Jump to content

Տարածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տարածք (լատին․՝ territorium) պետական, երկրագնդի մաս, որը գտնվում է որոշակի պետության գերիշխանության ներքո։ Պետական տարածքները որոշվում են ռազմական և դիվանագիտական ճանապարհներով։

ԱՄՆ-ի տերիտորիան

Տերիտորիայի կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերիտորիայի կազմի մեջ են մտնում ցամաքը, ջրերը և ցամաքի ու ջրերի վրա գտնվող օդային տարածությունը։ Ցամաքային և ջրային տերիտորիայի տակ գտնվող ընդերքը, մինչև տեխնիկապես մատչելի խորությունները, մտնում են պետության տերիտորիայի մեջ։ Օդային տարածության մեջ է ընդգրկվում տրոպոսֆերան, ստրատոսֆերան, ինչպես և դրանից բարձր գտնվող տարածության նշանակալի մասը։

Տերիտորիայի խնդիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերիտորիայի խնդիրը միջազգային ամենախճճված ու վիճելի հարցերից է։ Հազարամյակների ընթացքում ժողովուրդների միջև մղվող պատերազմների, էթնիկական խմբերի տեղաշարժերի հետևանքով տերիտորիայի պատկանելության հարցը աշխարհի բազմաթիվ ժողովուրդների և պետությունների միջև այսօր էլ մնում է անլուծելի, առիթ հանդիսանում դարավոր անհաշտությունների, երբեմն էլ արյունալի բախումների։ Պետությունների գոյակցությունն անհրաժեշտաբար պահանջում է փոխադարձաբար սահմանազատել իշխանության սահմանները հարևան պետությունների միջև, որովհետև հակառակ դեպքում պետությունների հարաբերությունները կլուծվեին ուժի գործադրմամբ և փաստական տիրապետությամբ։ Փաստական տիրապետությունն ինքնին չի ապահովում իրավունքը տվյալ տերիտորիայի նկատմամբ։ Այդ պատճառով տարբերում են իրավաբանական և փաստացի տիրապետություն հասկացությունները։

Պետությունների սահմանազատումը պետք է տեղի ունենա միջազգային իրավունքի նորմերին համապատասխան և շահագրգռված պետությունների միջև իրավահավասար ու ազատ կնքված պայմանագրերի հիման վրա։ Տերիտորիայի վերաբերյալ պետությունների միջև հարաբերությունների իրավական հիմքերը պատմականորեն եղել են տարբեր։ Ստրկատիրական հասարակարգում տերիտորիայի ձեռքբերման օրինական ճանապարհ է համարվել ուրիշի տերիտորիայի զավթումն ու նրա բնակչության ստրկացումը։ Ֆեոդալական հասարակարգում տերիտորիան համարվել է գույք, իսկ նրա նկատմամբ իրավունքը ընչական իրավունք։ Տերիտորիայի ձեռքբերումը գնմամբ, փոխանակությամբ, նվիրատվությամբ, ժառանգմամբ, ամուսնություններ ձևակերպելիս որպես օժիտ փոխանցելու եղանակով համարվել է օրինական։ Բուրժուական հասարակարգում ժողովրդի մինչ այդ մասնատված մասերը համախմբվում են մի ազգային ամբողջության մեջ, տերիտորիաները միավորվում են ազգաբնակչության ազգային ընդհանրության հիման վրա։ Բուրժուական դասակարգը տերիտորիայի նկատմամբ հաստատում է պետության հանրային-իրային իրավունքը։ Հետագայում ստեղծվում է տերիտորիայի դասական ըմբռնում՝ կառուցված հանրային-իրավական իմպերիումի հիմքի վրա։ Պետությունն անկարող է անմիջականորեն, առանց քաղաքացիների, գերիշխանություն դրսևորել տերիտորիայի նկատմամբ։ Որպեսզի տերիտորիան մեկ պետության տիրապետությունից անցնի մեկ այլ պետության, անհրաժեշտ է նաև բնակչության համաձայնությունը։ Պատմականորեն առաջադիմական այդ ըմբռնումը նպաստել է տերիտորիայի պետական սեփականության սկզբունքը ազգային սեփականության սկզբունքով փոխարինելուն։

Թեև բուրժուական իրավունքում տերիտորիան չի ճանաչվում որպես գույք, սակայն բուրժուական պետությունները շարունակում են այն դիտել որպես պետության սեփականության օբյեկտ, դարձնել ամեն տեսակ գործարքների առարկա։ Այդ պրակտիկայի հիման վրա 20-րդ դարի սկզբին բուրժուական տեսաբանները միջազգային իրավունքում ձգտում են իմպերիումի գաղափարը զուգակցել դոմինիումի՝ սեփականության գաղափարի հետ։ Այս դեպքում տերիտորիան դիտվում է «պետության միջազգային սեփականության» օբյեկտ։ Տերիտորիայի բաժանումը ներպետականի (իշխանության սահման) և միջազգայինի (սեփականություն) գործնականում արդարացնում է զավթողական գաղութային պատերազմներն ու անեքսիաները։

Հայաստանի տարածքը

Տերիտորիայի ձեռքբերման «իրավական» միջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերիտորիայի որպես ընչական իրավունքի օբյեկտի ընդունումը, ժողովուրդների ազգային սուվերենության արհամարհումը հնարավորություն է տալիս տերիտորիայի ձեռքբերման «իրավական» միջոցները հիմնավորել հռոմեական իրավունքի ըմբռնումներով։ Ըստ այդ ըմբռնումների, տերիտորիայի ձեռքբերման օրինական ձևեր են՝ նվաճումները, վաղեմությունը, զիջումը, առուծախը, նախնական օկուպացումը և այլն։

Պետությունների տարածքի սահմանազատման սկզբունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմպերիալիզմի դարաշրջանին հատուկ դրսևորումներից է տերիտորիայի զավթումը, պայքարը աշխարհի բաժանման ու վերաբաժանման համար։ Միջազգային իրավունքի բուրժուական ըմբռնումը տերիտորիայի նկատմամբ գերիշխանության, դրա հետ կապված տերիտորիայի փոփոխության իրավական հիմքերի մասին չունի միասնական տեսակետ։ Բացակայում է անգամ տերիտորիայի հաստատված սահմանումը։ Սակայն բոլոր դեպքերում, տերիտորիան դիտելով որպես սեփականության օբյեկտ, իշխանության կամ պետության իրավասությունների սահման, բուրժուական իրավագետները ոտնահարում են ժողովուրդների և ազգերի գերիշխանությունը։ Դա համապատասխանում է իմպերիալիզմի դարաշրջանի բուրժուական պետությունների գործունեությանը։ Տերիտորիալ սահմանատումների դեպքում ամենուր արհամարհվել է ժողովուրդների կամքը, գործադրվել է չքողարկված բռնությունը, կամայականությունը։ Թույլ և փոքր պետությունների ազգային շահերը անտեսվել են հօգուտ իմպերիալիզմի նվաճողական քաղաքականության։ ժողովուրդների և պետությունների տերիտորիալ իրավունքները իմպերիալիստական պետությունների դիվանագիտական խաղում դարձել են խաղալիք։ ժամանակակից միջազգային իրավունքում տերիտորիալ վեճերի կարգավորման հիմքերը արմատապես փոփոխվել են։ Այդ պրոցեսում վճռական դեր է խաղացել աշխարհում առաջին սոցիալիստ, պետության պրակտիկան։

Վ․ Ի․ Լենինն է մշակել և գործնականում կիրառել պետությունների տերիտորիայի սահմանազատման նոր սկզբունքը։ Ազգերի ինքնորոշման մասին լենինյան ուսմունքը, պետությունների սահմանների հաստատման կարգի նկատմամբ վերաբերմունքը, անեքսիաների սահմանման նրա ըմբռնումը դրվել են սովետական պետության արտաքին քաղաքական գործունեության հիմքում։ Լենինը տերիտորիալ փոփոխություններն անմիջականորեն կապել է ազգերի ինքնորոշման իրավունքի հետ։ Այդ սկզբունքի խախտումը հանգեցնում է ինքնորոշման սկզբունքի խախտմանը կամ անեքսիայի։ Միջազգային իրավունքի ժամանակակից նորմերի համաձայն, օրինական են և իրավաբանորեն հիմնավորված տերիտորիայի այն փոփոխությունները, որոնք առաջանում են օտարերկրյա գերիշխանությունը ազգային-ազատագրական պայքարով թոթափելու ճանապարհով, ազգի մասնատված հատվածները հայրենիքի սահմանների մեջ միավորելու, այս կամ այն ազգի շահերից ելնելով պետության տերիտորիայի որևէ հատվածը կամավոր զիջելու միջոցով։ Տերիտորիայի ժամանակակից ըմբռնումը բխում է այն տեսակետից, որ պետությունն իշխում է տվյալ տերիտորիաում և տիրում է այդ տերիտորիային այդտեղ բնակվող բնակչության կամքով։ Տերիտորիայի փոփոխություն թույլատրում է միայն նրա ժողովրդի կամքով ու ցանկությամբ։ Արդի միջազգային իրավունքն ու ՄԱԿ-ի կանոնադրությունը թույլատրում են այդպիսի փոփոխություններ կատարել պետությունների փոխադարձ համաձայնությամբ կամ միջազգային հեղինակավոր մարմինների որոշմամբ, եթե այդ որոշումը բխում է միջազգային հանրաճանաչ նորմերից։ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն պետությունները տերիտորիալ վեճերը պարտավոր են կարգավորել խաղաղ ճանապարհով, միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, ինչպես նաև արդարացիությունն ապահովելու միջոցով։ Արդի միջազգային իրավունքը մերժում է ուրիշի տերիտորիայի յուրացումն անկախ ձեռքբերման վաղեմությունից։

ի տարածքը]]

Տերիտորիաների զիջում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային պրակտիկայում տերիտորիաների փոփոխության տարածված եղանակ է զիջումը (cessio), որը կատարվում է պետությունների միջև կնքված պայմանագրի հիման վրա։ Այդպիսի պայմանագիր կարող է կնքվել հաշտության պայմանագրերի կամ պատերազմների հետևանքով։ Ըստ որում, տարբերում են կամավոր և հարկադիր զիջումներ։ Եթե տերիտորիայի զիջումը պետության ագրեսիայի հետևանք է և կատարվել է հարկադրաբար, անկախ իրավաբանորեն ձևակերպվելուց, պետք է դիտվի հակաօրինական։

Ազգային տերիտորիայի սահմանների որոշում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային իրավունքի նորմերով ազգային տերիտորիայի սահմանները կարելի է որոշել ազգային խմբի տարածման սահմանով՝ էթնիկական սկզբունքով, որն առավել ճիշտ է համապատասխանում ժողովրդի կամարտահայտությանը։ Գործնականում այս սկզբունքը կիրառելիս շահագրգռված կառավարությունները առաջադրում են որոշակի խոչընդոտներ։ Այսպես, ազգաբնակչության ազգային պատկանելությունը որոշում են ոչ թե լեզվով կամ ազգին հատուկ այլ հատկանիշներով, այլ կրոնով, կամ իրական պատկերը նենգափոխելու համար էթնիկական հավաք տերիտորիաներին միացնում են այլ հողեր, դրանով իսկ խախտելով գոյություն ունեցող էթնիկական համամասնությունը, կամ մարդահամար կատարելիս էթնիկական խմբի մեջ են ներառում օկուպացիոն բանակը, կառավարական պաշտոնյաներին և այլն, ինչպես նաև կազմակերպելով հիմնական բնակչության բռնի արտագաղթ։ Հայտնի են դեպքեր, երբ պետությունը զավթած տերիտորիան իր ձեռքում պահելու նպատակով ֆիզիկական բնաջնջման է ենթարկել այդ տերիտորիայի ազգային խմբին, այդպես վարվեցին Թուրքիայի կառավարողները Արևմտյան Հայաստանում, գերմանական ֆաշիստները՝ սլավոնական երկրներում, Իսրայելը՝ Պաղեստինում և այլն։ Միջազգային իրավունքում այդ գործողությունները որակվում են որպես ցեղասպանություն և չեն առաջացնում տերիտորիայի ձեռքբերման իրավունք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 669