Ալիս Քեփել
Ալիս Քեփել անգլ.՝ Alice Keppel | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 29, 1868[1] |
Ծննդավայր | Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | սեպտեմբերի 11, 1947[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Իտալիա |
Գերեզման | Cimitero Evangelico agli Allori[2] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մայրենի լեզու | բրիտանական անգլերեն |
Մասնագիտություն | Սիրեկանի հաշվին ապրող կին և բարձրաշխարհիկ հեղինակություն |
Ամուսին | Ջորջ Քեփել[3] |
Ծնողներ | հայր՝ Sir William Edmonstone, 4th Baronet?[3], մայր՝ Mary Edmonstone?[3] |
Երեխաներ | Sonia Cubitt, Baroness Ashcombe?[3] և Violet Keppel Trefusis?[1][3] |
Alice Keppel Վիքիպահեստում |
Ալիս Ֆրեդերիկա Քեփել (անգլ.՝ Alice Frederica Keppel, օրիորդական ազգանունը՝ Էդմենսթեն, անգլ.՝ Edmonstone, ապրիլի 29, 1868[1], Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 11, 1947[1], Ֆլորենցիա, Իտալիա)[4], բրիտանացի արիստոկրատուհի և աշխարհիկ տիկին, որը երկար տարիներ եղել է թագավոր Էդուարդ VII-ի սիրուհին։
Դարձել է Էդվարդյան դարաշրջանի Մեծ Բրիտանիայում ամենահայտնի կանանցից մեկը։ 1898 թվականին նրա գեղեցկությունը և հմայքը գրավել են Ուելսի արքայազն Էդուարդի ուշադրությունը (1901 թվականից՝ թագավոր)։ Ալիսը դարձել է Էդուարդ VII-ի վերջին սիրուհին՝ մնալով այդպիսին մինչև նրա կյանքի վերջը։ Թագավորի արքունիքում ունեցել է մեծ ազդեցություն։
Իր կրտսեր դստեր՝ Սոնյա Ռոզեմարի Քեփելի միջոցով Ալիսը հանդիսանում է Կորնվալի դքսուհի Քամիլա Պարկերի նախատատը, որը Ուելսի արքայազն Չարլզի սիրուհին, ապա երկրորդ կինն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալիս Ֆրեդերիկա Էդմենսթենը, որին ընտանիքում անվանում էին Ֆրեդդի, ծնվել է 1868 թվականի ապրիլի 29-ին Սթրաթբլեյնում, Շոտլանդիա։ Նրա ծնողներն էին 4-րդ բարոնետ Ուիլյամ Էդմենսթենը (1810-1888) և Մարիա Ելիզավետան, ի ծնե՝ Փարսոնս (1823-1902)[5]։ Ալիսի հայրը հասել է թագավորական ռազմածովային նավատորմի ծովակալի պաշտոնին։ Ալիսի մորական պապը եղել է Իոնիկ կղզիների նահանգապետը[6]։ Ընտանիքում ծնվել է 11 երեխա, մինչև չափահաս դառնալն ապրել են նրանցից 9-ը։ Ալիսը ընտանիքի ամենակրտսեր երեխան էր։ Մանկության տարիներին ընկերացել է ավագ եղբոր՝ Արչիբալդի հետ, որի հետ տարբերությունը եղել է երկու տարի[7]։
Ալիսը մանկությունն ու պատանեկությունը անցկացրել է Դունթրիթ ամրոցում[5]։ Այդ կալվածքը պատկանել է նրանց ընտանիքին սկսած XIV դարից։ Դղյակը Շոտլանդիայի թագավոր Ռոբերտ III-ի հարսանեկան նվերն էր իր դուստր Մարիային, որը չորրորդ անգամ ամուսնացել էր Ուիլյամ Էդմենսթենի՝ Ալիսի նախնու հետ[5]։
Ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1891 թվականի հունիսի 1-ին Ալիսը 23 տարեկանում ամուսնացել է բրիտանացի սպա, հարգարժան Ջորջ Քեփելի հետ, որը չորս տարով մեծ էր հարսնացուից և Ալբեմարլի 7-րդ կոմս Ջորջի և Սոֆյա Մարիա Մաքնադի որդին էր։ Քեփելների ընտանիքը Բրիտանիայում հայտնի է եղել թագավորական ընտանիքին իր ծառայությամբ, տոհմի բարձրացումն սկսվել է Ալբեմարլի 1-ին կոմսից, որը թագավոր Վիլհելմ 3-րդի մտերիմ ընկերն է եղել[7][8]։ Ջորջի և Ալիսի ընտանիքում ծնվել է երկու դուստր՝ Վիոլետը (1894-1972) և Սոնյան (1900-1986)։
Ամուսնու մշտական բացակայությունների և փողի պակասի պատճառով Ալիսն սկսել է սերտ հարաբերություններ հաստատել Լոնդոնի հարուստ տղամարդկանց եւ արիստոկրատների հետ, որպեսզի իր ընտանիքը կարողանա մասնակցել բարձր հասարակության կյանքին։ Նրա առաջին սիրեկանը եղել է Էրնստ Բեքերը։ Քեփել ընտանիքի անդամները պնդել են, որ ամուսինների առաջնեկի կենսաբանական հայրը եղել է հենց Բեքերը։ Դրանից հետո նա սիրավեպ է ունեցել Ալինգթոնի 2-րդ բարոնի հետ[8]։
Ջորջ Քեփելը կնոջ մասին ասել է. «Ես դեմ չեմ այն ամենին, ինչ նա անում է, պայմանով, որ նա վերադառնա ինձ մոտ»[9]։ Նա գիտեր Ալիսի սիրային արկածների մասին, խիստ կապված էր նրա հետ, բայց չնայած դրան՝ ինքը ևս շատ սիրուհիներ է ունեցել[10]։ Պատմաբան Քրիստոֆեր Հիբերտը գրել է, որ «Ջորջը շատ էր սիրում կանանց և չէր առարկում Ալիսի մտերիմ բարեկամությունը այլ տղամարդկանց հետ»[11]։ Չնայած փոխադարձ դավաճանություններին՝ զույգի դուստրերից մեկը գրել է, որ ծնողների ամուսնությունը «լի էր սիրով և ծիծաղով»[12]։ Ալիսը սիրում էր հանդես գալ բարձր շրջանակներում և կարճ ժամանակ անց դարձել է աշխարհիկ շրջանակի ամենահայտնի կանանցից մեկը։ Ժամանակակիցները նրան նկարագրել են որպես սրամիտ, բարի և ինքնատիրապետումը երբեք չկորցնող կին։ Նրա ավագ դուստրն ավելի ուշ գրել է, որ մայրը «շատ ուրախություն է պարգևել իրեն շրջապատող մարդկանց՝ հիշեցնելով տոնածառ, որի վրա նվեր է եղել յուրաքանչյուրի համար»[7]։
Սըր Հարոլդ Էկտոնը գրել է, որ «ոչ ոք չէր կարող մրցակցել Ալիսի հետ բարձր հասարակության մեջ, նա կարող էր իր մեջ մարմնավորել ողջ Բրիտանիան՝ որպես կենդանի պատկեր»[12]։ Ալիս Քեփելը դարձել է միսիս Ռամոնա Չեյնի նախատիպը անգլիացի գրող Վիտա Սեքվիլ-Ուեսթի «Էդվարդյանցիներ» վեպում, որը քննադատել է Էդուարդ VII թագավորի ժամանակների բարձրագույն հասարակությունը[13]։ Ալիսը համարվել է իր ժամանակի ամենագեղեցիկ կանանցից մեկը։ Ալիսային նկարագրել են որպես մի կնոջ, որն ունի մաշկի ալաբաստրե գույն, մեծ կապույտ աչքեր, բարակ իրան, շագանակագույն մազեր և մեծ կուրծք[7][14]։
Թագավորի սիրուհի
[խմբագրել | խմբագրել կոդը]1898 թվականին Ալիս Քեփելը հանդիպել է գահաժառանգի՝ Ուելսի արքայազն Ալբերտի հետ, որն այն ժամանակ 56 տարեկան էր։ Չնայած տարիքային տարբերության 26 տարիներին՝ նրանք դարձել են սիրեկաններ։ Քեփել ամուսինները բնակվել են Կենտ կոմսության Արևելյան Սաթոն գյուղում, որտեղ մշտապես եղել է գահաժառանգը։ Ալիսը եղել է ժառանգորդի սիրուհին, որը 1901 թվականին Մեծ Բրիտանիայի գահ է բարձրացել և նրա վերելքից հետո, ընդհուպ մինչև նրա մահը 1910 թվականին, Ալիսը եղել է թագավորին շրջապատող այն սակավաթիվ մարդկանցից մեկը, որ կարող էր հանդուրժել նրա տրամադրության հանկարծակի տատանումները։ Արքունիքում ասում էին, որ նա կարող էր թագավորին դարձնել քմահաճ, բայց երջանիկ մարդ[15]։
Թագավորի կնոջը՝ Ալեքսանդրա Դանիացուն, դուր էր գալիս Ալիսը, և նա հանդուրժել է ամուսնու դավաճանությունը։ Թագուհին նրան ավելի շատ էր սիրում, քան ամուսնու նախորդ սիրուհուն՝ Դեյզի Գրևիլին, որը թագուհու կարծիքով անզուսպ էր և միշտ ցույց էր տալիս իր բնավորությունը։ Միլիսենտա Լևեսոն Գոուերը՝ Դեյզի Գրևիլի միակ արգանդակից քույրն ասել է, որ «թագավորը դարձել է ավելի հաճելի երեխա, երբ փոխել է սիրուհուն»[16]։
Շնորհիվ արքունիքում ունեցած իր դերի՝ Ալիսը դարձել է շատ հարուստ։ Թագավորը նրա համար ստեղծել է հատուկ դրամական ֆոնդ, որն ապահովում էր նրա ֆինանսական անվտանգությունը[15]։ Նա իր սիրուհուն փոխանցել է 50 հազար ֆունտ ստերլինգ, ինչը համապատասխանում է ներկայիս 7,5 միլիոն ֆունտին։ Ալիսի ամուսինը բարձրացում է ստացել և սկսել է ավելի շատ գումար վաստակել։ Քրիստոֆեր Հիբերթի խոսքերով՝ «Ջորջը գնացել է աշխատելու Թոմաս Լիպտոնի մոտ, որը նրա համար աշխատանք է գտել հենց թագավորի խնդրանքով»[11]։ Շնորհիվ իր ազդեցության՝ Ալիսը օգնել է իր եղբորը՝ Արչիբալդին, որ պալատում ծառայության անցնի։ Ավելի ուշ Ալիսը նրա բոլոր ծախսերը վերցրել է իր վրա[7]։
1901 թվականին Էդուարդը դարձել է թագավոր։ Ալիսը միջնորդ է դարձել նրա և նրա նախարարների միջև։ Նա գիտեր, թե ինչպես պետք է անել այնպես, որ թագավորը լսի նրանցից յուրաքանչյուրի զեկույցները, նույնիսկ, եթե դա չի հետաքրքրել նրան։ Հնդկաստանի գլխավոր նահանգապետը հիշատակել է, թե ինչպես մի քանի անգամ թագավորը համաձայն չի եղել Ֆորին օֆիսի որոշումների հետ և Ալիսի միջոցով ինքը խորհրդակցել է թագավորի հետ՝ այդ խնդիրները կարգավորելու և որոշումներ կայացնելու համար[17]։
Ալիսի ազդեցությունը հիմնված էր նրա անձնական հատկանիշների վրա, ունենալով գեղեցկություն, հմայք ու կարողանալով խոսել թագավորի հետ, քաղաքականության մեջ Ալիսը աջակցել է լիբերալներին և հանդես է եկել որպես միջնորդ նրանց և Էդուարդի միջև։ Հայտնի չէ, թե ինչ ազդեցություն է ունեցել նա քաղաքականության մեջ, սակայն թագավորը միշտ լսել է սիրուհուն և նրա կարծիքից կախված է եղել միապետի որոշումը։ Կենսագիր Ռեյմոնդ Լամոնտ-Բրաունը գրել է, որ թագավորը լիովին վստահել է նրան։ Վարչապետ Հերբերտ Հենրի Ասկվիտը և նրա կինը մի անգամ նամակում շնորհակալություն են հայտնել Ալիսին՝ թագավորին իմաստուն խորհուրդներ տալու համար։ Ալիսը չէր սիրում, երբ իր անունը կապում էին քաղաքականության հետ։ 1933 թվականին Մարգո Ասքվիթը հրապարակել է հուշեր, որոնցում գրել է, որ «Ալիսը ատում էր, երբ իր անունը հիշատակվում էր որպես քաղաքականության մեջ թագավորի խորհրդական»[18]։
Չնայած միապետի վրա մեծ ազդեցությանը՝ Ալիսը չի կարողացել համոզել նրան հրաժարվել ծխելուց և ծանր սննդի օգտագործումից։ Անհանգստանալով թագավորի առողջական վիճակի համար՝ նա գրել է պորտուգալացի դեսպան և թագավորի մոտ ընկեր Լուիշ Պինտո դե Սովերալին. «Ես ուզում եմ, որ Դուք փորձեք ազդեցություն ունենալ թագավորի վրա իր ծնկների համար բժշկի ընտրության հարցում… արեք այն, ինչ կարող եք նրա համար և իհարկե ոչ մեկին չասեք, որ ես գրում եմ ձեզ»[19]։ Թագավորի մահը Ալիսի մոտ հիստերիա է առաջացրել։ Մահվան մահճից նրան կարողացել են հանել միայն արքունի ծառայողները։ Ավելի ուշ նա խոստովանել է, որ չի կարողացել իրեն վերահսկել այդ պահին։ Նոր թագավոր Գեորգ V-ը և թագուհի Մարիա Թեքցին անհրաժեշտ չեն համարել հուղարկավորությանը հրավիրել նախկին թագավորի սիրուհուն[20]։
Հետագա կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1910 թվականի նոյեմբերին Ալիսը ամուսնու հետ լքել է Լոնդոնը։ Ալիսի խոսքերով՝ նրանք լքել են մայրաքաղաքը երեխաների կրթության պատճառով, սակայն իրականում պատճառը թագավորի մահն էր[21]։ Ընտանիքը երկու տարի անցկացրել է արտասահմանում, նրանք ճանապարհորդել են Հեռավոր Արևելքում, եղել են Շրի Լանկայում։ Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո նրանք նոր տուն են գնել Լոնդոնի Գրոսվենոր սթրիթում։ Սակայն հայրենիքում նրանք երկար չեն մնացել։ Շուտով ամուսինները մեկնել են Իտալիա, որտեղ բնակություն են հաստատել Ֆլորենցիայում և այնտեղ անցկացրել մնացած կյանքը՝ գնելով փոքրիկ վիլլա։ Քեփել զույգը Լոնդոն հազվադեպ է այցելել։ Վիլլա դել Օմբրելիոն, որը գնել էին նրանք, տարբեր ժամանակներում եղել է Գալիլեյի, բանաստեղծ Ուգո Ֆոսկոլոյի և ամերիկացի գիտնական Չարլզ Էլիոթ Նորթոնի տունը։ Բրիտանացի ճարտարապետ Սեսիլ Փինսեթը զբաղվել է ամուսինների համար վիլլայի թեթևակի վերակառուցմամբ։ Ալիսը վիլլայի տարածքում անգլիական այգի է տնկել։ Ծնողների մահից հետո վիլլան ժառանգել է նրանց դուստրը՝ Վիոլետը, որն ապրել է այնտեղ մինչև իր մահը՝ խնամելով տունն ու այգին[22]։
1936 թվականի դեկտեմբերի 11-ին թագավոր Էդուարդ VIII-ը՝ Էդուարդ VII-ի թոռը, բրիտանական գահից հրաժարվել է՝ հանուն երկու անգամ ամուսնալուծված Ուոլլիս Սիմփսոնի։ Իմանալով այդ մասին՝ Ալիսն ասել է. «Իմ ժամանակներում շատ ավելի լավ բաներ են եղել»[23]։
1947 թվականի սեպտեմբերի 11-ին Ալիս Քեփելը մահացել է լյարդի ցիռոզից։ Երկուս ու կես ամիս անց ամուսինը հետևել է նրան։ Ասում էին, որ Ջորջը չէր կարող ապրել առանց իր կնոջ, որի հետ ամուսնացած էր 56 տարի[24]։ Երկուսն էլ թաղվել են ֆլորենցիական Ալլորի գերեզմանատանը[4]։ Հետագայում Ֆլորենցիայի բնակիչները, զբոսաշրջիկները անհայտ պատճառով ասում էին, որ վիլլայում ապրել է Ջորջ Քեփելը՝ Վիկտորյա թագուհու վերջին սիրեկանը։
1974 թվականին Մեծ Բրիտանիայում թողարկվել է «Էդուարդ Յոթերորդ» սերիալը, որը պատմում էր Էդուարդ VII թագավորի կյանքի և կառավարման մասին։ Ալիս Քեփելի դերը խաղացել է բրիտանացի դերասանուհի Մոյրա Ռեդմոնդը[25]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Lundy D. R. The Peerage
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Kindred Britain
- ↑ 4,0 4,1 «Keppel, Alice» (անգլերեն) — Профиль на The Androom Archives.
- ↑ 5,0 5,1 5,2 Souhami, 1996, էջ 15
- ↑ Souhami, 1996, էջ 16
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Souhami, 1996, էջ 17
- ↑ 8,0 8,1 Souhami, 1996, էջ 22
- ↑ Carroll, 2008, էջ 391
- ↑ Wilson, 2003, էջ 23
- ↑ 11,0 11,1 Wilson, 2003, էջ 26
- ↑ 12,0 12,1 Aronson, 1988, էջ 224
- ↑ Souhami, 1996, էջ 57—58
- ↑ Lamont-Brown, 2001, էջ 63
- ↑ 15,0 15,1 Lamont-Brown, Raymond. — Исторические заметки: прекрасная и популярная любовница короля«Historical Notes: A perfect and popular royal mistress» (անգլերեն). The Independent.
- ↑ Aronson, 1988, էջ 195
- ↑ Carroll, 2008, էջ 389
- ↑ Graber, էջ 112
- ↑ Graber, էջ 114
- ↑ Mahon, 2011
- ↑ Graber, էջ 115
- ↑ Wilson, 2003, էջ 31
- ↑ Souhami, 1996, էջ 4
- ↑ Wilson, 2003, էջ 33
- ↑ «Edward the Seventh»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Souhami, Diana. Mrs Keppel and Her Daughter :
[անգլ.]. — Լ. : HarperCollins, 1996. — P. 4, 15—22, 57—58. — 368 p. — ISBN 0312195176.
- Aronson, Theo. The King in Love: Edward VII's Mistresses: Lillie Langtry, Daisy Warwick, Alice Keppel :
[անգլ.]. — Լ. : Harpercollins, 1988. — P. 195, 224. — 301 p. — ISBN 0719545269.
- Mahon, Elizabeth Kerri. Scandalous Women: The Lives and Loves of History's Most Notorious Women :
[անգլ.]. — Լ. : Harpercollins, 2011. — 320 p. — ISBN 1101478810.
- Wilson, Christopher. The Windsor Knot :
[անգլ.]. — Լ. : Kensington, 2003. — P. 23—33. — 357 p. — ISBN 978-0-8065-2386-6.
- Lamont-Brown, Raymond. Edward VII's Last Loves: Alice Keppel and Agnes Keyse :
[անգլ.]. — Լ. : Sutton Publishing, 2001. — P. 63. — 224 p. — ISBN 0750926376.
- Carroll, Leslie. Royal Affairs: A Lusty Romp Through the Extramarital Adventures That Rocked the British Monarchy :
[անգլ.]. — Ն. Յ. : New American Library, 2008. — P. 389—391. — 447 p. — ISBN 978-0-451-22398-2.
- Nelson, Michael. Queen Victoria and the discovery of Riviera :
[անգլ.]. — Լ. : I. B. Tauris, 2001. — P. 46. — 224 p. — ISBN 1845113454.
- Graber, Katherine. One Whirl of Amusements " Examining the evolving role of the royal mistress from Lillie Langtry to Alice Keppel" :
[անգլ.]. — P. 112—115.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Alice Frederica Edmonstone» (իսպաներեն) — Профиль на Geneall.net.
- «Alice Frederica Edmonstone» (անգլերեն) — Профиль на Thepeerage.com.
- «Alice Frederica Keppel» (անգլերեն) — Профиль на сайте Национальной портретной галереи в Лондоне.
- Diana Souhami. — Миссис Кеппел и её дочь«Mrs. Keppel and Her Daughter» (անգլերեն). St. Martin's Press.
- «Keppel, Alice» (անգլերեն) — Профиль на The Androom Archives.
- Lamont-Brown, Raymond. — Исторические заметки: прекрасная и популярная любовница короля«Historical Notes: A perfect and popular royal mistress» (անգլերեն). The Independent.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիս Քեփել» հոդվածին։ |
|