Թախիծ
Թախիծ, ինտենսիվ հուզական վիճակ՝ կապված ինչ-որ մեկի (կամ ինչ-որ բանի) կորստի հետ, որի (կամ ինչի) հետ մարդը խորը հուզական կապ է ունեցել։ Այս եզրույթը չի օգտագործվում որպես դեպրեսիայի հոմանիշ[1]։ Այլ կերպ ասած՝ սա հիմնական հույզերից մեկն է[2], որը կապված է նշանակալի օբյեկտի, նույնականության մի մասի կամ սպասվող ապագայի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ կորստի զգացողության հետ։ Թախիծ հասկացության տակ ընկալվում է նաև ուժեղ, խորը վիշտ, տխրություն։
Թախծի ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորական թախծի ախտանիշները լինում են երկու տեսակի[3]․
- Ֆիզիկական ախտանիշներ (շնչառական դժվարություններ, կոկորդի ջղաձգություններ, արագացած շնչառություն, սրտխփոց և այլն),
- հոգեկան, հոգեբանական տառապանք, որը կարող է ներառել[4]՝
- բացասաբար երանգավորված հուզական գործընթացներ,
- հանգուցյալի կերպարով կլանվածություն,
- մեղքի զգացողություն,
- թշնամական և ագրեսիվ հակազդեցություններ,
- վարքի բնական մոդելների կորուստ, շրջապատից մեկուսացվածություն և այլն։
Նորմալ և ախտաբանական թախծի տարբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ախտաբանական թախիծը եզրույթ է, որն օգտագործվում է հոգեբուժության մեջ՝ որպես խանգարումների խմբի համախտանիշ[5]։ Նորմալ թախիծը տարբերվում է ախտաբանականից մի շարք հատկանիշներով.
- ինքնազգացողության դինամիկայի առկայություն․ թախիծը ոչ թե տրամադրություն/վիճակ է, այլ գործընթաց,
- ուշադրության պարբերական շեղում մահվան ցավոտ իրականությունից,
- հարազատ մարդու մահվանից հետո առաջին 6 ամսվա ընթացքում դրական զգացմունքների առաջացում,
- սուր վշտից անցում ինտեգրվածի,
- կորուստը վերապրած սուբյեկտի ունակությունը ոչ միայն ընդունել մտերիմ մարդու մահը և բաժանվել նրանից, այլև գտնել մահացածների հետ հարաբերությունները շարունակելու նոր և կառուցողական ուղիներ, ինչպիսին է նրա մասին հիշողությունների պահպանումը[6]։
Թախծոտ մարդուն աջակցելու մոտեցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունի երեք հիմնական մոտեցում[7].
- Ընկերակցություն և հոգեբանական աջակցություն (ցուցաբերվում է մտերիմ մարդկանց կողմից),
- հոգեբանական խորհրդատվություն (իրականացնում է որակյալ հոգեբանը),
- հոգեթերապիա և դեղորայքային բուժում (իրականացնում են հոգեբույժները, հոգեթերապևտները)։
Հոգեվերլուծության մեջ թախծի ֆենոմեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրիացի հոգեբան Զիգմունդ Ֆրոյդը կարծում էր, որ թախծի հիմնական գործառույթը կորցրած օբյեկտից հոգեկան էներգիան «վերցնելն» է։ Այդ ժամանակ «օբյեկտը հոգեբանորեն շարունակում է գոյություն ունենալ», իսկ դրա ավարտից հետո սեփական «եսը» ազատ է դառնում կապվածությունից և կարող է ազատված էներգիան հղել այլ օբյեկտների[8]։ Այսպիսով, Ֆրոյդի տեսությունը բացատրում է, թե ինչպես է մարդը մոռանում կորցրածի մասին։
Թախծի վերապրման փուլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանում թախծի վերապրման թեմայով զբաղվել է հոգեբան Ֆեոդոր Վասիլյուկը։ Իր «Թախծի վերապրում» գրքում նա նկարագրել է թախծի վերապրման հինգ փուլ[9]։
- Շոկ և անզգայացում, սա թախծի նախնական փուլն է, երբ մարդն իմանում է գույժը։ Սգավորը կաշկանդվում է, լարվում։ Շնչառությունը դժվարանում է։ Սովորաբար նկատվում է ախորժակի և սեռական հակման կորուստ։ Մարդու գիտակցության մեջ առաջանում է տեղի ունեցածի անիրատեսական զգացողություն, հոգեկան ընդարմացում, անզգայունություն, շշմեցում։ Բթացվում է արտաքին իրականության ընկալումը, ինչը հանգեցնում է հիշողության խաթարումների։ Երբեմն նկատվում են չարության պոռթկումներ։ Բայց, այնուամենայնիվ, մարդը հոգեբանորեն բացակայում է ներկայում, կարծես ներկան անցնում է նրա կողքով։ Դա ժխտում է այն փաստը, որ «ես (վիշտս) այստեղ եմ»։ Տրավմատիկ իրադարձությունը կյանքը բաժանում է «առաջ» և «հետո» փուլերի՝ մարդուն թողնելով այն փուլում («առաջ»), որտեղ ամեն ինչ առաջվա պես էր։
- Որոնման փուլ, այս փուլը բնութագրվում է կորցրածը վերադարձնելու անիրատեսական ցանկությամբ և կորստի մշտական ժխտման ձգտումով։ Սովորաբար մարդը դժվարությամբ է պահում ուշադրությունը արտաքին աշխարհի վրա, իրականությունը կարծես քողարկված է թափանցիկ քողով։ Չնայած իրատեսական դիրքորոշմանը՝ հեղինակը շարունակ ունի հրաշքի հույս։ Մարդը փոքր-ինչ զգայուն է հակասությունների նկատմամբ, դա նրան թույլ է տալիս ապրել միմյանց գործերին չխառնվող երկու օրենքներով՝ արտաքին իրողության նկատմամբ իրականության սկզբունքով, իսկ կորստի նկատմամբ՝ «բավականության» սկզբունքով։
- Սուր թախծի փուլ, սա հուսահատության, տառապանքի, կազմալուծման և ռեակտիվ դեպրեսիայի ժամանակաշրջան է։ Սկզբնական շրջանում պահպանվում են և կարող են ուժեղանալ տարբեր մարմնական ռեակցիաներ՝ դժվար շնչառություն, կենսանվազություն (ասթենիա), ստամոքսի դատարկության զգացում, կրծքավանդակի ճնշվածություն, կոկորդի ծանրություն, հոտերի նկատմամբ զգայունության բարձրացում և այլն։ Սա ամենից ծանր տառապանքների, սուր հոգեկան ցավի ժամանակաշրջանն է։ Կարող են ի հայտ գալ տարօրինակ և վախեցնող զգացմունքներ և մտքեր։ Մարդու ներսում առաջանում է դատարկության և անմտության զգացում, հուսահատություն, լքվածության և միայնության զգացում, բարկություն, մեղքի զգացում, վախ, տագնապ և անօգնականություն։ Փոխվում է ուրիշների նկատմամբ վերաբերմունքը։ Կարող է նկատվել ջերմության կորուստ, դյուրագրգռություն, մեկուսանալու ցանկություն։ Ամենօրյա գործունեությունը փոխվում է. դժվար է լինում կենտրոնանալ, դժվար է գործն ավարտին հասցնել, իսկ բարդ կազմակերպված գործունեությունը կարող է ժամանակ առ ժամանակ մատչելի չլինել։ Հենց այս փուլում է կատարվում տխրության աշխատանքի գլխավոր գաղտնիքը, և միայն դա իմանալով է հնարավոր գտնել տարբեր դրսևորումների՝ ինչպես նորմալ, այնպես էլ ախտաբանական վշտի արտասովոր գունեղ պատկերը բացատրելու բանալին։
- «Վերապրուկային հարվածների և վերակազմակերպման» փուլ, այս փուլում կյանքը մտնում է իր սովորական հունի մեջ, վերականգնվում է քունը, ախորժակը, մասնագիտական գործունեությունը։ Կորուստը դադարում է լինել կյանքի ուշադրության կենտրոնում։ Թախծի վերապրումը տեղի է ունենում հաճախակի և ժամանակի ընթացքում հազվադեպ առանձին ցնցումների տեսքով։ Այս վերապրուկային բռնկումները կարող են լինել նույնքան սուր, որքան նախորդ փուլում։ Այս ընթացքում կորուստն աստիճանաբար մտնում է կյանքի մեջ, քանի որ մարդը ստիպված է լինում լուծել բազմաթիվ գործնական խնդիրներ, որոնք ինչ-որ կերպ միախառնվում են ապրումների հետ։
- «Ավարտի» փուլ, վերջին փուլը, որտեղ վշտահարը հաղթահարում է ավարտը դժվարացնող մշակութային որոշ արգելքներ։ Թախծի իմաստն ու խնդիրն այն է, որ կորցրածի (կորուստի) կերպարն զբաղեցնի իր մշտական տեղը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Оксфордский толковый словарь по психологии/Под ред. А.Ребера,2002 г.
- ↑ Lemeignan M., Guitart P.L., Bloch P. Autonomic differentiation of sex basic emotions // Int. J. of Psychophisiol. — 1991. — № 11. — С. 52—53.
- ↑ Линдеманн Э. Клиника острого горя. // Психология эмоций. / Под ред. В.К.Вилюнаса, Ю.Б.Гиппенрейтер.. — Москва: Изд-во Моск. ун-та,, 1984.
- ↑ Малкина-Пых И. Г. Психологическая помощь близким. — Эксмо, 2009.
- ↑ «МКБ 10».
- ↑ Shear M.K., Mulhare E. Complicated grief. — Psychiatric Annals.. — Vol.38, №10, 2008. — С. Р. 662–670..
- ↑ Уманский С.В. «Тяжёлая утрата и горе. Психологические и клинические аспекты».
- ↑ Зигмунд Фрейд Печаль и меланхолия / В.К.Вилюнаса, Ю.Б.Гиппенрейтер.. — Изд-во Моск. ун-та. — 1984..
- ↑ Василюк Ф. Е. Пережить горе. — О человеческом в человеке: сборник / ред. И.Т. Фролов. — М.: Политиздат, 1991.
|