Ազնվամորի
Մոռենի | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Rubus idaeus
| ||||||||||||
|
Ազնվամորի ( լատին․՝ Rubus idaeus L), վարդածաղկավորների (վարդազգիների) ընտանիքին պատկանող, 1-1.5 մ բարձրության թուփ կամ կիսաթուփ է։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմատային համակարգը և կոճղարմատները բազմամյա են, որոնցից առաջանում են միամյա, երկամյա կամ բազմամյա փայտացող ցողունային ընձյուղներ՝ պատված բազմաթիվ փշերով ու մազմզուկներով։ Ցողունի բարձրությունը 1-1,5 մ է։ Տերևները բարդ են, եռմասնյա կամ պարզ, վերին մակերեսը՝ կանաչ, հարթ, ստորինը՝ սպիտակավուն կամ գորշ թաղիքանման, անհավասարաչափ ատամնաեզր։ Ծաղկաբույլը պարզ կամ բարդ ողկուզանման է ծաղկաթերթիկները սպիտակ են, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը (առաջանում է երկրորդ տարվա ճյուղերի վրա) բազմակորիզ հատապտուղ է, պտուղը՝ բազմակորիզավոր։ Հիմնականում աճում է սննդանյութերով հարուստ ու խոնավ հողերում, վատ է տանում երաշտը և խիստ ցուրտը։ Աճում է անտառների բացատներում, հատված անտառամասերում, ձորեզրերին և այլուր։ Դեղաբույսը բազմանում է սերմերով, որոնք տարածվում են թռչունների և վայրի գազանների կողմից, ինչպես նաև արմատաշիվերով։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույսի լատինական անվանումը ծագել է հասուն պտուղների գույնից, որ նշանակում է կարմիր։
Բաղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարունակում է շաքարներ (գլիկոզ, սախարոզ, ֆրուկտոզ և այլն), օրգանական թթուներ (կիտրոնա-, խնձորա-, կապրոնա-, սալիցիլաթթու և այլն), ներկանյութ (պեկտին), վիտամին C, աղանյութեր և այլն, սերմերը՝ ճարպայուղեր և այլն։
Մոռի պտուղները պարունակում են խնձորաթթու, կիտրոնաթթու, սալիցիլաթթու, ֆոլաթթու, կապրոնաթթու, մրջնաթթու, վիտամիններից՝ C, B խումբ, շաքարներից՝ սախարոզա, գլյուկոզա, ֆրուկտոզա, լևուլոզա, դեքստրոզա, նաև դաբաղանյութեր, քիմիական տարրերից՝ նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, պղինձ, ֆոսֆոր, երկաթ։ 100 գրամ պտուղը յուրացվելով օրգանիզմում տալիս է 41 կկալ էներգիա։
Քիմիական բաղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազնվամորու տերևները պարունակում են տանիններ, ասկորբինաթթու։ Պտուղները պարունակում է օրգանական թթուներ՝ խնձորաթթու, կիտրոնաթթու, սալիցիլաթթու, մրջնաթթու, տարբեր շաքարներ՝ գլյուկոզ,ֆրուկտոզ, սախարոզ, կարոտիններ, լորձ, պեկտինային նյութեր, եթերային յուղի հետքեր, միկրոտարեր։ Սերմերը պարունակում են 15% ճարպայուղ, օսլա և ածխաջրեր։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է մոռենու ավելի քան 120 տեսակ՝ տարածված հիմնականում Ասիայի, Ամերիկայի, Եվրոպայի բարեխառն և մերձարևադարձային գոտում։ Մշակվում է ԱՊՀ-ում, ԱՄՆ-ում, Եվրոպայում։ ԱՊՀ-ում տարածված է ավելի քան 70 տեսակ։ Մոռենու մշակման տնկարկների մեծ մասը գտնվում են Ուրալում, Արևմտյան և Արևելյան Սիբիրում, Հեռավոր Արևելքում։ Հայաստանում վայրի մոռենու պտուղներն ունեն համային լավ հատկություններ, դուրեկան բուրմունք։ Մշակովի տեսակներից Հայաստանում լեռնային և նախալեռնային գոտում շրջանացված են Գոլիաֆ և Նովո-Կիտաևսկայա տեսակները։
Հայաստանում հանդիպում է 7 տեսակ՝ մորենի քարոտ (R. saxatilis), ազնվամորի (R. idaeus) և այլն։ Վայրի վիճակում տարածված է Գուգարքի, Ստեփանավանի, Դիլիջանի, Թումանյանի, Իջևանի, Նոյեմբերյանի և այլ շրջանների անտառներում։ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է թփուտներում, անտառներում, բացատներում, քարքարոտ վայրերում և այլն։
Ամենաշատ ազնվամորի արտադրող երկիրների թոփ տասնյակը/ հազար տոննա (2011 թվական) | ||||
---|---|---|---|---|
Երկիր | 2010 | 2011 | ||
Ռուսաստան | 125,000 | 27% | 140,000 | 26% |
Լեհաստան | 92,864 | 20% | 117,995 | 22% |
Սերբիա | 83,870 | 18% | 89,602 | 16% |
ԱՄՆ | 36,741 | 8% | 48,948 | 9% |
Ուկրաինա | 25,700 | 5% | 28,100 | 5% |
Մեքսիկա | 14,343 | 3% | 21,468 | 4% |
Միացյալ Թագավորություն | 17,000 | 4% | 16,761 | 3% |
Կանադա | 11,864 | 3% | 12,285 | 2% |
Ադրբեջան | 10,100 | 2% | 11,000 | 2% |
Իսպանիա | 9,226 | 2% | 9,559 | 2% |
Ընդհանուր | 471,322 | 100% | 543,421 | 100% |
|
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի պտուղները, մասնակիորեն՝ տերևներն ու ծաղիկները։ Պտուղները հավաքում են լրիվ հասունանալուց հետո։ Տերևներն ու ծաղիկները կարելի է հավաքել հունիս - հուլիս ամիսներին։ Դեռևս հին հույները մոռը օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բուժական նպատակներով։ Հայրենական ժողովրդական բժշկության մեջ մոռուց եփված ռուփն ու թուրմը լայնորեն օգտագործվում է հարբուխի, մի շարք ցրտառական, տենդային հիվանդությունների, խրոնիկական ռևմատիզմի ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն լնդախտի, սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օգտագործվում են նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարբածությունից սթափեցնելու նպատակով։ Ծաղիկների թուրմը՝ օձի կծածի դեպքում թրջոցների ձևով[2]։
Տիբեթյան բժշկության մեջ մոռի պտուղների և տերևների թուրմն ու եփուկը օգտագործել են նևրասթենիայի, մի շարք նևրոզների, սուր և խրոնիկական ինֆեկցիաների բուժման բնագավառներում։ Գիտական բժշկության մեջ ազնվամորին ճանաչվում է որպես քրտնամուղ, ջերմությունն իջեցնող միջոց։ Պարզված է, որ բույսի տերևներում կան սպազմալիտիկ, արգանդի և աղիների հարթ մկանները խթանող նյութեր, իսկ տերևների ջրաթուրմը ունի կենտրոնական նյարդային համակարգը դրդող հատկություն։ Գիտականորեն հիմնավորված են պտուղների միզամուղ և խորխամուղ հատկությունները։ Բուժական հատկությամբ վայրի ազնվամորին գերազանցում է մշակովի տեսակներին։
Ազնվամորու պտուղները օգտագործվում են թարմ վիճակում։ Նրանցից ստացվում է բարձրորակ մուրաբա, կոմպոտ, օշարակ, կիսել, մարմելադ, պաստեղ, կվաս, կոնֆետի խորիզ։ Պտուղները լայնորեն օգտագործվում են հրուշակեղենի, լիկյորի, օղու արտադրությունում[3]։
Ազնավամորու օգտագործման եղանակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Բժշկության մեջ օգտագործել են ազնվամորու տերևները, արմատը և պտուղները։ Ազնվամորու պտուղները օգտագործվում են մրսածության և շնչառական օրգանների բորբոքային հիվանդությունների դեպքում։ Ազնվամորու տեղն են օգտագործվում են լուծի, ստամոքսի և աղիքների կատառի, մաշկային ցանի, լնդախտի նշագեղձերի բորբոքումների և շնչառական օրգանների հիվանդությունների դեպքում։ Հայկական բժշկության մեջ ազնվամորին օգտագործվել է լեղաքարային և միզաքարային հիվանդություների, մաշկային խոցերի, լուծի և շնչառական օրգանների բորբոքային հիվանդությունների բուժման նպատակով։
Կիրառման եղանակաները
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտագործում են թարմ և վերամշակված (մուրաբա, կոմպոտ, հյութ, ջեմ)։ Դեղաբույս է. պտուղներն օգտագործում են որպես քրտնաբեր, ախորժաբեր միջոց՝ նյութափոխանակության խանգարման, ստամոքսաղիքային հիվանդությունների ժամանակ, տերևները՝ որպես հակաբորբոքային միջոց՝ շնչուղիների բորբոքման, կապող՝ ստամոքսաբորբի, բարակ աղիքների բորբոքման ժամանակ և այլն։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Statistics from: Food And Agricultural Organization of United Nations: Economic And Social Department: The Statistical Division». UN Food and Agriculture Organization Corporate Statistical Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Հայաստանի դեղաբույսերը, Թորոսյան Ա. Ա.,<Հայաստան> Հրատարակչություն, Երևան-1983
- ↑ Հ.Ս.Հարությունյան (1990). Միջնադարյան հայկական բժշկարանների դեղաբյուսեր. Երևան: «Լույս». էջ 15-16.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազնվամորի» հոդվածին։ |
|
Ընթերցե՛ք «ազնվամորի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 24)։ |