Սալյամի
Տեսակ | սննդատեսակ |
---|---|
Ենթատեսակ | Չոր նրբերշիկ, summer sausage?, Սալյումի, երշիկեղեն և Շարկուտերի |
Առաջացման երկիր | Իտալիա |
Salami Վիքիպահեստում |
Սալյամի (եզակի՝ սալյամե)՝ պահածոյացված երշիկի տեսակ է, պատրաստված խմորման ենթարկված և չորացված, հիմնականում տավարի կամ հորթի մսից։ Պատմականորեն, սալյամին տարածված էր հարավային և կենտրոնական Եվրոպայի գյուղացիների շրջանում, քանի որ այն պահպանվում է սենյակային ջերմաստիճանում, կտրելուց հետո մինչև 40 օր՝ լրացնելով թարմ մսի պոտենցիալ աղքատիկ կամ անկայուն պաշարները։
Բառի ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սալյամի բառը ծագել է իտալերեն salame բառից[1], որի հոգնակի թիվն է salami: Անգլերեն լեզվում սալյամի բառը օգտագործվում է Եվրոպական և հատկապես իտալական ձևով պատրաստված եփված մսեղենի համար։ Ռումինիայում, Բուլղարիայում և Թուրքիայում ընդունված է օգտագործել «salam» բառը, Հունգարիայում՝ «szalámi», մինչդեռ ֆրանսիացիները, գերմանացիները, հոլանդացիները և անգլիացիները օգտագործում են նույն բառը, ինչ որ իտալացիները։ Բառը հավանաբար ծագել է լատիներեն «salsiccia» և «salumen» բառերից[2]։ Բառն առաջացել է իտալերեն sale- աղ արմատից և հավաքական գոյականակերտ ame ածանցից[3]։ Այսպիսով բառը սկզբնապես նշանակել է «աղ դրած մսեղեն»։ Իտալիայում աղ դրած բազմաթիվ մսամթերքների առկայության պայմաններում սալյամի բառն ի վերջո սկսեցին օգտագործել կոնկրետ աղ դրած, համեմված, աղացած և բարակ թաղանթի, կամ կենդանական մաքուր աղիքի մեջ լցոնված մսամթերքի տեսակին, որը հետո ենթարկվում է բնական խմորման, որը կարող է տևել օրեր, ամիսներ, անգամ տարիներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմորման գաղափարը, որը թույլ է տալիս օգտակար և բարենպաստ օրգանիզմներին զարգանալ մթերքի մեջ՝ կանխելով թունավոր կամ անբարենպաստ օրգանիզմների աճը, հատկապես մսի դեպքում, օգտագործվել է հազարավոր տարիներ։ Այս պրոցեսի կիրառումը տարածված է եղել երկրագնդի տարբեր ծայրերումպատրաստված երշիկների տեսակների մեջ։ Բնական միջավայրը և կլիմայական պայմանները ևս ազդել են մսի պատրաստման գործընթացներում, ինչպես, օրինակ, միջերկրածովյան և հարավային Եվրոպայի երկրներում, որտեղ մսամթերքը չորացնում էին մինչև ջրի նվազագույն քանակը, օգտվելով երկար և արևոտ օրերի առկայությունից, մինչդեռ, հյուսիսային Եվրոպայում խմորման ենթարկված երշիկները հետագա պահպանման համար նաև ծխեցվում էին[4]։ Եվրոպայում սալյամի արտադրող հիմնական երկրներն են Ֆրանսիան, Գերմանիան, Հունգարիան, Իտալիան և Իսպանիան, որոնք տարեկան պատրաստում են մի քանի հարյուր միլիոն կիլոգրամ սալյամի[5]։ Ամբողջ աշխարհում կան շատ տարբեր երշիկներ, յուրաքանչյուրն իր մշակութային և համային յուրահատկությամբ, իր սեփական սեզոնայնությամբ և աղի քանակությամբ, որը յուրահատուկ համ և բույր է հաղորդում տվյալ երշիկի տեսակին։ Խմորման ենթարկված երշիկի տեսակների բազմազանության մեջ հատկապես սալյամին ցույց է տալիս իր ամենատարբեր, բայց բացառիկ բնույթը։ Օրինակ, Հյուսիսային Ամերիկա գաղթելով Եվրոպացիներն իրենց հետ շատ ավանդույթներ տարան, ներառյալ խմորման ենթարկված մսամթերք, ինպես, օրինակ, բոլոնիական երշիկը կամ պեպերոնին[6]։ Նմանատիպ երշիկներ են պատրաստվել Միջին Արևելքում, որտեղ զանազան տեսակի միս էին օգտագործում՝ տավարի, գառան, ոչխարի, կամ Չինաստանում, որտեղ օգտագործում էին հիմնականում խոզի միս[7]։ Նույն կերպով, արևելյան Եվրոպայում հունգարական սալյամին շատ տարածված է։ Այն ինտենսիվ ծխեցված և «ցողված» է խմորիչով, որի արդյունքում, բնականաբար, մակերեսին առկա են բորբոսի հետքեր[7]։
Սալյամիի բաղադրամասեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդական սալյամին, իրեն հատուկ մարգարտե արտաքինով, պատրաստվում է տավարի կամ խոզի, հազվադեպ՝ հորթի մսից։ Հալալ կամ կոշեր սալյամիի մեջ տավարի միսը սովորական բաղադրամաս է և ծիսական արգելքների պատճառով խոզի միս երբեք չի օգտագործվում։ Երշիկագործները երբեմն օգտագործում են նաև եղջերուի[8] և թռչնի (հիմնականում հնդկահավի) միս[9]։ Սագի մսի սալյամին ավանդաբար տարածված է Իտալիայի հյուսիսային շրջաններում։ Սալյամի պատրաստվում է նաև ձիու մսից[10]։ Ֆրանսիայի Պրովանս շրջանում ավանակի մսից ևս սալյամի է պատրաստվում և վաճառվում փողոցային շուկաներում։ Սալյամիին բնորոշ լրացուցիչ բաղադրամասերը հետևյալն են[11].
- Սխտոր
- Աղացած ճարպ
- Աղ
- Համեմունքներ, սովորաբար սպիտակ պղպեղ
- Զանազան կանաչեղեն
- Քացախ
- Գինի
Հում մսի խառնուրդը սովորաբար մեկ օր խմորվում է, լցոնվում կամ ուտելի, կամ էլ ցելյուլոզե թաղանթի մեջ, ապա կախվում, որպեսզի պահածոյացվի և չորանա։ Որոշ բաղադրատոմսեր պահանջում են մսախառնուրդի տաքացում մինչև 40°, որն արագացնում է խմորումը և չորացումը։ Ավելի բարձր ջերմաստիճանը (մոտավորապես 60°) դադարեցնում է խմորումը, երբ սալյամին հասնում է ցանկալի pH մակարդակի, սակայն մթերքը լիարժեք չի եփվում (75° և ավելի ջերմաստիճանում)։ Սալյամի արտադրողները երբեմն կիրառում են ուտելի բորբոսասնկեր (վրձնասունկ)։ Բորբոսասնկերը յուրահատուկ համ են հաղորդում սալյամիին, օգնում չորացման գործընթացին և կանխում պահածոյացման ընթացքում մթերքի փչանալը[12]։
Տարատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սալյամիի տարատեսակներից են
- Կատչատորե, որսորդական սալյամի, Իտալիա[13]
- Չորիսո, նաև կծու իբերական տեսակ
- Ֆինոչիոնա, բնորոշ է հարավային Տոսկանային
- Ջենովական սալյամի
- Գերմանական սալյամի
- Կոշտ սալյամի
- Կուլեն, կծու սալյամի, բնորոշ է Սլավոնիային և Վոևոդինային
- Լարդո
- Նապոլետանո, Նեապոլ
- Միլանեսե, Միլան
- Նդուջա
- Սուջուխ, թուրքական սալյամի
- Պեպերոնի
- Սոսիսոն (ֆրանսիական չոր երշիկ)
- Սոպրեսատա, բնորոշ է Կալաբրիային
- Ձմեռային սալյամի (հունգարական սալյամի)
Հին աշխարհի շատ սալյամիներ կոչվում են պարզապես այն երկրի կամ շրջանի անունով, որտեղ պատրաստվում են՝ ջենովական, միլանի, հունգարական և այլն։ Շատ տեսակներ համեմվում են սխտորով, որոշները՝ պատիճավոր կարմիր պղպեղով (պապրիկա) կամ աղացած չիլիով։
Արտադրական գործընթաց
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեպետ սալյամին բոլորովին եփված չէ, նաև չի համարվում հում, քանի որ սալյամին պահածոյացված է։ Պիեմոնտի սալյամին՝ սալյամե կոտոն, պահածոյացվելուց առաջ կամ հետո մասամբ եփվում կամ ծխեցվում է, սակայն դա արվում է միայն սալյամիին յուրահատուկ համ հաղորդելու համար։ Նախքան եփելը սալյամե կոտոն համարվում է հում և ոչ պատրաստ ուտելու համար։ Սալյամի պատրաստելու գործընթացը բաղկացած է երեք հիմնական փուլերից՝ նախապատրաստում, խմորում (ֆերմենտացում) և հասունացում (չորացում)։
Նախապատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախքան խմորումը հում միսը (սովորաբար տավարի կամ խոզի, կախված սալյամիի տեսակից) աղում են և ավելացնում մյուս բաղադրամասերը՝ աղ, շաքար, համեմունքներ և խմորիչ[14] և կախված սալյամիի տեսակից քացախ կամ գինի։
Խմորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս խառնուրդն այնուհետև լցնում են ցանկալի չափսի թաղանթի մեջ։ Սալյամիի յուրահատուկ բուրմունքը ստանալու համար հարկավոր է մսամթերքը խմորման ենթարկել։ Խմորումը կամ ֆերմենտացումը կարելի է անվանել նաև դանդաղ թթվեցման պրոցես, որը մսի մեջ առաջացնում է մի շարք քիմիական փոխազդեցություններ[15]։ Մսամթեքի ուղղակի թթվեցումը անհարմար է սալյամիի արտադրության համար, քանի որ այն առաջացնում է սպիտակուցի դենատուրացիա և անհավասար մակարդում, որն էլ իր հերթին ազդում է սալյամիի համային հատկանիշների վրա[15]։ Ժամանակակից արտադրություններում խմորումն իրականացնում են սալյամին կախելով տաք և խոնավ միջավայրում՝ մեկից երեք օր, խթանելով ֆերմենտացման բակտերիայի աճը, ապա տեղափոխում են զով, խոնավ միջավայր՝ դանդաղ չորացման համար։ Ավանդական գործընթացի ժամանակ, սալյամին միանգամից տեղափոխում են զով և խոնավ միջավայր՝ պահածոյացնելու համար։ Սալյամիի բաղադրությանը շաքար ավելացնելը ևս նպաստում է խմորման գործընթացի արագացմանը։ Բակտերիաները արտադրում են կաթնաթթու, որը ցածրացնում է pH-ը և մակարդում է սպիտակուցները, կրճատելով մթերքի խոնավություն պահելու ընդունակությունը։ Բակտերիաներից առաջացած թթուն մսամթերքի մեջ ստեղծում է անբարենպաստ միջավայր պաթոգենիկ բակտերիաների համար և սալյամիին հաղորդում է յուրահատուկ սուր համ, որով սալյամին տարբերվում է սարքով չորացված խոզի մսից։ Սկզբնապես խմորման գործընթացի համար արտադրողները օգտագործում էին գինի, այժմ այն փոխարինվել է բակտերիալ խմորիչով։ Պահածոյացման միջավայրի կլիման և թաղանթի չափերը և ձևը որոշում են չորացման և պահածոյացման գործընթացի տևողությունը։ Կախված սալյամիի տարբեր տեսակներից, արտադրողներն օգտագործում են տարբեր խմորիչներ և թթուներ՝ սալյամիի տարբեր երանգներ և համեր ստանալու համար։
Չորացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմորումից հետո երշիկը պետք է չորացվի։ Սա ենթադրում է, որ երշիկը պետք է պաշտպանված լինի թե՛ ջրի և թե՛ օդի ներթափանցումից։ Հասունացումը և չորացումը կատարվում է խմորումից հետո[14]։ Այս փուլում կատարվում են մթերքի հիմնական ֆիզիկական և մանրէաբանական փոփոխությունները, որոնք ուղեկցվում են ջրի մեծ քանակության կորստով[16]։ Ջրի մոտավորապես կեսը գոլորշիանում է, իսկ հետագա ջրի կորուստը հարկավոր է կանխել փաթեթավորելով[16]։ ոչ պատշաճ չորացման գործընթացը կարող է սալյամիի մակերեսին կոշտ կեղև առաջացնել։ Սա նույնն է, ինչ ուրիշ մթերքների դեպքում, օրինակ մրգերի, որոնց ենթարկում են ջրազրկման՝ փչանալը կանխելու նպատակով։ Ժամանակակից արտադրության մեջ ջերմաստիճանը և հարաբերական խոնավությունը խստորեն վերահսկվում է՝ սալյամիի չափերից կախված[16]։ Սալյամիին նիտրատներ և նիտրիտներ ավելացնելով դրան գունային երանգ է հաղորդվում և կանխվում վնասակար կլոստրիդիում բակտերիայի գենի ներթափանցումը։ Աղը, թթվեցումը, նիտրատի և նիտրիտի մակարդակը և ամբողջովին պահածոյացված սալյամիի չորությունը ապահովում են չեփված մսամթերքի անվտանգությունը սպառողների համար։ Բարձր որակի, թարմ բաղադրամասերը կարևոր են երշիկի մեջ վտանգավոր մանրէների և թունավոր նյութերի ներթափանցումը կանխելու համար։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ֆերարա
-
Ֆինոչիոնա, տոսկանական սալյամի սամիթով
-
Ֆելինո
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «salami - definition of salami in English from the Oxford dictionary». oxforddictionaries.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Toldra, Fidel (2012). Biochemistry of Fermented Meat, in Food Biochemistry and Food Processing, Second Edition. Oxford, UK: Wiley-Blackwell. էջ 331. ISBN 978-0-8138-0874-1.
- ↑ «Etimologia : salame;». etimo.it.
- ↑ Toldra, Fidel (2014). Handbook of Fermented Meat and Poultry. Chichester, UK: John Wiley and Sons. էջ 3. ISBN 9781118522653.
- ↑ Bertolini, Massimo; և այլք: (2006 թ․ դեկտեմբեր). «Seasoning Process Design Optimization for an Ascending Flow Ripening Chamber». Journal of Food Engineering. 77 (3): 529–538. doi:10.1016/j.jfoodeng.2005.06.067.
{{cite journal}}
: Explicit use of et al. in:|last=
(օգնություն) - ↑ Handbook of Food Products Manufacturing - Wiley Online Library. doi:10.1002/0470113553.
- ↑ 7,0 7,1 Handbook of Fermented Meat and Poultry - Wiley Online Library. doi:10.1002/9781118522653.
- ↑ «Venison Salami». Cooks.com. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Turkey Salami». Recipe Tips. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Cold Cuts: Horse Salami». Parco naturale Valle del Ticino. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Food Processing: Strategies for Quality Assessment». google.com.au.
- ↑ «Food Processing: Strategies for Quality Assessment». google.com.au.
- ↑ «Italian Salami-Salame». LifeInItaly.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ 14,0 14,1 Fonseca, Gustavo Graciano; Silva Porto, Paulo Sergio; Almeida Pinto, Luiz Antonio (2006). «Reduction of Drying and Ripening Times During the Italian Type Salami Production». Trends in Applied Sciences Research. 1 (5): 504–510. doi:10.3923/tasr.2006.504.510.
- ↑ 15,0 15,1 Barbut, S. (2010 թ․ հունիս). «Color Development During Natural Fermentation and Chemical Acidification of Salami-type Products». Journal of Muscle Food. 21 (3): 499–580. doi:10.1111/j.1745-4573.2009.00198.x.
- ↑ 16,0 16,1 16,2 Cevolia, Chiara; Fabbria, Angelo; Tabanellib, Giulia; Montanarib, Chiara; Gardinia, Fausto; Lanciottia, Rosalba; Guarnieria, Adriano (2014 թ․ հուլիս). «Finite element model of salami ripening process and successive storage in package». Journal of Food Engineering. 132: 14–20. doi:10.1016/j.jfoodeng.2014.02.003. Վերցված է 2016 թ․ մարտի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պահածոյացված մսամթերք Արխիվացված 2011-02-04 Wayback Machine
- Սալումի կասալինգի (իտալական բաղադրատոմսեր, իտալերեն) Արխիվացված 2018-05-20 Wayback Machine
- Փիք Սալյամի և Պապրիկայի թանգարան Արխիվացված 2014-10-10 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալյամի» հոդվածին։ |
|