Դալարիկ
Գյուղ | |||
---|---|---|---|
Դալարիկ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի | ||
Գյուղ | Արմավիրի մարզ և Բաղրամյանի շրջան | ||
Այլ անվանումներ | Մաստարա | ||
Մակերես | 30.86 կմ² | ||
ԲԾՄ | 1005 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 3975[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | դալարիկցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Դալարիկ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում։ Գտնվում է մարզկենտրոնից 21 կմ հյուսիս-արևմուտք՝ հարթավայրում։ Հեռավորությունը Երևանից՝ 58 կմ է, իսկ Հայաստանի պետական սահմանից՝ 20 կմ։
Հիմնադրվել է 1901 թ.-ին, երկաթուղու շինարարության ժամանակ և կրել է Մաստարա անվանումը։ Դալարիկ է վերանվանվել 1965 թ.-ի հունվարի 20-ին։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակլիմայական պայմանները՝ չոր ցամաքային։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստան-Վրաստան-Հայաստան կառուցվող երկաթգիծը, որը կառուցվել էր Նիկոլայ երկրորդ ցարի օրոք՝ 1901 թ-ին, հասնում է Մաստարա կիսակայարան (հետագայում այն վերանվանվում է Դալարիկ կայարան)։ Երկաթգծի շահագործումից հետո տարբեր բնակավայրերից մարդիկ գալիս և բնակություն են հաստատում այստեղ։
Առաջին բնակիչները հիմնադիրն էին այս գյուղի։ Հետագայում՝ 1959 թ-ին, գյուղում հիմնադրվում է Սովխոզ տնտեսությունը։ Ախուրյանի ջրամբարի ջրերը հասնում են Դալարիկի խամ ու խոպան հողերը, և տնկվում են հազարավոր հեկտարներ խաղող և մրգատու ծառեր։
Քանի որ գյուղի բնակչությունը քիչ էր, կոմունիստական կուսակցության որոշումով Թալինի շրջանի Շենիկ և Դիան գյուղերի բնակիչները բնակություն են հաստատում Դալարիկում և ստեղծվում է մեծ տնտեսություն։ Տնտեսությունը 1965 թ.-ից սկսած պետությանն էր հանձնում հազարավոր տոննաներ խաղող և տարբեր տեսակի մրգեր։ Դալարիկի ծիրանը վագոններով առաքվում էր Սովետական միության մայրաքաղաք Մոսկվա և շատ ու շատ երկրներ։
Տարիների ընթացքում Դալարիկ են գալիս և մշտական բնակություն հաստատում Ջավախքից, Շիրակի, Արարատի դաշտավայրերի տարբեր գյուղերից, Թալինի շրջանի գրեթե բոլոր գյուղերից։
1984 թ.-ին կառավարության որոշումամբ Դալարիկը Թալինի շրջանի կազմից անցնում նորաստեղծ Բաղրամյանի շրջանի կազմ։
Արդեն 1985 թ.-ին գյուղի բնակչության թիվը հասնում է 4300-ի։ Գյուղի շրջակայքում ստեղծվում է 7 հսկա գործարաններ.
- Բաղրամյանի հացամթերքի արտադրության կոմբինատը, որը մեկ օրում տալիս էր 100 տոննա ալյուր և այլ մթերքներ։
- Երկաթբետոնի կոմբինատը։
- Խարամի առաջին և երկրորդ գործարանները։
- Միջնորմաների սալիկների գործարանները։
- Քարի մշակման գործարանը։
- Ցեմենտի արտադրության գործարանը։
- Երեք հսկա խոզաբուծական համալիրները, որտեղ պահվում էին 130.000 գլուխ խոզ, որոնց արտադրված միսը լիովին բավարարում էր մեր հանրապետությանը։ Մսի մնացած մասը վագոններով առաքվում էր Սովետական Միության մյուս հանրապետություններ։
Այդ տարիներին գյուղը հասել էր զարգացման գագաթնակետին։ Գյուղացին ուներ բնական գազ, էլեկտրաէներգիա, ոռոգելու և խմելու ջուր։ Բնակչության 60-70%-ն ուներ իր առանձնատունը, մնացածին պետությունն իր միջոցներով կառուցում է երկհարկանի և եռհարկ շենքեր ու հանձնում ժողովրդին։
Գյուղն ուներ երկու դպրոց՝ միջնակարգ և ութամյա, երկու մանկապարտեզ, մշակույթի տուն և այլ շինություններ։ Այդ տարիներին գյուղը տվեց տասնյակ շքանշաններ, հերոսուհիներ և այլք։ Արցախյան ազատագրման մարտերում գյուղը տվել է երեք զոհ՝ Ավետիսյան Գագիկ, Հովհաննիսյան Հովհաննես, Սարգսյան Արամ։
1990 թ.-ից սկսած գյուղի շրջակայքի բոլոր գործարանները և խոզաբուծական համալիրները քանդվեցին և վերածվեցին ավերակների։ ժողովուրդը մնաց անաշխատանք և շատերը բռնեցին գաղթի ճանապարհը։ Գյուղից հեռացել են մոտավորապես 800-ից 1000 մարդ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դալարիկի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տարի | 1922 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 45 | 493 | 2413 | 3227 | 4039[3] | 3580 | 3975[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դալարիկի զբաղեցրած տարածքը՝ 3086 հա է, որից՝ 2960.4 հա արոտներ, 1307.7 հա վարելահողեր, 153.5 հա այգիներ։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ,այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ և մեղվաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմամշակութային կոթողներից է՝ Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանը։
2015 թվականին օծվել է Սուրբ Վարդան նորակառույց եկեղեցին[4]։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դալարիկն ունի 1 դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, համայնքային կենտրոն, մանկապարտեզ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 64» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Ապրիլի 6-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 649
- ↑ «Դալարիկ գյուղում օծվեց Սուրբ Վարդան նորակառույց եկեղեցին (տեսանյութ)».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|