Նեֆրոն
Նեֆրոն, երիկամի կառուցվածքային և ֆունկցիոնալ միավոր։ Մասնակցում է մեզի առաջացմանը՝ ջրի, հանքային աղերի և օրգանական նյութերի ընտրողական թափանցելիության կարգավորման միջոցով։ Պատասխանատու է նաև մի շարք կենսաբանական ակտիվ նյութերի սինթեզի համար։ Նեֆրոնի աշխատանքի շնորհիվ կարգավորվում է ջրի, հանքային նյութերի, արգասիքների քանակն օրգանիզմում, արյան ճնշումը, արյան թթվահիմնային ռեակցիան։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդու յուրաքանչյուր երիկամում նեֆրոնների քանակը 800,00-ից 1,5 միլիոն է[1]։ Նեֆրոնը կազմված է երիկամային մարմնիկից և խողովակիկներից։
Երիկամային մարմնիկը կազմված է Շումլյանսկ-Բոումենի պատիճից և մալպիգյան կծիկից։ Պատիճն իրենից ներկայացնում է երկշերտ կույր գոյացություն, որի մեջ մտնում է բերող զարկերակիկը և բաժանվում մոտ 50 մազանոթների (մալպիգյան կծիկ)։ Վերջիններս կրկին միանում են իրար և ստեղծում արտատար զարկերակիկը։ Շումլյանսկ-Բոումենի պատիճից սկիզբ է առնում առաջին կարգի ոլորուն (մերձադիր) խողովակը, որը մտնելով երիկամի միջուկային գոտի, առաջացնում է Հենլեի կանթը։ Վերջինս ունի վարընթաց և վերընթաց հատվածներ։ Վարընթաց հատվածը երիկամի միջուկային շերտում թեքվում է 180 աստիճանի տակ և վերև բարձրանալով առաջացնում Հենլեի վերընթաց հատվածը։ Վերջինս մտնելով երկմանի կեղևային գոտի, սկիզբ է տալիս երկրորդ կարգի ոլորուն (հեռադիր) խողովակիկին, որն էլ այլ նման խողովակիկների հետ բացվում է հավաքող խողովակի մեջ։
Հենլեի վերընթաց խողովակը բաղկացած է ստորին՝ բարակ և վերին՝ հաստ հատվածներից։ Հավաքող խողովակները նեֆրոնի կազմի մեջ չեն մտնւոմ, սակայն այստեղ կատարվում են բազմաթիվ կարևոր ֆիզիոլոգիական գործընթացներ՝ կապված մեզի առաջացման հետ[2]։ Պատիճից դուրս եկող տանող զարկերակի, պատիճի ր հեռադիր ոլորուն խողովայի մի հատվածի միջև առաջանում է յուրահատուկ նյարդաներզատական օրգան՝ կծիկամերձ (յուքստագլոմերուլային) համակարգ։
Երիկամային մարմնիկի մալպիգյան կծիկի մազանոթների և պատիճի միջև տարածությունները լցված են յուրահատուկ մեզանգիալ բջիջներով։
Գործառույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրաքանչյուր նեֆրոն կազմված է կծիկային ապարտից, որը կատարում է արյան ֆիլտրացում, մոտակա ոլորուն խողովակից, Հենլեի կանթից, հեռակա ոլորուն խողովակից, հավաքող խողովակից, որոնք միասին պատասխանատու են ջրի և էլէկտրոլիտների հետներծծման համար, որոնք ֆիլտրվել էին կծիկային ապարատում։ Նորմայում ֆիլտրացիայի արագությունն է 120մլ/րոպե, իսկ մեկ օրվա ընթացքում ֆիլտրվում է 170 լիտր պլազմա, որից 99%-ը հետ է ներծծվում։ Ֆիլտրվելուց հետո մեզը հավաքող խողովակներով լցվում է երիկամի ավազան, իսկ հետագայում դեպի միզածորաններ[3]։
Ընդհանուր առմամբ երիկամները կարգավորում են թթվա-հիմնային հաշվեկշիռը, կալցիումի և ֆոսֆատի մակարդակը, վիտամին D նյութափոխանակությունը, էրիթրոցիտների արտադրությունը։ Երիկամները կարգավորում են արյան ճնշումը ռենին-անգիոտենզին-ալդոստերոնային համակարգի միջոցով[3]։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբերում են երեք տեսակի նեֆրոններ.
- Մակերեսային՝ կազմում են նեֆրոնների 20-30 %-ը, երիկամային մարմնիկները գտնվում են երիկամների կեղևային գոտու մակերեսային շերտում, ունեն կարճ Հենլեի կանթ, որը շատ քիչ է թափանցում միջուկային գոտի։
- Կեղևային (ներկեղևային)՝ կազմում են նեֆրոնների 60-70 %-ը, երիկամային մարմնիկները տետղակայված են կեղևային շերտում, Հենլեի կանթը քիչ է թափանցում միջուկային գոտի։
- Միջուկամերձ՝ կազմում են նեֆրոնների 10-15 %-ը, մարմինկները տեղակայված են կեղևային շերտի ամենախորը գոտում, մոտ են գտնվում միջուկային գոտուն։ Սրանք մասնակցում են մեզի նոսրացմանն ու խտացմանը։ Ունեն երկար Հենլեի կանթ, որը թափանցում է ամբողջ միջուկային գոտու միջով։ Միջուկամերձ նեֆրոնների մոտ արտատար զարկերակիկը կրկնակի մազանոթային ցանց չի ստեղծում։
Կարգավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեֆրոնների աշխատանքը կարգավորվում է հումորալ տարբեր գործոններով՝ ալդոստերոնով, հակամիզամուղային հորմոնով, նատրիումամուղ հորմոնով (նատրիումուրետիկ հորմոն), պարաթհորմոնով[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Guyton, Arthur C.; Hall, John E. (2006). Textbook of Medical Physiology. Philadelphia: Elsevier Saunders. p. 310. ISBN 0-7216-0240-1.
- ↑ Hook, Jerry B. & Goldstein, Robin S. (1993). Toxicology of the Kidney . Raven Press. p. 8. ISBN 0-88167-885-6.
- ↑ 3,0 3,1 Brian R.Walker, Nicki R.Colledge, Stuart H.Ralston, Ian D,Penman (2014). Davidson's Principles and Practice of Medicine. Elsevier. էջ 464. ISBN 978-0-7020-5047-3.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)(անգլ.) - ↑ Maton, Anthea; Jean Hopkins; Charles William McLaughlin; Susan Johnson; Maryanna Quon Warner; David LaHart; Jill D. Wright (1993). Human Biology and Health. Englewood Cliffs, New Jersey, USA: Prentice Hall. ISBN 0-13-981176-1