Սոսի արևելյան
Սոսի արևելյան | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Platanus orientalis
|
Սոսի արևելյան (լատին․՝ Platanus orientalis), սոսազգիների ընտանիքի, սոսի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուսական աշխարհի հսկաներից է. հասնում է մինչև 50 մ բարձրության, իսկ բնի տրամագիծը երբեմն հասնում է 18-ի։ Գեղեցիկ, հզոր ծառ է։ Բունը մուգ դարչնագույն է, ճաքճքված կեղևով։ Ջերմասեր և խոնավասեր է, կարող է աճել միայն ցածրադիր տաք, խոնավությամբ ապահովված վայրերում։ Լուսասեր է։ Տերևները թաթանման են, 5-7 բլթակավոր, 12-15 սմ երկարությամբ և 15-18 սմ լայնությամբ, հիմքում կտրվածքով կամ լայն սրտանման։ Բլթակները երկարավուն են, փոսիկավոր, խոշոր ատամնաեզր, յուրաքանչյուր կողմում 2-5 ատամիկներով, հազվադեպ գրեթե ամբողջաեզր։ Ատամիկները սրածայր են։ Երիտասարդ տերևները ծածկված են սպիտակ-թաղիքանման, աստղաձև մազմզուկներով, ավելի ուշ վերևից մուգ կանաչ են, հաճախ՝ փայլուն, ներքևից ավելի բաց գույնի, մերկ և աղվամազով ծածկված միայն գլխավոր ջղերի ուղղությամբ։ Տերևակոթունների երկարությունը հասնում է 5—7 սմ-ի։ Պտղագլխիկները խոզանականման են, կազմված 2-7 գլխիկներից, 2,5 սմ տրամագծով։ Լավ է աճում խիստ կրային հողերում։ Լավ է դիմանում ծխին և զանազան գազերին։ Չափազանց շոգեդիմացկուն և փոշեդիմացկուն է։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է միջերկրածովյան ավազանում, Մերձավոր Արևելքում, հայկական բարձրավանդակում։ Ղափանի շրջանի Ծավ գյուղի մոտ է գտնվում սոսիների միակ խոշոր պուրակը, որը զբաղեցնում է 80 հա տարածություն և ներկայումս արգելանոց է հայտարարված։ Հնագույն ժամանակներից մշակվում է միջերկրածովյան ավազանում և Մերձավոր Արևելքի երկրներում։ Հնադարյան հայերը այս ծառատեսակը պաշտում էին և հեթանոս քրմերը դրանց տերևների սոսափյունը ունկնդրելով գուշակություններ էին անում երկրի ու մարդկանց ճակատագրի մասին։ Հայաստանի հնադարյան մայրաքաղաք Արմավիրում գտնվող Անահիտ աստվածուհու մեհյանը շրջապատված էր Սոսյաց հռչակավոր անտառով։ Ինչպես նշում է Ղ. Ալիշանը, 18-րդ դարում Երևանում աճում էր սոսու մի հսկայական ծառ, որն իր չափերով չէր զիջում Թուրքիայի Բոյուկ-տերե հռչակավոր սոսուն։ Ենթադրվում էր, որ այդ ծառի հասակը անցնում էր 2000 տարուց։ Ներկայումս էլ մեր հանրապետության ցածրադիր գոտու բնակավայրերում այդպիսի ծառեր են հանդիպում։ Մեղրի ավանում 800 տարեկան մի ծառ է աճում' 25 մ բարձրությամբ և 9 մ բնի տրամագծով, որի փչակում մի ժամանակ մսավաճառի կրպակն էր տեղավորված։ Այդպիսի մի ծառ կա նաև Իջևանի շրջանի Սարիգյուղի մոտ։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լայնորեն է օգտագործվում տաք շրջանների բնակավայրերի կանաչապատման բնագավառում[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (142)։