Jump to content

Աղբավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աղբավայր, արտադրության և սպառման թափոնների տեղադրման տարածք։ Աղբավայրը թաղման միջոցով թափոններից ազատման վայր է։ Աղբավայրում տեղադրելը թափոնների կառավարման ամենահին ձևն է (պատմականորեն՝ աղբը պարզապես թողնվել է կույտերի ձևով կամ նետվել է փոսերի մեջ, իսկ աղբը թաղելն ավելի ժամանակակից ձև է)։ Ավանդաբար՝ աղբավայրերը եղել են թափոնների հեռացումը կազմակերպելու ամենատարածված մեթոդը և մնում են որպես այդպիսին աշխարհի տարբեր վայրերում։ Հայտնի են նաև կենցաղային թափոնների պատմական աղբակույտերը[1]։

Աղբավայրերը նաև թափոնների կառավարման համակարգի մաս են կազմում․ դրանք կիրառվում են, օրինակ, աղբի ժամանակավոր պահեստավորման, խտացման և տեղափոխման կամ թափոնների մշակման (տեսակավորման, վնասազերծման կամ վերամշակման) նպատակներով։ Եթե աղբավայրերը կառուցված են նախագծման և շահագործման հրահանգների խախտումներով, ապա կարող են զգալի սանիտարահիգիենիկ և բնապահպանական խնդիրներ առաջացնել։

Աղբավայր Լեհաստանում
Աղբավայր Արևմտյան Ավստրալիայի Փերֆ քաղաքում
Կանադայի Օնտարիո գավառի Դրայդեն քաղաքի աղբավայրերից մեկը

Սովորաբար՝ լավ կազմակերպված ոչ վտանգավոր թափոնների աղբավայրերի օպերատորների գործունեությունը համապատասխանում է նախապես սահմանված տեխնիկական պայմաններին`կիրառելով հետևայալ մեթոդները՝

  • հնարավորինս նվազեցնել թափոնների տեղակայման տարածքը,
  • սեղմել թափոնները՝ փոքրացնելու համար դրանց ծավալները։

Օպերատորները կարող են նաև ծածկել թափոնները (սովորաբար ամեն օր) հողի շերտերով կամ այլ տեսակի նյութերով, ինչպիսիք են փայտի տաշեղը և այլ նյութերի մանրացրած մասնիկները։ Աղբավայր ժամանելիս՝ աղբահավաք տրանսպորտային միջոցները կարող են կշռվել կշեռքով կամ հենահարթակային կշեռքով, և աղբավայրի անձնակազմը կարող է ստուգել բեռի համապատասխանությունը թափոնների ընդունման չափանիշներին։ Այնուհետև՝ աղբահավաք տրանսպորտային միջոցներն աղբավայրի առկա ճանապարհային ցանցի երթուղով ընթանում են դեպի թափման վայր, որտեղ և բեռնաթափում են պարունակությունը։ Բեռնաթափումից հետո՝ բուլդոզերները կամ սեղմող մեքենաները կարող են տարածել թափոները աշխատանքային մակերեսի վրա և սեղմել։ Աղբավայրի սահմաններից դուրս գալուց առաջ աղբահավաք տրանսպորտային միջոցները կարող են անցնել անիվների մաքրման կայանի միջով։ Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են կրկին կշռում անցնել հենահարթակային կշեռքի վրա՝ արդեն առանց բեռի։ Կշռման գործընթացի շնորհիվ կարող է վիճակագրություն հավաքվել օրական մուտքային տոննաժի վերաբերյալ, որը կարող է պահվել տվյալների բազաներում՝ հաշվառում իրականացնելու համար։ Բեռնատարներից բացի, որոշ աղբավայրեր կարող են կահավորված լինել երկաթուղային բեռնարկղերի սպասարկման սարքավորմամբ։ «Երկաթուղային փոխադրման» օգտագործումը թույլ է տալիս տեղակայել աղբավայրերը ավելի հեռավոր վայրերում՝ խուսափելով բեռնատար մեքենաներով թափոնների փոխադրման երթերի քանակության հետ կապված խնդիրներից։ Սովորաբար՝ թափոնները սեղմելուց հետո աշխատանքային մակերեսը ծածկում են հողաշերտով կամ այլընտրանքային նյութերով։ Թափոնների այլընտրանքային նյութերը ներառում են ջարդոտված փայտ կամ այլ «կանաչ թափոններ»[2], ցնցղնվող հատուկ փրփուր, բիոսոլիդներ (կոյուղաջրերի մաքրված նստվածքներ, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ որպես հողի որակիչ), ժամանակավոր վերմակներ։ Թափոնները շերտով ծածկելու աշխատանքը կրկնվում է ամեն աղբաթափումից հետո։ Եվ այն տարածությունը, որն զբաղված է սեղմված թափոններով և ծածկանյութով, կոչվում է օրական բջիջ։ Աղբի սեղմումը կարևոր նշանակություն ունի աղբավայրի կյանքի երկարաձգման համար։ Թափոնների խտության վրա զդող գործոններից են թափոնների սեղմունակությունը, թափոնների շերտի հաստությունը, թափոնների վրայող սեղմող մեքենայի անցնելու քանակությունը։

Առավելությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբավայրերը հաճախ աղբահեռացման ամենաարդյունավետ միջոցն են, հատկապես մեծ քանակությամբ բաց տարածքներ ունեցող երկրների համար։ Չնայած՝ աղբի և՛ ուտիլիզացիայի, և՛ այրման համար պահանջվում են լայնածավալ ներդրումներ ենթակառուցվածքներում, իսկ նյութերի ուտիլիզացիան պահանջում է նաև մեծաթիվ սպասարկող աշխատուժ, աղբավայրերը սակայն պահանջում են ավելի քիչ մշտական կամ ընթացիկ ծախսեր։ Բացի այդ՝ աղբավայրի գազը կարող է փոխակերպվել բնական գազի․ աղբավայրի գազի ուտիլիզացան եկամտի պոտենցիալ աղբյուր է[3]։ Մեկ այլ առավելություն է՝ ունենալ ուտիլիզացիայի համար հատուկ վայր, որը կարելի է մշտադիտարկել, և որտեղ թափոնները հնարավոր է վերամշակվել՝ առանձնացնելով բոլոր վերամշակելի նյութերը, մինչև դրանք թափելը։

Սոցիալական և բնապահպանական ազդեցությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբավայրերը կարող են հարուցել մի շարք խնդիրներ։ Կարող են տեղի ունենալ ենթակառուցվածքների խափանումներ, ինչպիսիք են, օրինակ, մոտեցման ճանապարհների վնասումը ծանր տրանսպորտային միջոցների կողմից։ Տեղական ճանապարհների կամ հոսող ջրերի աղտոտումը, որը տարածում են աղբավայրերից դուրս եկող տրանսպորտային միջոցների անիվները, կարող է էական լինել և այն հնարավոր է մեղմել անիվների լվացման համակարգերի միջոցով։ Կարող է նաև առաջանալ տեղական շրջակա միջավայրի աղտոտում, ինչպես օրինակ, ստորգետնյա ջրերի, նստվածքային ապարների կամ հողերի աղտոտում։

Գործողություներ Հավայան կղզիների աղբավայրում։ Նկարում երևում է, թափոններով լցված տարածքը հստակ սահմանագծված «բջիջ» է, և որ պաշտպանիչ շերտը տեղադրված է (բացված ձախից), կանխելու համար աղբաջրերով աղտոտումը, որոնք թափանցում են ներքև՝ երկրաբանական շերտերիմիջով:
Աղբավայր Հոնգ Կոնգում
Եվրոպական երկրները, որոնք արգելել են չմաքրված թափոնների տեղադրումն աղբավայրերում

Որոշ վայրերում ջանքեր են գործադրվում աղբավայրերում գոյացած ջրերը հավաքելու և վերամշակելու համար, մինչև դրանք հասնեն ստորերկրյա ջրերի շերտերին։ Այնուամենայնիվ՝ տակդիրները, որոնք օգտագործվում են աղբավայրերում աղբաջրերի թափանցելիության խոչնդոտման համար, ունեն շահագործման ժամկետ, թեև դա կարող է լինել 100 տարի կամ ավելի։ Ի վերջո՝ աղբավայրերի տակդիրները կվնասվի[4]՝ թույլ տալով, որ աղտոտող նյութերը աղտոտեն ստորերկրյա ջրերը։

Նեխման գազեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեխող սննդամթերքը և այլ քայքայվող օրգանական աղբը ստեղծում են նեխման գազեր, որոնք պարունակում են մեթան և ածխածնի երկօքսիդ։ Աղբավայրի գազերը կարող են աղբավայրից թափանցել շրջակա օդի և հողի մեջ։ Մեթանը ջերմոցային գազ է, և որոշ կոնցենտրացիաներում դյուրավառ է և պոտենցիալ պայթուցիկ։ Ածխածնի երկօքսիդը նույնպես ջերմոցային գազ է, որը գոյանում է թափոնների քայքայման հետևանքով։ Ածխածնի երկօքսիդը կլանում է ջերմությունը մթնոլորտում՝ նպաստելով կլիմայի փոփոխությանը[5]։ Պատշաճ հսկվող աղբավայրերում աղբավայրի գազը հավաքվում է և այրվում կամ վերավշակվում է աղբավայրի գազ ստանալու համար։

Հիվանդությունների տարածում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վատ կառավարվող աղբավայրերը կարող են անհարմարություններ պատճառել այնպիսի վարակիչ հիվանդություններ տարածողների պատճառով, ինչպիսիք են առնետներն ու ճանճերը։ Նման տարածողների թափանցումն աղբի մեջ կարելի է նվազեցնել աղբամաններից օգտեվելուց հետո կափարիչները հետևողականորեն փակ պահելու միջոցով։

Այլ տհաճություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ պոտենցիալ խնդիրներ են վայրի բնության խաթարումը, փոշին, հոտը, աղմուկը, անշարժ գույքի արժեքի նվազումը։

Աղբավայրի գազ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գազերը առաջանում են աղբավայրերում մանրէների կողմից աբերիոբ խմորման հետևանքով։ Պատշաճ կերպով կառավարվող աղբավայրերում այդ գազը հավաքվում և օգտագործվում է։ Աղբավայրերի գազը կարող է հեռացվել պարզապես այրման միջոցով կամ ուտիլիզացվել և գեներացնել էլեկտրաէներգիա։ Աղբավայրի գազի մոնիտորինգի համակարգն իրազեկում է աշխատողներին գազի կուտակման վտանագավորության աստիճանի մասին։ Որոշ երկրներում աղբավայրերի գազի ուտիլիզացիան մեշ ծավալների է հասնում. ԱՄՆ-ում, օրինակ, ավելի քան 850 աղբավայր ունի աղբավայրի գազի ուտիլիզացիայի համակարգեր[6]։

Տարածքային պրակտիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբավայրերը Կանադայում կառավարվում են բնապահպանական գավառային գործակալությունների կողմից և շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության համաձայն[7]։ Ավելի հին օբյեկտներ, որպես կանոն, ընկնում են գործող չափորոշիչների տակ և ենթակա են ալկալահանման[8]։ Որոշ նախկին աղբավայրեր են վերածվել զբոսայգիների։

Եվրոպական Միություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական Միության անդամ պետությունները պարտավոր են կատարել Թափոնների թաղման եվրոպական հրահանգի պահանջները։ Մեծ Բրիտանիայում դա Թափոնների իրականացման ծրագիրն է։

Միացյալ թագավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին տարիներին աղբահանության պրակտիկան Մեծ Բրիտանիայում ենթարկվել է փոփոխության՝ Աղբավայրերի վերաբերյալ եվրոպական հանձնարարականներով սահմանված պահանջներին համապատասխանելու համար։ Մեծ Բրիտանիան ներկայումս սահմանել է թափոնների վճար, որի միջոցով նպատակ է դրվել կրճատել աղբի ծավալները։ Աղբավայրեր տարվող բիոքայքայվող թափոնների ծավալների կրճատումը կնվազեցնի մթնոլորտ արտանետվող աղբանոցային գազի քանակությունը և կնպաստի շրջակա միջավայրի պաշտպանությանը։ Մինչև 31 մարտի 2013 թվականի՝ տեղական ինքնակառավարման մարմինների համար գործում էր Աղբավայրերի թույլտվության առևտրային քվոտաների համակարգը, որի համաձայն Անգլիայում տեղական ինքնակառավարման մարմինները կարող էին միմյանց միջև փոխանակել կամ վաճառել աղբավայրերի շահագործման թույլտվությունը։ Թափոնների և արտանետումների առևտրի ակտով՝ ընդունված 2003 թվականին, սահմանված է քվոտաների և աղբավայրի շահագործման առևտրային թույտվության տեղաբաշխման կանոնակարգ Անգլիայի յուրաքանչյուր տեղական ինքնակառավարման մարմնի համար։ Այս թույլտվություններն աղբահանություն իրականացնող մարմնին իրավունք են տալիս որոշակի ծավալի բիոքայաքայվող համայնքային աղբ տեդաղրել աղբյվայրում՝ քվոտայով սահմանված տարում։ Եվ աղբահանություն իրականացնող յուրաքանչյուր մարմին ինքն է որոշում, ինչպես առավել արդյունավետ օգտվել քվոտաից, այն է՝ վաճառել քվոտան աղբահանություն իրականացնող այլ մարմնի, պահպանել դրանք հաջորդ տարիների համար, փոխառության գործարկ իրականացնել։ Ուելսում, Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում գործում է այլ համակարգ, որտեղ իշխանությունները չեն կարողանում «առևտուր անել» միմյանց միջև, սակայն կիրառվում են աղբավայրերի շահագործման թույլտվություններ, որոնք հայտնի են որպես Աղբավայրի թույլտվության քվոտաներ։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգների աղբավայրերը կարգավորվում են յուրաքանչյուր նահանգի Բնապահպանական գործակալության կողմից, որը սահմանում է նվազագույն մեթոդական հանձնարարականներ, սակայն ոչ մի չափորոշիչ չի կարող լինել ԱՄՆ Շրջակա միջավայրի պահպանության գործակալության կողմից սահմանվածից պակաս։ Աղբավայրեր հիմնելու թույլտվությունը, ընդհանուր առմամբ, տևում է հինգից յոթ տարի, արժի միլիոնավոր դոլարներ և պահանջում է տեղակայման վայրի մանրամասն զննություն, ճարտարագիտական և բնապահպանական ուսումնասիրություններ և տեղական բնապահպանական ու անվտանգության շահերի ապահովումը հավաստող ապացույցեր[9]։

  • Կոշտ կենցաղային թափոնների աղբավայր։ Այստեղ են տանում տնային տնտեսությունների թափոնները և ոչ վտանգավոր նյութեր։ Այս տեսակի աղբավայր է նաև Բիոռեակտորային աղբավայրը, որի նշանակությունն է օրգանական նյութերի քայքայելը։
  • Արդյունաբերական թափոնների աղբավայր։ Այստեղ են տանում շինարարական, արտադրական, արդյունաբերական թափոնները և ածուխի այրման մնացորդային արդյունքները։
  • Վտանգավոր թափոնների[10] կամ Պոլիքլորացված դիֆենիլների աղբավայր[11]։ Պոլիքլորացված դիֆենիլների աղբավայրերի մշտադիտարկումը Միացյալ Նահանգներում իրականացվում է համաձայն 1976 թվականի Թունավոր նյութերի վերահսկողության մասին օրենքի։

Մանրէաբանական հարցեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբավայրի մանրէաբանական համայնքի մարսողական արդյունավետությունը կարող է պայմանավորել թափոնների քայքայումը[12]։ Աղբավայրերում հայտնաբերվել են պլաստիկ մարսող բակտերիաներ[13]։

Վերականգնվող նյութեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբավայրերը կարող են դիտվել որպես նյութերի և էներգիայի կենսունակ և առատ աղբյուր։ Զարգացող երկրներում թափոններ հավաքողները հաճախ փորփրում են աղբը՝ գտնելու համար դեռևս օգտագործելի նյութեր։ Աղբավայրերն այս իմաստող գրավիչ են դարձել նաև ձեռնարկատերերի համար․ ընկերություններից շատերը սկսել են հավաքել աղբավայրում առկա նյութերը և էներգիան[14]։ Հայտնի օրինակ են աղբից գազի ստացմամբ զբաղվող ձեռնարկատիրական կազմակերպությունները[15]։ Այլ ձեռնարկատիրական կազմակերպություններ զբաղվում են աղբի այրմամբ։

Այլընտրանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի լրումն թափոնների կրճատման և վերամշակման ռազմավարության՝ գոյություն ունեն այլընտրանքներ աղբավայրերում թափոնների թաղմանը, այդ թվում՝ աղբի այրման միջոցով էներգիա ստանալը, ադենոբիկ թթվեցում, կոմպոստավորում, մեխանիկական տեսակավորում և կենսաբանական վերամշակում, պիրոլիզ, պլազմայի աղեղնային գազիֆիկացում։ Կախված տեղական տնտեսությունից և խթաններից, դրանք կարող ենլինել ֆինանսապես ավելի գրավիչ, քան աղբավայրերը։

Սահմանափակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք եվրոպական երկրներ՝ Գերմանիան, Ավստրիան, Շվեդիան, Դանիան, Բելգիան, Նիդեռլանդները և Շվեյցարիան, արգելել են չվերամշակված թափոնների տեղադրումն աղբավայրերում։ Այդ երկրներում կարող են մնալ միայն որոշ վտանգավոր թափոններ, այրումից առաջացող ցնդող մոխիր, մեխանիկական տեսակավորման և կենսաբանական մաքրման կայանների վերջնարդյունքը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Midden». Merriam-Webster. Վերցված է 2014 թ․ մայիսի 18-ին.
  2. «Alternative Daily Cover (ADC)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 14-ին.
  3. «LFG Energy Projects». United States Environmental Protection Agency. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  4. US EPA, "Solid Waste Disposal Facility Criteria; Proposed Rule", Federal Register 53(168):33314–33422, 40 CFR Parts 257 and 258, US EPA, Washington, D.C., August 30 (1988a).
  5. «CO2 101: Why is carbon dioxide bad?». Mother Nature Network. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  6. Powell, Jon T.; Townsend, Timothy G.; Zimmerman, Julie B. (2015 թ․ սեպտեմբերի 21). «Estimates of solid waste disposal rates and reduction targets for landfill gas emissions». Nature Climate Change. 6: 162–165. doi:10.1038/nclimate2804.
  7. Landfill Inventory Management Ontario - How Ontario regulates Landfills - Ministry of the Environment
  8. Aging Landfills: Ontario's Forgotten Polluters - Eco Issues
  9. «Modern landfills». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  10. EPA, OSWER, ORCR, US. «Basic Information about Landfills». www.epa.gov. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  11. «Disposal and Storage of Polychlorinated Biphenyl (PCB) Waste». United States Environmental Protection Agency. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  12. Gomez, A.M.; =Yannarell, A.C.; Sims, G.K.; Cadavid-Resterpoa, G.; Herrera, C.X.M. (2011). «Characterization of bacterial diversity at different depths in the Moravia Hill Landfill site at Medellín, Colombia». Soil Biology and Biochemistry. 43 (6): 1275–1284. doi:10.1016/j.soilbio.2011.02.018.{{cite journal}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  13. Gwyneth Dickey Zaikab (2011 թ․ մարտ). «Marine microbes digest plastic».
  14. Multiple Purpose industries using landfills for energy Արխիվացված Դեկտեմբեր 8, 2009 Wayback Machine(Positional parameters ignored)=
  15. «Commercial exploitation of gas from landfills». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղբավայր» հոդվածին։