Jump to content

Բյուջե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բյուջե
Տեսակմասնագիտություն և հետազոտության թեմա
Ենթատեսակfinancial plan?

Բյուջե տերմինն առաջացել է անգլերեն «Budget» բառից, որը նշանակում է դրամապանակ, պայուսակ, կաշվե պարկ, փողով լի պարկ։ Սակայն նման բառացի թարգմանությունը չի բնորոշում բյուջեի էությունը և տնտեսական բովանդակությունը։ Որոշակի օբյեկտի ֆինանսական եկամուտների և ծախսերի պլան՝ (ընտանիքի, գործունեության, ձեռնարկության, պետության և այլն), որը սահմանվում է ճշգրիտ ժամանակահատվածի համար, սովորաբար 1 տարով։ Բյուջեն դա կարևոր հասկացություն է ինչպես միկրոէկոնոմիկայում, այնպես էլ՝ մակրոէկոնոմիկայում, (պետական բյուջե)։ Բյուջեի ուսումնասիրմամբ զբաղվում է ֆինանսների գիտությունը։ Ցանկացած հասարակարգում բյուջեն տվյալ պետության դրամական միջոցների համապետական ֆոնդի գոյացման և օգտագործման հիմնական ֆինանսական պլանն է (եկամուտների և ծախսերի հաշվեկշիռը):

Բյուջեն կարևոր դեր է խաղում հասարակական ամբողջական արդյունքի, մասնավորապես, ազգային եկամտի բաշխման ու վերաբաշխման գործում։ Բյուջեի եկամուտների ձևավորման հիմնական աղբյուրը ազգային եկամուտն է։ Բյուջեի միջոցով նյութական արտադրության ոլորտում ստեղծված ազգային եկամտի բաշխման կամ վերաբաշխման հիման վրա ձևավորվում են կենտրոնացված ֆոնդեր, որոնք ուղղվում են ոչ արտադրական ոլորտի պահպանման ծախսերը ֆինանսավորելուն;

Բյուջեն ֆինանսավարկային համակարգի հիմնական և առաջատար օղակն է։ Այն ծառայում է որպես ֆինանսական կառավարման լծակ և վճռական դեր է խաղում տնտեսության մակարդակով արժեքային համամասնությունների ձևավորման ու կարգավորման, ինչպես նաև տնտեսության վերակառուցման և կառուցվածքային փոփոխությունների գործնական խնդիրների լուծումն անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներով ապահովելու գործում։ Բյուջեի միջոցով է կառավարությունն իրականացնում ֆինանսական ներգործություն գիտատեխնիկական առաջընթացի խթանման, տնտեսական և սոցիալական նոր ենթակառուցվածքների ստեղծման ու զարգացման, առանձին ժամանակահատվածներում տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու, կայունացնելու և այլ ծրագրերի մշակման ու կենսագործման վրա։

Հաշվեկշռված նախահաշիվ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հերթական ժամկետի համար կազմված պետության դրամական եկամուտների և ծախսերի գրանցում (ցուցակ)։
  • Որոշակի ժամկետով ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կամ առանձին անձանց եկամուտների և ծախսերի պլան։
  • Ժամանակի ծախսումների բաշխում (օրինակ՝ օր, տարի և այլն), ըստ նրա օգտագործման տեսակների՝ առանձին անձանց, ընտանիքների կամ ազգաբնակչության խմբերի։

Ընտանիքի բյուջե

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքի փաստացի եկամուտների և ծախսերի հաշվեկշիռ, ցույց է տալիս աշխատավորության տարբեր սոցիալական խմբերի ապրուստի միջին մակարդակը։ Ընտրանքային մեթոդով գրանցվում են բանվորների, ծառայողների և կոլտնտեսականների ընտանիքների՝ տարվա ընթացքում կատարված ծախսերը՝ համապատասխան խմբավորումներով (պարենային, ապրանքներ, ծառայություններ) և նշվում եկամուտները՝ ըստ աղբյուրների։ Եկամտային մասում լրիվ չեն արտահայտվում մուտքերը հասարակական ֆոնդերից (անվճար բուժսպասարկում, ուսուցում, արտոնյալ պայմաններով բնակելի տարածության հատկացում և այլն)։ Այս կարգի բյուջետային ուսումնասիրության արդյունքները մի շարք տարիների համար պարզում են երկրի ամբողջ բնակչության կենսամակարդակի բարձրացման ընթացքը՝ ըստ առանձին սոցիալական խմբերի և օգտագործվում որպես ժողովրդի տնտեսության պլանավորման հավաստի աղբյուր։ Սովետական Հայաստանում 1930-ական թվականների կեսերից բյուջետային ուսումնասիրությունները կատարվում են սիստեմատիկաբար՝ յուրաքանչյուր տարի։ Տարեցտարի ընդլայնվում է ինչպես ցուցանիշների համակարգը, այնպես էլ ուսումնասիրվող տնտեսությունների թիվը, որի շնորհիվ բարձրանում է ընտանիքի ներկայացուցչականության աստիճանը և ավելի որոշակի պարզվում բնակչության կենսամակարդակի շարժման ընթացքը։

Պետական բյուջե

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական բյուջե՝ պետության կարևորագույն ֆինանսական փաստաթուղթը։ Պետության դրամական եկամուտների և ծախսերի հաշվեկշիռ, որ կազմվում է որոշակի ժամանակահատվածի (սովորաբար մեկ տարվա) համար։ Պետական բյուջերի էությունը որոշվում է հասարակության տնտեսական կարգով, պետության բնույթով ու ֆունկցիաներով։ Կապիտալիստական երկրների պետական բյուջեն ենթակա է արտադրության տարերային օրինաչափություններին, ուստի այն հանդես է գալիս որպես կողմնորոշիչ, մոտավոր նախահաշիվ։ Անկումներն ու ճգնաժամերը կրճատում են պետական բյուջեի եկամուտների մուտքերը՝ միաժամանակ առաջացնելով ծախսերի աճը։ Պետական բյուջեի անկայունությունը դրսևորվում է նաև նրա հաճախակի դեֆիցիտով, որը կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի ժամանակաշրջանում դառնում է մշտատև։ Բուրժուական պետությունն ակտիվորեն թափանցում է էկոնոմիկայի ոլորտը՝ ներգործելով վերարտադրության պրոցեսի տարբեր կողմերի վրա։ Կենտրոնացնելով ազգային եկամտի զգալի մասը՝ պետությունն իրագործում է էկոնոմիկայի կարգավորիչի իր դերը և ազգային եկամուտը վերաբաշխում հօգուտ մոնոպոլիաների՝ ռազմական պատվերների, պետական բյուջեի սպառման և այլնի միջոցով։ Մեծանում է պետության ձեռքին կենտրոնացվող և բյուջեի միջոցով վերաբաշխվող ազգային եկամտի բաժինը։ Այսպես, 20-րդ դարի սկզբներին զարգացած կապիտալիստական երկրներում պետությունը բյուջեում կենտրոնացնում էր ազգային եկամտի 5-10 %-ը, իսկ 60-ական թվականների վերջին արդեն՝ 30-45 %-ը։ Մի շարք կապիտալիստական երկրներում պետական բյուջեի միջոցով ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորվում է հիմնական կապիտալի բոլոր ներդրումների 1/3-ից մինչև կեսը։ Բյուջեի եկամուտների գլխավոր աղբյուրը ուղղակի կամ անուղղակի հարկերն են, որոնք կազմում են բյուջետային բոլոր եկամուտների 85-95 %-ը և հիմնականում ընկնում են բանվոր-ծառայողների, գյուղացիների (ֆերմերների) և մանր բուրժուազիայի վրա։ Ոչ հարկային եկամուտները (5-15 %) ստացվում են ձեռնարկություններից, պետական ունեցվածքից և այլն։ Բյուջեի եկամուտների աղբյուր են նաև պետական փոխառություններն ու թղթադրամի էմիսիան։ Պետական բյուջեի ծախսերի մեջ հիմնականը ուղղակի և անուղղակի ռազմական ծախսերն են, որոնք որոշ կապիտալիստական երկրներում կլանում են բյուջեի համարյա 50 %-ը։ Զգալի բաժին են կազմում պետական պարտքերի դիմաց վճարվող տոկոսները։ Խոշոր ծախսեր են կատարվում պետական ձեռնարկությունների, ճանապարհների, կամուրջների, նավահանգիստների, լուսավորության, առողջապահության և այլ հիմնարկությունների շինարարության վրա, ինչպես նաև ազգայնացված ձեռնարկությունների նախկին տերերին փոխհատուցելու համար։ Գիտատեխնիկական հեղափոխության պայմաններում աճում են գիտական հետազոտությունների վրա կատարվող ծախսերը։ Զարգացած կապիտալիստական երկրներում այդ ծախսերի 60-70 %-ը կատարվում է պետական բյուջեի հաշվին։ Խոշոր միջոցներ են օգտագործվում արտահանման խրախուսման, արտասահմանյան երկրներին վարկեր տրամադրելու նպատակով։ Զգալի միջոցներ է կլանում պետական ապարատը։ Կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ծախսերը համեմատաբար փոքր են, սակայն դասակարգային պայքարի և որակավորված աշխատուժի նկատմամբ պահանջի մեծացմամբ դրանք աճում են։ Ունիտար (միացյալ) պետություններում (Անգլիա, Ֆրանսիա և այլն) պետական բյուջեն կազմված է պետական բյուջեից և տեղական ինքնավար մարմինների բյուջեներից, ֆեդերատիվ պետություններում՝ կենտրոնական ֆեդերալ բյուջեից, ֆեդերացիայի անդամների բյուջեներից (ԱՄՆ, Շվեյցարիա,) և տեղական բյուջեներից։ Առանձնահատուկ գծեր ունեն զարգացող երկրների պետական բյուջեները, որոնց զգալի մասը (մոտ 50%-ը) օգտագործվում է ազգային էկոնոմիկայի զարգացման, պետական սեկտորի ընդլայնման, սոցիալ-կուլտուրական շինարարության, գաղութատիրության հետևանքները վերացնելու և անկախ էկոնոմիկա ստեղծելու համար։ Սոցիալիստական երկրների պետական բյուջեները պետության կենտրոնացված դրամական ֆոնդերի ստեղծման և օգտագործման հիմնական ֆինանսական պլանն է։ Բյուջեի միջոցները պլանային կարգով օգտագործվում են հասարակական արտադրության ընդլայնման, ժողովրդի նյութական և կուլտուրական պահանջմունքների, երկրի պաշտպանունակության ամրապնդման ու պետական ապարատի պահպանման համար։ Բյուջետային համակարգի կազմը որոշվում է տվյալ երկրի պետական կառուցվածքով։

Աստիճանաբար բարձրացվում է չհարկվող աշխատավարձի նվազագույն չափը։ Ձեռնարկությունների և կազմակերպությունների վճարումներն ըստ բնույթի և ձևավորման աղբյուրների կարող են լինել՝

  • Վճարումներ ըստ շրջանառության (շրջանառության հարկ և հարկ դիտավայրերից)
  • Վճարումներ շահույթից և եկամուտներից (ֆոնդավճար, հաստատագրված վճարներ, շահույթի ազատ մնացորդից մասհանում, եկամտահարկ կոպերատիվ ձեռնարկություններից, կոլտնտեսություններից ու հասարակական կազմակերպություններից)
  • Եկամուտներ պետական գույքից (անտառային եկամուտ, բնակելի տնտեսությունից ստացվող եկամուտներ, վարձակալական վճար և այլն)
  • Գանձույթներ և վճարումներ պետական կազմակերպությունների ծառայությունների դիմաց (պետական միատուրք, մաքսավճար, պետավտոտեսչության գանձույթ և այլն)։

Տեղական բյուջե

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական բյուջեների եկամուտների աղբյուրներն են՝ տեղական ենթակայության ձեռնարկությունների շահույթից վճարումները, պետական միատուրքը, դիտավայրերից հարկը և այլ տեղական նշանակություն ունեցող եկամուտները։ Բացի այդ, տեղական բյուջեներին մասհանումներ են կատարվում ընդհանուր միութենական պետական եկամուտներից ու հարկերից՝ հանրապետության բյուջեի հաստատման մասին օրենքով նախատեսվածի չափերով։ Գործող օրենսդրության համաձայն, վերադաս բյուջեն կարգավորում է ստորադասը։ Տվյալ տերիտորիայում մուտք գործող ընդհանուր միութենական պետական եկամուտների ու հարկերի մի մասը, հավասարակշռման նպատակով, վերադաս բյուջեից մասհանումների ձևով տրամադրվում է ստորադաս օղակներին, որը կոչվում է բյուջետային կարգավորում, իսկ հատկացված գումարները՝ կարգավորող եկամուտներ։ Դրանց թվին են պատկանում մասհանումները շրջանառության հարկից, բնակչության եկամտահարկից, 3-տոկոսանոց ներքին շահող փոխառությունների ու միութենական նշանակություն ունեցող մյուս եկամուտների մուտքերից։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ». www.parliament.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 24-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 476
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյուջե» հոդվածին։