Jump to content

Այգեկութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այգեկութ, այգեքաղ, խաղողի բերքահավաք։ Ժամկետը որոշվում է խաղողի միջին նմուշների պարբերական վերլուծությունների հիման վրա։ Ժամանակից շուտ կամ ուշ այգեկութը իջեցնում է բերքի որակը (ցածր շաքարայնություն, վնասվածքներ վաղ աշնանային ցրտահարություններից, փտում անձրևներից

Հասուն խաղողի ողկույզները կտրում են դանակով կամ մկրատով, դասավորում արկղերում (10- 12 կգ) և ուղարկում նախնական վերամշակման կետեր։ Սեղանի խաղողի սորտերը հավաքում են լրիվ հասունության ժամանակ, չոր եղանակին, ողկույզները կտրում են՝ չդիպչելով պտուղներին, պահպանելով դիմացկունությունը բարձրացնող մոմային փառը։ Այգեկութից առաջ նախապատրաստում են մառանները, համապատասխան գույքը, ախտահանում տակառները, շենքերը, գործիքները և մեքենաները, ապահովում տարան, փոխադրամիջոցները։

Սովորույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս հին ժամանակներից այգեկութը հայերի համար եղել է ուրախության, խնդության տոն։ Այգեկութ սկսելու հանդիսավոր արարողությունը հեթանոսական ժամանակներում կապված է եղել Նավասարդի տոնակատարության հետ (օգոստոսի կեսերին)։ Մինչև տոնակատարության օրը չէր կարելի խաղող ուտել։ Այս սովորությունը հայ ժողովրդի մեջ պահպանվել է նաև քրիստոնեությունն ընդունելուց հետո։ Այս սովորության նպատակն էր թերհաս խաղող չքաղելն ու չօգտագործելը։

Մինչև 20-րդ դարի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհուպ մինչև 20-րդ դարի սկիզբը Գողթնում, Արարատյան դաշտում և այլ վայրերում այգեկութի առաջին օրը հրավիրում էին ազգականների և բարեկամների, այգում կազմակերպում էին ճաշկերույթ, երգում էին ուրախ երգեր։

Այգեկութը սկսում էին բարեմաղթանքներով։ Հավաքած խաղողը տեղափոխում էին հնձան, որը գտնվում էր այգու մի անկյունում։ Հրավիրված տղամարդկանցից մեկը բոբիկ ոտքերով տրորում էր խաղողը, հյութը հոսում էր շրջանաձև, փոքր ավազանի մեջ, որտեղից լցնում էին տկերը և տեղափոխում տուն, լցնում մառանում տեղավորված կարասները։

Խաղողի մի մասն էլ կողովներով փոխադրում էին կախանի համար։ Այգեկութը պատկերվել է հայ միջնադարյան շատ հուշարձանների քանդակներում (Դվին 5-րդ դար, Աղթամարի վանք, 20-րդ դար և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 342