիզոնականում, հնարավորություն ուներ բարձրանալ առաջին դիվիզիոն, սակայն արդյունքում նրա փոխարեն այնտեղ հայտնվեց «Արսենալը»։