Բորա
Բորա | |
---|---|
Տեսակ | fall wind? |
Bora (wind) Վիքիպահեստում |
Բորա, մեծ արագություն ունեցող ցուրտ և պոռթկումներով քամի, որը փչում է ոչ մեծ բարձրություն (1000 մ-ից ոչ ավելի) ունեցող լեռներից դեպի բավական տաք ջրային մակերևույթ[1]։ Բորան հանդիպում է Սև ծովի վրա և Սլովենիայի Ադրիատիկի ափին` Տրիեստի շրջանում, Նոր Երկրում և այլն։
Առաջացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորաների առաջացման պրոցեսում, ի տարբերություն լեռնահովտային քամիների և բրիզների, գլխավոր դերը պատկանում է մթնոլորտի ընդհանուր շրջանառությանը։ Բորան ձևավորվում է հիմնականում ձմռանը, երբ սառը ցամաքի վրա իշխում է անտիցիկլոնը, իսկ տաք ջրավազաններում` ցածր ճնշման գոտին։ Օրինակ, Սև ծովի ափերին նկատվող բորաներն առաջանում են, երբ Ռուսաստանի եվրոպական մասի հարավ-արևելքում հաստատվում է անտիցիկլոն, իսկ Սև ծովի ափին իշխում է մթնոլորտային ցածր ճնշման շրջանը։ Բորաների առաջացման համար կարևոր է ոչ միայն ռելիեֆի բազմազանությամբ, այլ անհրաժեշտ է բավական մեծ բարիկական գրադիենտ։ Լեռնալանջերից իջնող օդային հոսքերն ուժեղանում են լանջերի թեքության պատճառով, արդյունքում մեծանում է օդային զանգվածների կինետիկ էներգիան։
Բորան Նովոռոսիյսկում, ինչպես և Ադրիատիկում, առաջանում է այն դեպքում, երբ ցուրտ ճակատը մոտենում է առափնյա լեռնաշղթային հյուսիս-արևելքից։ Օդը, ծանրության ուժի ազդեցությանբ իջնելով լեռնաշղթայով ներքև, ձեռք է բերում մեծ արագություն։ Նովոռոսիյսկում բորայի դեպքում քամու արագությունը հունվարին միջինը գերազանցում է 20 մ/վ-ը[1]։ Հասնելով ջրի մակերևույթ` վարընթաց քամին բերում է ուժեղ ալիքավորում։ Այդ դեպքում կտրուկ նվազում է օդի ջերմաստիճանը, որը մինչև բորայի սկսվելը տաք ծովի վրա եղել է բավական բարձր։
Իջնելով ներքև, բորայի օդը տաքանում է ադիբադիկ օրոնքով։ Սակայն, լեռնաշղթայի բարձրությունը մեծ չէ, իսկ թափանցող ցուրտ օդի սկզբնական ջերմաստիճանն ավելի ցածր է ծովի վրա ավելի վաղ գտնվող օդի ջերմաստիճանի համեմատ։ Արդյունքում, այնտեղ, որտեղ թափանցում է բորան, ջերմաստիճանը նվազում է։ Նովոռոսիյսկում պատահել է, որ բորայի դեպքում ջերմաստիճանը նվազել է 25 °C և ավելի։ Նովոռոսիյսկի բորան մարում է ծովի վրա` մի քանի կիլոմետր հեռու քաղաքից։ Սակայն, Ադրիատիկի վրա բորան որոշակի սինօպտիկական իրադրություններում ընդգրկում է ծովի զգալի մասը։
Բնութագրիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորաների ժամանակ քամու արագությունը հասնում է մինչև 40 մ/վ, իսկ առանձին պոռթկումների ժամանակ` մինչև 60 մ/վ[1]։ Լեռան լանջից այդպիսի արագությամբ ցած իջնող օդային հոսքի ուղղաձիգ հզորությունը հասնում է մոտ 200 մ-ի։ Հատկապես ուժեղ է ճակատային բորան, որը պայմանավորված է ցուրտ ճակատի ազդեցությամբ։ Լինում են դեպքեր, երբ բորան տևում է մեկ շաբաթից ավելի։ Բորաները սովորաբար ուղեկցվում են օդի ջերմաստիճանի խիստ անկումներվ` մինչև -20–25 °C: Նովոռոսիյսկում տարվա մեջ դիտվում է միջինը 46 օր, ամենից առաջ նոյեմբերից մարտ շրջանում։ Բորայի տևողությունը կազմում է 1-3 օր, հազվադեպ` մինչև շաբաթ[2]։
Բորայի ժամանակ նավարկելիս կարող են ձևավորվել կարճ և բարձր ալիքներ, որոնք ստեղծում են դժվարություններ, ուստի հարկավոր է ցուցաբերել որոշակի զգուշավորություն։ Քամու կողմից առաջացած փոքր կաթիլները առաջացնում են «ծովային մշուշ», որը զգալիորեն նվազեցնում է տեսանելիությունը։ Փորձառու նավաստիները ունեն այսպիսի ասացվածք. «Երբ բորան է նավարկում, դու մի' նավարկիր»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գ. Ա. Ալեքսանդրյան, Օդերևութաբանություն և կլիմայագիտություն, Երևան, 1980 թ.
- Թ. Գ. Վարդանյան, Վ. Գ. Մարգարյան, Օդերևութաբանություն և կլիմայագիտություն, Երևան, 2014 թ.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 528)։ |